Լուրեր
Էնդոպրոթեզավորում. hարցազրույց վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Հրայր Հարությունյանի հետ
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով: Այն կատարվում է հոդերի խնդիրներ ունեցող բուժառուների մոտ, որոնք քայլելիս կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ուժեղ ցավ են զգում:
Ո՞ր տարիքում է նպատակահարմար էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորում կատարելու լավագույն տարիքը 60-65-ն է: Որոշ դեպքերում կատարվում է նաև ավելի երիտասարդ տարիքում`ցավի առկայության դեօքում, քանի որ ցավը այս վիրահատությունների բացարձակ ցուցումն է: Վիրահատության արդյունքում վերանում է շարժունակության սահմանափակումը և ցավը, լավանում է բուժառուի կանքի որակը:
Որպես կյանքի որակը լավացնող միջամտություն, այն չի համարվում կենսական ցուցումով վիրահատություն և իրականացվում է բուժառուի ցանկությամբ:
Ո՞ր հիվանդությունների և խնդիրների դեպքում են առավել հաճախ դիմում էնդոպրոթեզավորման:
Առավել հաճախ էնդոպրոթեզավորումն իրականացվում է կոնք-ազդրային և ծնկան հոդերի ախտահարումների դեպքում (արթրիտ, արթրոզ, հոդերի մեխանիկական վնասումներ, տարիքային փոփոխություններ): Այդ հոդերն ավելի շատ են տուժում, քանի որ իրենց վրա են կրում մարմնի ծանրությունը:
Մեր երկիրը համարվում է կոնք-ազդրային հոդի բնածին հոդախախտերի էնդեմիկ օջախ, և, ցավոք, ախտորոշումը հաճախ ժամանակին չի կատարվում, ինչը հոդերի աստիճանաբար վնասման պատճառ է դառնում:
Դիսպլաստիկ հոդը, որի ախտորոշումը բավականին դժվար է, նույնպես առաջացնում է հոդի մաշվածություն: Այս ախտահարման ժամանակ հոդամակերեսի աճառը շփման ժամանակ որևէ ցավ չի առաջացնում, բայց ինչ-ինչ պառճառներով նրա մաշվածության արդյունքում բացվում է ոսկրը: Բաց ոսկրային մակերեսների շփման ժամանակ առաջանում է ցավ: Որքան շատ է մաշվածությունը, այնքան ուժեղ է արտահայտվում ցավը:
Հոդերի վնասման հաջորդ պատճառը վնասվածքներն են (հոդախախտով կոտրվածք): Վնասվածքից հետո՝ սնուցման խանգարման պատճառով, հաճախ կարող են արթրոզներ զարգանալ:
Համակարգային հիվանդությունները ևս՝ պոլիարթրիտների զարգացման արդյունքում, ի վերջո, հանգեցնում են Էնդոպրոթեզավորման անհրաժեշտության:
Հոդերի վնասմանը նպաստում է նաև ավելորդ քաշը:
Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ նախքան էնդոպրոթեզավորումը:
Իրականացվում են լաբորատոր և գործիքային հետազոտություններ՝ արյան և մեզի քննություն, էխոսրտագրություն, թոքերի ռենտգեն հետազոտություն, որովայնի օրգանների ՈՒՁՀ, ստորին վերջույթների դուպլեքս-սքանավորում:
Եթե հետազոտությունների ժամանակ առողջական որևէ այլ խնդիր է հայտնաբերվում, հարկ է նախապես բուժել, ապա միայն իրականացնել էնդոպրոթեզավորում: Նման մոտեցումը նվազեցնում է հետվիրահատական ռիսկերը:
Ի՞նչ անզգայացում է կիրառվում:
99 տոկոս դեպքերում, եթե հիվանդը չի վախենում, կատարվում է ողնուղեղային անզգայացում: Դա նախընտրելի է, քանի որ դեղորայքի կիրառումը նվազագույն է, և վիրահատությունից հետո երկար ժամանակ բուժառուն ցավազրկված է:
Ընդհանուր անզգայացման ժամանակ դեղորայքի դեղաչափը ավելի շատ է, և արթնանալուց անմիջապես հետո բուժառուն ցավեր է ունենում:
Ինչպե՞ս է ընթանում էնդոպրոթեզավորումը և վերականգնողական շրջանը ստացիոնար բուժման ընթացքում:
Վիրահատությունը տևում է մոտավորապես 2 ժամ, ինչը կապված է նաև վիրաբույժի փորձառությունից: Հիվանդանոցում բուժառուն բուժվում է 10 օր: Երկրորդ օրն կատարվում է ռենտգեն հետազոտություն և, ընդհանուր վիճակից ելնելով, սկսվում է բուժառուի ակտիվացումը: Սովորեցնում ենք ինչպես պետք է տեղաշարժվի, քայլի, խնամողին բացատրում ենք խնամքի նրբությունները: 10-րդ օրը, եթե ամեն ինչ նորմալ է, բուժառուն դուրս է գրվում:
Ի՞նչ բարդություններ են հնարավոր:
Էնդոպրոթեզավորումը ծավալային վիրահատություն է, և բարդություններից երբեմն խուսափել հնարավոր չէ:
Ամենավտանգավոր բարդությունը թրոմբոէմբոլիան է, հաջորդը՝ բորբոքումը:
Քանի որ մեր կլինիկայի մասնագետները ունեն երկարատև փորձ, բարդությունները չափազանց հազվադեպ են դիտվում:
Բարդություններ կարող են նաև արտահայտվել ավելի ուշ: Արհեստական հոդը որքան էլ մոտեցված է բնականին, համարվում է օրգանիզմի զգայուն կետ, և առկա քրոնիկ վարակներն արյան հունով կարող են ներդրվել այդտեղ և առաջացնել բորբոքում:
Ինչպե՞ս է իրականացվում վերականգնման հետագա ընթացքը:
Վերականգնման շրջանը տևում է 3-3,5 ամիս: Մեկ ամիս հետո նա պետք է այցելի իր բժշկին:
Առաջին ամիսը նա քայլում է 2 հենակով: Ռենտգեն հետազոտությունից հետո հանվում է մեկ՝ վիրահատված կողմի հենակը: Եվս մեկ ամիս անց հենակը փոխարինվում է ձեռնափայտով: Երկրորդ ամսվա ավարտին բուժառուն կրկին այցելում է բժշկին, և ձեռնափայտը նույնպես հանվում է:
Այդ երեք ամսվա ընթացքում նշանակվում են մկաններն ամրացնող վարժություններ:
Ե՞րբ է կատարվում կրկնակի էնդոպրոթեզավորումը:
Արհեստական հոդի օգտագործման միջին ժամկետը 15-20 տարի է: Այդ ժամկետի ավարտին կրկնակի էնդոպրոթեզավորման անհրաժեշտություն է առաջանում: Կրկնակի վիրահատությունն ավելի դժվար է և իվարակային բարդություններն այդ ժամանակ ավելի հաճախ են դիտվում, քանի որ բուժառուի տարիքն ավելի մեծ է, և վիրահատված հյուսվածքները երկրորդ անգամ են վնասվում:


