«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան

Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան

Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են սրտխառնոց, գլխացավ, կարող են դիտվել փսխումներ։


Նշված գանգատները կարող են առաջանալ նաև այլ պատճառներից։ Օրինակ, բարձր ջերմության ժամանակ մարդու զարկերակային ճնշումը կարող է ընկնել, ինչի պատճառով նա կարող է ուշագնաց լինել, ունենալ գլխացավ, սրտխառնոց, փսխում։ Հենց ջերմության ֆոնին մարդը կարող է ընկնել և հարվածել գլուխը։


Հետևաբար, ոչ մասնագետի համար դժվար է հասկանալ՝ արդյո՞ք նշած գանգատներն առաջացել են գլխուղեղի ցնցման, թե՞, օրինակ, բարձր ջերմության պատճառով։


Այս դեպքում կարևոր է նյարդաբանական վիճակի գնահատումը, ինչը կատարվում է նյարդավիրաբույժի կողմից։


Գլխուղեղի ցնցման ժամանակ հայտնաբերվում է մանրալիքային նիստագմ՝ դեպի կողմեր նայելիս։ Դա ակնագնդերի տատանողական շարժումներն են։ Նիստագմը լինում է բնածին և ձեռքբերովի։ Ձեռքբերովի նիստագմը կարող է լինել ինչպես գլխուղեղի ցնցման ժանամակ (մանրալիքային), այնպես էլ ավելի ծանր գանգուղեղային վնասվածքների, ուղեղիկի ուռուցքի (խոշորալիքային), ուղեղիկի այլ ախտահարումների դեպքերում։ Հետևաբար, միայն նիստագմի առկայությունը չի խոսում գլխուղեղի ցնցման մասին։ Հիվանդին պետք է զննել ամբողջությամբ` հավաքելով անամնեզ, ուսումնասիրելով սոմատիկ (մարմնական) վիճակը, նյարդաբանական ստատուսն՝ ամբողջությամբ։


Գլխուղեղի ցնցման ժամանակ դիտվում է նաև վեգետատիվ ռեակցիա, օրինակ՝ ափերի հիպերհիդրոզ (քրտնարտադրություն)։
Հաջորդ բնորոշ ախտանիշը հիշողության կորուստն է` ամնեզիան։ Հիվանդը հետագայում երբեք չի հիշում այն ժամանակահատվածը, երբ կորցրել է գիտակցությունը։ Որպեսզի պատճառն ընթերցողի համար ավելի հասկանալի լինի, բերենք համեմատություն․ մենք չենք կարող հիշել այն իրադարձությունները, որոնք երբեք չենք տեսել կամ որոնց ժամանակ եղել ենք քնած։

 

Գիտակցության կորստի դեպքում կատարվում է նույնը. հիվանդը չի հիշում այն, ինչը չի տեսել կամ չի լսել … և չի հիշելու։


Ինչպես նշեցի, գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Դրանից ավելի ծանր վնասվածքներ են գլխուղեղի սալջարդը (լինում է թեթև, միջին և ծանր աստիճանի), դիֆուզ աքսոնալ վնասումը: Այս դեպքերում գլխուղեղում առաջանում են արյունազեղումներ, աքսոնների վնասում։ Իսկ գլխուղեղի ցնցման դեպքում գլխուղեղի հյուսվածքի վնասում չի առաջանում։ Վնասող ուժի ազդեցության տակ առաջանում է գլխուղեղը շրջապատող գանգուղեղային հեղուկի տատանումներ, որոնք, իրենց հերթին, առաջացնում են ներքին ականջի էնդոլիմֆայի տատանումներ։ Հենց սա է գլխուղեղի ցնցման ժամանակ դիտվող կլինիկական ախտանիշների պատճառը։


Ախտորոշումը


Ըստ վերոնշյալ տեղեկատվության՝ գլխուղեղի ցնցումն ախտորոշվում է անամնեստիկ և նյարդաբանական տվյալների հիման վրա, որին հարկ է միայն ավելացնել, որ գիտակցության կորուստը կարճատև է լինում։


Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ գլխուղեղի ՀՏ-հետազոտության տվյալների համաձայն՝ արյունազեղման օջախներ չեն հայտնաբերվում։


Բազմաթիվ փորձարկումներ ցույց են տվել, որ եթե կա գանգոսկրի կոտրվածք, ապա գլխուղեղի վնասվածքը ցնցումից ավելի ծանր է ընթանում։


Բուժումը


Ամենակարևորն այստեղ հանգիստն է։ Անհրաժեշտ է պահպանել անկողնային կամ կիսաանկողնային ռեժիմ՝ մի քանի օր։

 

Նշանակվում է գանգուղեղային հեղուկի արտադրությունը ճնշող դեղ։


Սովետական բժշկության ուղենիշներով՝ նման հիվանդները պարտադիր ջրազրկվում էին, ինչի հետևանքով հիվանդության բուժումն ավելի երկար էր տևում։


Արդի նյարդավիրաբուժությունն ապացուցել է, որ ջրազրկումը գլխուղեղի «թնշամիներից» է և անհրաժեշտ է ոչ թե ջրազրկել մարդուն, այլ լավացնել գլխուղեղի արյան շրջանառությունը։

10.01.2024