«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Հազի դեպքում հակաբիոտիկ խմե՞լ, թե՞ չխմել

Հազի դեպքում հակաբիոտիկ խմե՞լ, թե՞ չխմել

Հազը բազմաթիվ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ախտանիշ է։ Այն, սովորաբար, դասակարգվում է որպես չոր և թաց: Բացի այդ, ըստ բնորոշ նշանների, հազը կարող է լինել խուլ, հնչեղ, թուլացած, անձայն և խռպոտ:


Անհնար է ինքնուրույն որոշել հազի ճշգրիտ պատճառը: Հակաբիոտիկների անվերահսկելի օգտագործումը ո՛չ միայն չի լուծում խնդիրը, այլեւ վատթարացնում է իրավիճակը՝ դեղերի նկատմամբ առաջացնելով ռեզիստենտականություն։ Հետազոտությունների հիման վրա մասնագետը կորոշի հազի պատճառները և կընտրի բուժման արդյունավետ մեթոդը:


Հազի ամենատարածված պատճառներից է հետքթային արտահոսությունը: Այն առաջանում է սուր շնչառական վիրուսային վարակների ժամանակ, երբ քթի խոռոչից լորձը հոսում է կոկորդի հետևով։ Սա առաջացնում է գրգռվածություն, արդյունքում՝ հազ։ Այս դեպքում հակաբիոտիկային թերապիա չի պահանջվում, ցուցված է ախտանշային բուժում` ուղղված քթի խոռոչի լորձաթաղանթի այտուցը թեթևացնելուն և լորձի արտադրության նվազեցմանը: Այս պարագայում կօգնի շատ հեղուկներ խմելը, սենյակում խոնավության պահպանումը, կանոնավոր օդափոխությունը և քիթը իզոտոնիկ ծովի ջրի լուծույթներով ցողելը:


Հազի պատճառ կարող է լինել ռեֆլյուքսային էզոֆագիտը, որն ուղեկցվում է այրոցով, կերակրափողից օդի կամ սննդի ակամա դուրս մղումներով` բխկոցներով: Լրացուցիչ ռիսկի գործոն է ավելորդ քաշը: Այս դեպքում անհրաժեշտ է գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն։ Եթե հետազոտությունների արդյունքում ստամոքսում չեն հայտնաբերել Helicobacter pylori մանրէներ, ապա հակաբիոտիկային բուժում չի պահանջվում:


Վերոնշյալ ախտանիշները կարող են վկայել նաև ասպիրացիոն թոքաբորբի մասին: Այն առաջանում է պինդ սննդի մասնիկների կամ հեղուկի օդային ուղիներ մտնելու արդյունքում։ Ռիսկի խմբում են գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսով և կերակրափողի հիվանդություններով տառապողները, ալկոհոլը չարաշահող, կարիես ունեցող և բերանի խոռոչի հիգիենան ճիշտ չպահպանող մարդիկ։ Ասպիրացիոն թոքաբորբի բուժման հիմնական միջոցը հակաբիոտիկներն են: Թերապիան նշանակվում է ռենտգեն հետազոտությունների արդյունքների հիման վրա:


Հազ կարող է առաջանալ ալերգենների հանդեպ ռեակցիայի դեպքում, ինչը կարող է վկայել բրոնխիալ ասթմայի զարգացումը, որը հակաբիոտիկ թերապիա չի պահանջում: Այս դեպքում անհրաժեշտ է թոքաբանի խորհրդատվություն։


Առավել հաճախ հազը վարակի ախտանիշ է: Արդյունավետ բուժման մարտավարություն մշակելու համար անհրաժեշտ է որոշել վարակի բնույթը։ Եթե այն վիրուսային բնույթ ունի, հակաբիոտիկները չեն օգնի։ Այնուամենայնիվ, բակտերիալ վարակների դեպքում հակաբիոտիկները թերապիայի հիմքում են:


Վերոնշյալ թվարկվածներից զատ, կան հազի տասնյակ պատճառներ, որոնք չեն պահանջում հակաբիոտիկային թերապիա։ Եթե բաց գույնի խորխ է արտազատվում, և մարմնի ջերմությունը նորմայի սահմաններում է, ապա հակամանրէային դեղերի կիրառումը` դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում, տեղին չէ:


Ցուրտ եղանակներին հազը կարող է ուղեկցվել մինչև 39˚C ջերմությամբ և գրիպի նման այլ ախտանիշներով: Եթե վիճակը բարելավվում է հիվանդության 3-րդ կամ 4-րդ օրը, հակաբիոտիկները չեն պահանջվում: Հակաբակտերիալ թերապիա, սովորաբար, չի պահանջվում նաև, եթե հազն առաջանում է միայն մարմնի դիրքը փոխելիս։


Այնուամենայնիվ, որոշ իրավիճակներում հակաբիոտիկներն անփոխարինելի են, օրինակ, թոքերի և վերին շնչուղիների քրոնիկ հիվանդությունների ժամանակ, կամ, եթե մարդը շփվել է բակտերիալ վարակ ունեցող անձի հետ և ունի բարձր ջերմություն, իմունային անբավարարություն, եթե բացի հազից, գանգատվում է նաև երեկոյան ժամերին ջերմությունից, գիշերային քրտնարտադրությունից, շնչահեղձությունից, կրծքավանդակի շրջանում ցավերից:


Պետք է հիշել, որ հակաբիոտիկային թերապիան կարող է նշանակել միայն բժիշկը: Անվերահսկելի ինքնաբուժումը հանգեցնում է ախտածինների կայուն շտամների ձևավորմանը` դժվարացնելով բուժումն ու հանգեցնելով լուրջ հետևանքների:

26.03.2025