Լուրեր
Ինչպե՞ս է յոդն ազդում վահանաձև գեղձի առողջության վրա

Վահանաձև գեղձի առողջության պահպանման կարևոր պայման է յոդի բավարար մակարդակն օրգանիզմում։ Այս բաղադրիչը պատասխանատու է նյութափոխանակության գործընթացների մեծ մասի համար և ունի կենսական նշանակություն: Այն ո՛չ միայն մասնակցում է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզմանը, այլև դրանց կառուցվածքային տարրն է։ Ուստի ամբողջ էնդոկրին համակարգի բնականոն գործունեության համար կարևոր է կանխել օրգանիզմում յոդի անբավարարությունը:
Յոդի գործառույթները
Յոդի ընդունման հիմնական աղբյուրները սնունդն ու ջուրն են։ Վերածվելով յոդիդի (անիոնի)՝ օրգանիզմում կատարում է մի շարք կարևոր գործառույթներ։ Յոդը պատասխանատու է հյուսվածքների և օրգանների աճի և զարգացման համար, մեծացնում է կենսաքիմիական ռեակցիաների արագությունը, էներգիայի, սպիտակուցների, ճարպերի և վիտամինների նյութափոխանակության կարգավորիչ է և բարելավում է թթվածնի ներթափանցումը հյուսվածքներ:
Եթե յոդի քանակն օգնանիզմում անբավարար է
Հաշվի առնելով ԱՀԿ առաջարկությունները՝ չափահաս մարդու համար յոդի օրական չափաբաժինը 150 մկգ է, որն ապահովում է օրգանիզմի ամենօրյա կարիքները։ Վահանաձև գեղձի ֆոլիկուլյար բջիջները սինթեզում են սպիտակուց, որն արյունից յոդը տեղափոխում է բջիջներ, որտեղ այն կուտակվում և պահվում է։ Հետագայում դրա օգնությամբ սինթեզվում են վահանաձև գեղձի հորմոններ։ Յոդի անբավարարության դեպքում չեն սինթեզվում բավարար քանակությամբ թիրոքսին և տրիյոդոթիրոնին, ինչի արդյունքում վահանձև գեղձը մեծանում է, զարգանում է զոբ հիվանդությունը: Մշտական անբավարար յոդի ցածր մակարդակը կարող է առաջացնել հիպոթիրեոզ:
Յոդի անբավարարության վերականգնումը հատկապես կարևոր է հղիության ընթացքում, ինչի պակասը բացասաբար է անդրադառնում պտղի և, ապագայում` նորածնի առողջության վրա։ Ապագա մոր օրգանիզմում յոդի ցածր մակարդակը խաթարում է երեխայի նյարդային համակարգի նորմալ զարգացումը։ Մեծահասակների մոտ յոդի երկարատև անբավարարությունն առաջացնում է քրոնիկ հոգնածության զգացում, արագ հյուծվածություն, դյուրագրգռություն և ապատիա:
Եթե յոդի անբավարարության կասկածներ կան
Եթե առաջանում են կասկածներ` կապված յոդի անբավարարության հետ, հարկ է դիմել մասնագետի: Հետազոտությունների և լաբորատոր քննությունների հիման վրա նա կնշանակի համապատասխան թերապիա: Առանց բժշկի վերահսկման յոդի պատրաստուկների անվերահսկելի ընդունումը վտանգավոր է, քանի որ դեղաչափը պետք է համապատասխանի հիվանդի մոտ ախտաբանության զարգացման աստիճանին:
Յոդի պակասի կանխարգելում
Յոդն օրգանիզմում չի սինթեզվում, այն համալրվում է բացառապես սննդի միջոցով: Դրա անբավարարությունը կանխելու արդյունավետ կանխարգելիչ և անվտանգ մեթոդ է կերակրի աղը յոդացված աղով փոխարինելը։ Օգտագործելով այն կերակուրների մեջ ամբողջ կյանքի ընթացքում, հնարավոր է պահպանել վահանաձև գեղձի առողջությունը:
Յոդը ցնդելու հատկություն ունի, ուստի նախընտրելի է աղը գնել պոլիէթիլենային կամ փայլաթիթեղի փաթեթավորմամբ, այլ ոչ թե` թղթի: Աղը պահելու համար հարկ է օգտագործել ամուր կափարիչով տարա: Սննդի մեջ յոդի առավելագույն մակարդակը պահպանելու համար աղը պետք է սննդին ավելացնել պատրաստման ավարտին։
Օգտակար է նաև սննդակարգում ներառել ծովաձուկ, ծովախեցգետին և ջրիմուռ: