Լուրեր
Ինչո՞ւ են տղամարդիկ ավելի ծանր տանում հիվանդությունները
Այս թեմայով անթիվ կատակներ են հնչել․ թվում է՝ տղամարդիկ ուժեղ սեռն են, բայց հենց ջերմությունը մի փոքր բարձրանում է, նրանք կարծես մահանում են։ Կանայք էլ հաճախ նրանց համարում են չափազանց զգայուն ու եսասեր։ Բայց, իրականում, տղամարդիկ հիվանդության ժամանակ, իսկապես, ավելի շատ են տառապում, քան իրենց զուգընկերուհիները։ Եվ սա գիտականորեն ապացուցված է։
Ինչո՞վ է պայմանավորված սեռերի նման անհավասարությունը։
1․ Մարմնի ջերմաստիճանը
Պարզվում է, որ տղամարդկանց մոտ մարմնի նորմալ ջերմաստիճանը միջինում կես աստիճանով ավելի ցածր է, քան` կանանց մոտ։ Եվ բնական է, որ երբ հիվանդության դեպքում ջերմաստիճանը բարձրանում է, տղամարդիկ իրենց ավելի վատ են զգում, քան` կանայք, որոնք անգամ 38°C ջերմության պայմաններում շարունակում են տնային գործերով զբաղվել կամ, նույնիսկ, աշխատանքի գնալ։
2․ Քրտնարտադրություն
Տղամարդիկ ավելի շատ են քրտնում, քան` կանայք։ Նույն պայմաններում նրանց մոտ քրտնարտադրությունը միջինում կրկնակի ավելի է։ Դրա հետևանքով, բարձր ջերմության ժամանակ, քրտնարտադրությունը հանգեցնում է գլխապտույտի և ուժեղ թուլության զգացողության։
3․ Իմունիտետ
Ապացուցվել է, որ տղամարդիկ ունեն ավելի թույլ իմունային համակարգ՝ համեմատած կանանց հետ։ Կանանց օրգանիզմը հիվանդության ժամանակ արտադրում է ավելի շատ լիմֆոցիտներ (բջիջներ, որոնք պայքարում են հիվանդածին մանրէների դեմ)։ Սա պայմանավորված է հորմոնալ ֆոնով՝ հատկապես էսթրոգենով (կանացի սեռական հորմոնով), որն ուժեղացնում է իմունիտետը։ Ահա թե ինչու կանայք ավելի հեշտ են տանում վարակիչ հիվանդությունները, այդ թվում՝ մրսածությունը, և ավելի արագ են վերականգնվում։
4․ Կրկին` հորմոնները
Տղամարդու սեռական հորմոն՝ տեստոստերոնը, որը տղամարդուն «տղամարդ» է դարձնում, միևնույն ժամանակ, պատասխանատու է «վատ» խոլեսթերինի մակարդակի բարձրացման համար։ Այդ խոլեսթերինը կուտակվում է անոթներում և հանգեցնում է սրտային հիվանդությունների և կաթվածի։ Իսկ կանանց մոտ էսթրոգենները, ընդհակառակը, խոչընդոտում են վատ խոլեսթերինի կուտակմանը՝ բարձրացնելով «լավ» խոլեսթերինի մակարդակը։
Բացի այդ, սեռական հորմոններն ազդում են նաև ցավի հանդեպ զգայունության վրա։ Էսթրոգեններն այն հորմոններն են, որոնք թուլացնում են ցավի զգացողությունը կանանց մոտ։ Եթե տղամարդիկ ծննդաբերեին, նրանց մեծ մասը ցավային շոկին պարզապես չէին դիմանա։
5․ Կյանքի ոճ
Գաղտնիք չէ, որ վնասակար սովորությունները՝ ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը, ավելի բնորոշ են տղամարդկանց։ Բացի այդ, նրանք, սովորաբար, քիչ են մտածում առողջության մասին, անուշադրության են մատնում առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և պարբերական բուժզննումները։ Իսկ բժշկի մոտ գնում են միայն այն ժամանակ, երբ հիվանդությունը լիովին դրսևորվել է և այլևս հնարավոր չէ դիմանալ։ Արդյունքում՝ տղամարդիկ ավելի հաճախ ու ծանր են հիվանդանում։
6․ Սթրեսի դիմացկունություն
Այս հարցում նույնպես կանայք առաջատար են։ Տղամարդիկ ավելի ցածր դիմադրողականություն ունեն սթրեսների նկատմամբ։ Միգուցե սա կապված է դաստիարակության հետ։ Տղաներին ասում են․ «Դու տղամարդ ես, պետք է լաց չլինես, պետք է դիմակայես ամեն ինչ»։
Այսպիսով` նրանց ներսում կուտակվում են բոլոր բացասական հույզերը, ինչը հետագայում հանգեցնում է տարբեր հիվանդությունների։ Ինչպես ասում են՝ «բոլոր հիվանդությունները նյարդերից են»։ Կանայք այս հարցում առավելություն ունեն՝ նրանք կարող են լաց լինել, արտահայտել և այդպես ազատվել բացասական հույզերից։
Այո՛, տղամարդիկ առողջության հարցում այնքան էլ «ուժեղ սեռ» չեն։ Եվ հենց այս տարբերություններն ուսումնասիրում է համեմատաբար նոր գիտություն՝ գենդերային բժշկությունը։


