Լուրեր
Կրծքավանդակի օրգանների համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ)
Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ, վերին և ստորին շնչուղիների ուռուցքային հիվանդություններ ամենավաղ փուլում, վնասվածքներ՝ /տրավմաներ/՝ բրոնխների, կրծքավանդակի վնասում/:
Կրծքավանդակի ՀՏ-ն բավականին տեղեկատվական հետազոտություն է:
Կրծքավանդակի ՀՏ-ն նշանակվում է հետևյալ դեպքերում.
- Թոքերի սուր և քրոնիկ հիվանդություններ
- Թոքերի երկարատև կամ ատիպիկ ընթացքով բորբոքային հիվանդություններ
- Ռենտգենով կամ ֆլյուրոգրաֆիայով հայտնաբերված օջախային գոյացության դիֆերենցիալ ախտորոշում
- Թոքերի ինտերստիցիալ ախտահարման ախտորոշում /սարկոիդոզ սիլիկոզ, այլ օբստրուկտիվ հիվանդություններ/
- Աորտայի կրծքային հատվածի անևրիզմա
- Թոքային անոթների թրոմբոէմբոլիա
- Կրծքավանդակի օրգանների ուռուցքներ /միջնորմ, թոքեր, պլևրա, կերակրափող/
- Պուլմոնէկտոմիայից հետո ուռուցքի կրկնության կասկած
- Էքսուդատիվ պլևրիտներ՝ կրծքավանդակի օրգանների վիճակը գնահատելու նպատակով
- Այլ տեղակայման ուռուցքների դեպքում կրծքավանդակում մետաստազները հայտնաբերելու համար
- Կրծքագեղձի ուռուցքների դեպքում դեպի հարևան հյուսվածքներ նրանց տարածվածությունը ժխտելու նպատակով
- Լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների ժամանակ ներկրծքային լիմֆատիկ հանգույցների ախտահարման գնահատում
- Կրծքավանդակի օրգանների վնասվածքներ /տրավմաներ/
Կրծքավանդակի ՀՏ-ն նախ իրականացվում է առանց կոնտրաստային նյութի: Սակայն արդյունքի ավելի կոնկրետացման նպատակով կարող է ներմուծվել կոնտրաստային նյութը:
Այն օգնում է ավելի լավ գնահատելու անոթային խնդիրները և բոլոր հայտնաբերված պաթոլոգիկ փոփոխությունները:
Կոնտրաստավորմամբ հետազոտությունն անվնաս իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արյան բիոքիմիական հետազոտության տվյալները /կրեատինին և այլն/, որոնք ցույց են տալիս երիկամների նորմալ գործունեությունը, ինչը խիստ կարևոր է օրգանիզմից կոնտրաստանյութի ժամանակին հեռացման համար:
Կրծքավանդակի ՀՏ-ի հակացուցումները
- Հղիություն
- Յոդ պարունակող կոնտրաստանյութի նկատմամբ ալերգիա, հիպերթիրեոզ
- Շաքարային դիաբետ դեկոմպենսացիայի շրջանում, երիկամային անբավարարություն
Կրծքավանդակի ՀՏ-ն նախապատրաստում չի պահանջում: Այն միանգամայն անցավ է, իրականացվում է արագ:


