Լուրեր
Միոկարդիտ
Միոկարդիտը սրտամկանի բորբոքման լուրջ ախտաբանություն է: Այն կարող է զարգանալ վիրուսային վարակներից հետո: Հիվանդության ախտանշանները դժվար է տարբերակել, ինչը դժվարացնում է նաև հիվանդության ախտորոշումը: Ծանր դեպքերում միոկարդիտն առաջացնում է սրտային անբավարարություն կամ առիթմիաներ:
Միոկարդիտի ժամանակ բորբոքվում են սրտամկանի բջիջները և շրջակա հյուսվածքները, ինչպես նաև սիրտը սնուցող արյունատար անոթները:
Ախտանշանները
Միոկարդի բորբոքում կարող են առաջացնել բակտերիաները կամ վիրուսները (ինֆեկցիոն միոկարդիտ):
Բնորոշ ախտանշաններն են.
- hարբուխը և հազը,
- մարմնի բարձր ջերմությունը,
- գլխացավը և ցավ` մարմնում:
Եթե այս ախտանշաններն ուղեկցվում են հարաճուն հոգնածությամբ, թուլությամբ, հևոցով` ծանրաբեռնվածության դեպքում, հարկ է մտածել ինֆեկցիոն միոկարդիտի մասին:
Այս ախտանշանները սրտամկանում բորբոքական սկզբնական գործընթացների հիմնական նշաններն են: Կարող են արտահայտվել նաև ախորժակի և քաշի անկում, ճառագայթող ցավ` դեպի պարանոց և ուսագոտի:
Բուժումը
Բուժումը կախված է միոկարդիտի զարգացման պատճառից և արտահայտված ախտանշաններից:
Հիվանդության ծանր ընթացքի դեպքում բուժումը կազմակերպվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ մշտական վերահսկողության տակ են օրգանիզմի կենսական ցուցանիշները՝ պուլսը, արյան ճնշումը, թթվածնով հագեցվածությունը:
Խիստ կարևոր է լիարժեք հանգստի ապահովումը: Բուժառուն պետք է բացառի ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն:
Սուր շրջանից մի քանի շաբաթ անց դեռևս բուժառուն պետք է պահպանի առավելագույն հանգիստ կենսակերպ: Ակտիվ կյանքի անցնելը որոշում է բուժող բժիշկը: Քանի դեռ առկա են սրտային անբավարարության նշաններ, հիվանդն անաշխատունակ է: Բժշկի հրահանգներին չհետևելը կարող է ռեցիդիվի առաջացման պատճառ դառնալ:
Ավելի հաճախ իֆեկցիոն միոկարդիտ առաջացնում են վիրուսները, սակայն վիրուսային միոկարդիտի ժամանակ կիրառվող հակավիրուսային դեղոaրայք դեռ հայտնաբերված չէ:
Բուժման ընթացքում կազմակերպվում է անկողնային ռեժիմում՝ հարուցչի դեմ օրգանիզմի իմունային համակարգի պայքարին օգնելու համար և առավելագույն հանգիստ:
Բակտերիալ միոկարդիտի ժամանակ նշանակվում է հակաբիոտիկային թերապիա:


