Լուրեր
Ինչի՞ մասին է «պատմում» արյունը. արյան կենսաքիմիական հետազոտություն

Արյան կենսաքիմիական հետազոտությունը կարևոր է օրգանիզմի գործունեությունը գնահատելու համար: Այն տալիս է տեղեկատվություն օրգան-համակարգերի վիճակի մասին և օգնում հիվանդությունների ախտորոշմանը:
Արյան կենսաքիմիական հետազոտության հիմնական ցուցանիշները
Ընդհանուր սպիտակուց. սպիտակուցի ընդհանուր խտությունն է արյան մեջ՝ ալբումինների և գլոբուլինների: Ընդհանուր սպիտակուցի նորմալ մակարդակն արյան մեջ մոտավորապես 60,0-80,0 գ/լ է: Այդ մակարդակից փոփոխությունը հետևանք է բորբոքային վիճակների, ջրազրկման կամ լյարդի գործունեության խանգարման:
Ալբումիններ. հիմնական սպիտակուցներն են, որոնք արտադրվում են լյարդում: Կարևոր դեր են կատարում օրգանիզմում կոլոիդա-օսմոտիկ ճնշման պահպանման և տարբեր նյութերի տեղափոխման գործում: Ալբումինները նորմայում կազմում են 35,0-52,0 գ/լ:
Գլյուկոզա. օրգանիզմի էներգիայի կարևորագույն աղբյուրն է: Գլյուկոզայի նորման արյան մեջ մոտավորապես 4,0-6,0 մմոլ/լ է: Գլյուկոզայի բարձր քանակը կարող է լինել շաքարային դիաբետի կամ ածխաջրատային փոխանակության տարբեր խանգարումների ժամանակ:
Միզանյութ. սպիտակուցային փոխանակության վերջնական արդյունքն է: Նորման սովորաբար 2.5- 8,3 մմոլ/լ է: Բարձր մակարդակը խոսում է երիկամների գործունեության խանգարման կամ ջրազրկման մասին:
Կրեատինին. կրեատինի փոխանակության արդյունքն է մկաններում: Նորմայում արյան մեջ կրեատինինը կախված է տարիքից և սեռից. նորման կանանց մոը 44,0-80,0 մմոլ/լ է, իսկ տղամարդկանց մոտ` 62,0-106,0 մմոլ/լ:
Ալանինամինոտրանսֆերազա /ԱԼՏ/ և ասպարտատամինոտրանսֆերազա /ԱՍՏ/. լյարդի բջիջներում առկա ֆերմենտներ են: ԱԼՏ-ն նորմայում կանանց մոտ մինչև 32,0 միավոր/լ է, տղամարդկանց մոտ՝ մինչև 40,0 միավոր/լ: ԱՍՏ-ն նորմայում կանանց մոտ մինչև 33,0 մ/լ է, տղամարդկանց մոտ` մինչև 45,0 մ/լ:
Հիմնային ֆոսֆատազա. ֆերմենտ է, որն առկա է օրգանիզմի շատ հյուսվածքներում` լյարդում, ոսկրերում, լեղուղիներում: Այն նորմայում մինչև 140,0 է:
Խոլեսթերին. ճարպանման նյութ է, որն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ գործունեության համար: Խոլեսթերինի նորման կազմում է 5.2 – 6,5 մմոլ/լ: Խոլեսթերինի բարձր մակարդակը կարող է նպաստել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը:
Բիլիռուբին. էրիթրոցիտների քայքայման ժամանակ առաջացող պիգմենտ է: Արյան մեջ ընդհանուր՝ անուղղակի բիլիռուբինի քանակը 3,4- 17,1 մկմոլ/լ-ից քիչ է, իսկ ուղղակին՝ մինչև 3,4 մկմոլ/լ է:
Ամիլազա. ածխաջրատների քայքայմանը մասնակցող ֆերմենտ է: Արտադրվում է ենթաստամոքսային գեղձում, բերանի ու աղիների լորձաթաղանթում: Արյան շիճուկում ընդհանուր ամիլազան, սովորաբար, 30,0-100,0 միավոր/լ է: Ամիլազան արյան մեջ բարձրանում է ենթաստամոքսային գեղձի /պանկրեատիտ/ կամ լեղուղիների ախտաբանության ժամանակ:
Կալիում. կարևոր էլեկտրոլիտ է բջիջների նորմալ գործունեության և օրգանիզմում ջրի հավասարակշռության պահպանման համար: Նորմայում այն կազմում է 3,50 – 5,0 մմոլ/լ:
Նատրիում. նույնպես կարևոր համքանյութ է, որը մեծ դեր ունի օսմոտիկ ճնշման պահպանման, ջրային փոխանակության և նյարդային համակարգի նորմալ գործունեության կարգավորման հարցում: Նատրիումը նորմայում, սովորաբար, 135-145 մմոլ/լ է: