«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Կլինիկական բարձիթողի, բարդացած դեպք` կողերի կոտրվածքից հետո. Սուրեն Վարդանյան

Կլինիկական բարձիթողի, բարդացած դեպք` կողերի կոտրվածքից հետո. Սուրեն Վարդանյան

Հիվանդը կլինիկա էր դիմել գանգատվելով արտահայտված դժվարաշնչությունից, հևոցից, մինչև 39 աստիճան ջերմության բարձրացումից, կրծքավանդակի աջ մասում` ցավերից։ Բուժառուն  օր առաջ վայր էր ընկել և դիմել այլ կլինիկա: Ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվել էր աջակողմյան կողերի կոտրվածքներ, սակայն չի հոսպիտալիզացվել` տանը ստանալով դեղորայքային բուժում։ Վնասվածքից 10 օր անց կրկին դիմել է այլ բուժհաստատություն, որտեղ կատարված կրծքավանդակի ռենտգեն քննության տվյալներով նկարագրվել է կողերի կոտրվածքներ աջից, աջակողմյան հիդրոթորաքսի պատկեր, նորից հրաժարվել է ստացիոնար բուժումից և այլ հետազոտություններից:

Բուժառուի ընդհանուր վիճակը վատացել է, և ապրիլի 24-ին շտապ օգնության կողմից տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ։ Կատարված հետազոտությունների հիման վրա հայտնաբերվել է կրծքավանդակի աջ հատվածում բազմաթիվ, բազմաբեկոր կողերի կոտրվածքներ, փափուկ հյուսվածքների ինֆիլտրացիա, աջակողմյան հիդրոթորաքս։ Որոշվել է կատարել աջ պլևրալ խոռոչի դրենավորում։ Միջամտության ընթացքում ենթամաշկից, միջմկանային շերտերից արտահոսել է զգալի քանակի հեմոռագիկ թարախային արտադրանք։ Հետագա մարտավարությունը որոշելու  նպատակով իրականացվել է համակարգչային տոմոգրաֆիա։

 

Վերջինիս տվյալներով նկարագրվել է աջից բազմաթիվ, բազմաբեկոր կողերի կոտրվածքներ, աջակողմյան մեծ ծավալի պարկավորված հիդրոթորաքս` անհամասեռ պարունակությամբ, կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների տարածուն ինֆիլտրացիա։

 

Հաշվի առնելով հարաճող շնչառական անբավարարության և ինտոքսիկացիայի երևույթները, շտապ կատարել է վիրահատական միջամտություն։

 

Ընդհանուր անզգայացմամբ կատարվել է աջակողմյան թորակոտոմիա, որի ընթացքում պարզվել է, որ պլևրալ խոռոչում` թոքից հետ, առկա է հսկա չափսերի, պարկավորված, հեմոռագիկ կոմպոնենտով պիոթորաքս։ Վերջինս դատարկվել է, պլևրալ խոռոչը մանրակրկիտ սանացվել է, թոքի կարնիֆիկացիայի կապակցությամբ կատարվել է թոքի դեկորտիկացիա։ Կողոսկրերի փոքր ոսկրաբեկորները հեռացվել են, Z-աձև կարերով կողոսկրերը համադրվել, մոտեցվել են իրար, կրծքավանդակը հնարավորին վերականգնվել է։ Միջմկանային, ենթամաշկային շերտերում մեռուկացված և վարակված հյուսվածքները հեռացվել են, պլևրալ խոռոչը երկակի դրենավորվել է։

 

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարաբերական հարթ, հիվանդը հիպոալբումինեմիայի, անեմիայի կապակցությամբ ստացել է Ալբումինի լուծույթ, Էրիթրոցիտար զանգված, Թարմ սառեցված պլազմա, ադեքվատ հակամիկրոբային, ինֆուզիոն, դեզինտոքսիկացիոն, հակաբորբոքային բուժում, օքսիգենոթերապիա։ Բուժման ֆոնին դիտվել է նկատելի դրական դինամիկա, ընդհանուր վիճակը կարգավորվել է, ինտոքսիկացիայի երևույթները, շնչառական անբավարարության դրսևորումները անհետացել են։

 

Պլևրալ դրենաժները հեռացվել են ըստ ցուցումների և ժամկետների։

 

Հիվանդը կլինիկայից դուրս է գրվել լավացումով։

 

1 ամիս անց, կրկնակի այցելության ժամանակ, կատարված կրծքավանդակի ռենտգեն հետազոտության տվյալներով թոքերը եղել են առանց առանձնահատկությունների, պլևրալ ծոցերը` ազատ, առկա էին աջից կողերի սերտաճող կոտրվածքներ` ոսկրակոշտուկների ձևավորումով։

 

Այս և նմանատիպ այլ դեպքերը միշտ պետք է կարմիր դրոշի դեր կատարեն. մեկ կողի կոտրվածքն անգամ կարող է բարդանալ կյանքին սպառնացող խնդրով, ուստի պետք է հետևել նեղ մասնագետների խորհրդին, ստանալ ադեքվատ բուժում։

18.07.2024