Լուրեր
Կվինկեի այտուց
Կվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի շրջակա հյուսվածքներ՝ առաջացնելով այտուց: Այն զարգանում է ալերգենի հետ կրկնակի կապի դեպքում: Ռեակցիայի հիմքում ընկած է իմունային համակարգի ակտիվացումը, երբ արտադրվում են բորբոքային մեդիատորներ:
Այդ նյութերի ազդեցությամբ լայնանում են անոթները, բարձրանում է նրանց թափանցելիությունը և ակտիվանում են նեյտրոֆիլները: Հենց դա էլ նպաստում է մազանոթներից մեծ քանակի արյան հեղուկ մասի դուրս գալուն և այտուցների առաջացմանը:
Պատճառից կախված տարբերում են անգիոնևրոտիկ այտուցի երեք տեսակ.
- Ալերգիկ անգիոնևրոտիկ այտուց – զարգանում է որպես սննդային, կենդանական և բուսական ալերգենների նկատմամբ ռեակցիա
- Իդիոպաթիկ անգիոնևրոտիկ այտուց – պատճառը սթրեսներն են կամ ինֆեկցիաները
- Դեղորայքային անգիոնևրոտիկ այտուց –որոշ դեղերի ընդունման կողմնակի ազդեցություն է
Ալերգիկ պատճառներից բացի կա և ոչ ալերգիկ բնույթի գործոն՝ ժառանգականությունը:
Կվինկեի ժառանգական անգիոնևրոտիկ այտուցը զարգանում է ֆերմենտ-ինհիբիտոր С1-ի անբավարարություն ունեցողների մոտ:
Այդ դեպքում այտուցը տարածվում է դեմքի, լեզվի, կոկորդի և աղիների շրջանում: Մաշկի քոր, կարմրություն, չի նկատվում, պալպացիայի ժամանակ ցավը բացակայում է: Այս այտուցը որևէ կապ չունի եղնջացանի հետ, բայց երբեմն մաշկին կարող է հայտնվել մանր կետային կարմիր ցան: Նպաստող գործոններ են ալկոհոլի ընդունումը, վնասվածքը (տրավմա), հորմոնալ խանգարումները, հուզական (էմոցիոնալ) լարվածությունը:
Կվինկեի այտուցի տարածված պատճառներն են.
- Որոշ մթերքներ – ընկույզ, ցիտրուսներ, շոկոլադ
- Ներկանյութեր, մթերքում արոմատիզատորների առկայություն, դիմահարդարման նյութեր
- Դեղեր – հակաբիոտիկներ, շիճուկներ, գլյուկոկորտիկոիդներ՝ անվերահսկելի ընդունման դեպքում
- Ցավազրկող միջոցներ
- Իմունոմոդուլյատորներ, ինտերֆերոնի պատրաստուկներ (պրեպարատներ)
- Կենդանու բուրդ, օձի, միջատների թույն
- Արհեստական նյութեր – լատեքս, սինթետիկ հագուստ
- БАД-եր բուսական և կենդանական հավելումներով
Ախտանշաններ
Ալերգիկ ռեակցիային բնորոշ կլինիկական ախտանշանն է ենթամաշկա-ճարպային բջջանքի արագ՝ 20-30 րոպեում զարգացող այտուցը: Հաճախ այտուցվում են դեմքը, պարանոցը, կոպերը, լեզուն, փափուկ քիմքը, բկանցքը, բրոնխները:
Երբեմն լինում է նաև սեռական օրգանների Կվինկեի այտուց: Այտուցը բնորոշվում է անհարթ եզրերով և պնդությամբ:
Ախտանշանները կախված են այտուցի տեղակայումից:
- Փափուկ քիմք – ձայնի կորուստ, կլման խանգարում, օդի պակասի զգացողություն
- Բրոնխներ – շնչարգելություն
- Կերակրափող – սուր ցավ որովայնում, լուծ, փսխում
- Դաստակ – դաստակի, մատների պնդացում, այտուց
- Սեռական օրգաններ – կանանց մոտ սեռական շրթերի, տղամարդկանց մոտ՝ ամորձիների այտուց
Ծանր դեպքերում Կվինկեի այտուցը կարող է անցնել գլխուղեղի թաղանթներին՝ առաջացնելով մենինգեալ ախտանշաններ.
- Ծոծրակային մկանների կարկամություն
- Ուշագնացություն
- Ցնցումներ
- Սրտխառնոց և թեթևություն չառաջացնող փսխում
- Ուժեղ գլխացավ, քունքերում նվվացող ցավ
Ախտորոշում
Զննում, անամնեզ, ալերգիկ թեստեր, արյան հետազոտություն: Եթե չի հաջողվում պատճառը հայտնաբերել, ապա դրվում է իդիոպաթիկ անգիոնևրոտիկ այտուց ախտորոշումը: Կվինկեի այտուցի դիֆերենցիալ ախտորոշումը կատարվում է կոնտակտային դերմատիտի, դերմատոմիոզիտի, վերին սիներակի փակվածության, րոզացեայի և ենթամաշկային էմֆիզեմայի հետ:
Առաջին օգնություն
Անհետաձգելի օգնությունը պետք է ցուցաբերել անմիջապես. անհրաժեշտ է .
- Դադարեցնել ալերգենի հետ կապը: Եթե պատճառը միջատի խայթոցն է, ապա պետք է այդ տեղում դնել սառույց, իսկ դրանից վերև՝ ճնշող կապ: Եթե ալերգենը սննդային է, անհապաղ պետք է ընդունել սորբենտներ:
- Թուլացնել սեղմող հագուստը և ապահովել թարմ օդի մուտք
- Կանչել շտապ օգնություն
Բուժումը
Կվինկեի անգիոնևրոտիկ այտուցը, մեծ մասամբ, անհրաժեշտ միջամտությունների արդյունքում կամ ինքնուրույն անցնում է 2-3 ժամից:
Նշանակվում են անտիհիստամինային դեղեր և գլյուկոկորտիկոիդներ: Դեղորայքային պատճառի դեպքում օգտագործվում են հակահիստամինային միջոցներ և ինֆուզիոն թերապիա:
Եթե դիտվում է կոկորդի սպազմ, ապա իրականացվում է շնչափողի ինտուբացիա: Անոթների նեղացման և թափանցիկության իջեցման համար նշանակվում են կալցիումի պատրաստուկներ, ասկորբինաթթու և սիմպատիկոմիմետիկներ:
Կանխարգելում
Կանխարգելման կարևոր պայմանն է ալերգենի հետ շփման բացառումը կամ այն նվազագույնի հասցնելը: Որևէ նոր նյութ օգտագործելիս անհրաժեշտ է իրականացնել ալերգոթեստ:


