Լուրեր
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշ
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ:
Պատճառները
ԿՔՑՀ համարվում է 3 ամսից ավելի տևող կոնքի շրջանի տարբեր ինտենսիվության ցավը՝ հաճախացած, ցավոտ միզարձակմամբ, սեռական ոլորտի խնդիրներով: Բացակայում է որևէ ինֆեկցիոն գործընթաց:
Իրական պատճառները դեռևս պարզված չեն, սակայն ենթադրվում է, որ այստեղ դեր են խաղում օրգանիզմի տարբեր համակարգերի կողմից խանգարումները.
- իմունային,
- նյարդային,
- ներզատական։
Պաթոգենեզ
Ախտաբանությանը կարող են նպաստել հետևյալ գործոնները.
- կենտրոնական սենսիբիլիզացիա,
- սենսոր (զգացողական) ուղիների գործունեության խանգարում՝ վայրէջ տիպի,
- ներզատական ազդեցություն,
- հոգեբանական ազդեցություն,
- գենետիկ խնդիր,
- միոֆասցիալ լավածության ազդեցություն։
Շագանակագեղձի բորբոքումների դասակարգումը.
- սուր կամ քրոնիկ ախտաբանություն՝ բակտերիալ բնույթի, հիմքում ուրոպաթոգեն վարակն է․ այս տիպի պրոստատիտը հեշտ է ենթարկվում անտիբակտերիալ բուժման,
- ոչ բակտերիալ բնույթի բորբոքում, քրոնիկ ախտաբանություն (3 տիպ). բարորակ վիճակ է, արտահայտվում է քրոնիկ նոպայաձև ցավերով, որոնք շարունակվում են 3 ամսից ավելի,
- բորբոքային խնդիր՝ առանց ուղեկցող ախտանշանների (4 տիպ):
Տղամարդկանց քրոնիկ կոնքային ցավերի և քրոնիկ պրոստատիտի համախտանիշի պատճառները դեռևս պարզված չեն:
Ախտորոշում
Անամնեզ, զննում և հետազոտություններ.
- ՈՒՁՀ,
- ուրետրոգրաֆիա՝ ռետրոգրադ տիպի,
- ՄՌՏ,
- կենսաբանական նմուշի հետազոտություն՝ վարակը ժխտելու նպատակով,
- ցիստոսկոպիա,
- դոպլերոգրաֆիա,
- ուրոֆլոումետրիա։
Այս հետազոտություններն օգնում են գնահատել կոնքի օրգանների վիճակը, հայտնաբերել ուղեկցող ախտաբանությունները:
Բուժումը
Կոնքի շրջանի քրոնիկ ցավի թերապիան տղամարդկանց մոտ հիմնականում կոնսերվատիվ է: Զուգակցվում են դեղորայքը, ֆիզիոթերապիան և հոգեթերապիան:
Դեղորայքից օգտագործվում են տարբեր զուգակցումներ հետևյալ խմբերից.
- հակաբիոտիկներ,
- հորմոններ,
- հակասնկային պատրաստուկներ,
- ալֆա-ադրենոբլոկատորներ,
- ոչ ստերոիդ հակաբրբոքիչներ,
- անգիոպրոտեկտորներ,
- հակաօքսիդանտներ,
- դեզագրեգատներ,
- միոռելաքսանտներ,
- վիտամիններ,
- նեյրոպրոտեկտորներ։
Եթե բուժող բժիշկը, ի վերջո, դիմում է վիրահատական միջամտության, ապա իրականացվում են.
- պրոստատի տրանսուրետրալ տիպի ռեզեկցիա,
- ռադիկալ պրոստատէկտոմիա։
Կանխարգելում
- Հետևել առողջ ապրելակերպի։
- Վարել կանոնավոր սեռական կյանք, խուսափել պատահական կապերից։
- Ախտաբանական խնդիրների դեպքում ժամանակին դիմել բժշկի։


