«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Ինհալացիոն ծառայություն «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Նարինե Մադունցի հետ

Ինհալացիոն ծառայություն «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Նարինե Մադունցի հետ

Ո՞ր հիվանդությունների ժամանակ է նշանակվում ինհալացիոն թերապիա։


Այս միջոցառումը մեծ նշանակություն ունի բրոնխաթոքային հիվանդությունների բուժման գործընթացում՝ բրոնխիտների, թոքերի քրոնիկ  օբստրուկտիվ հիվանդության, բրոնխիալ ասթմայի, թոքաբորբերի, բրոնխաէկտազների ժամանակ: Այն նշանակվում է թոքաբանի կամ թերապևտի կողմից։ Ինհալյացիոն թերապիան կիրառվում է նաև ՔԿԱ  հիվանդությունների ժամանակ, օրինակ՝ ձայնալարերի բորբոքային գործընթացների, քրոնիկ տոնզիլիտների, հայմորիտի դեպքերում։ Նման դեպքերում միջոցառումը և դեղերը նշանակում է ՔԿԱ բժիշկը։


Ինհալացիոն թերապիա նշանակվում է և՛ սուր, և՛ քրոնիկ հիվանդությունների ժամանակ:


Ինչպե՞ս է իրականացվում միջոցառումը։


Ինհալացիաները կատարվում են կոմպրեսորային ինհալատորով, որի մեջ դեղը տրոհվում է մասնիկների, ապա արագ և արդյւնավետ հասնում է վերին և ստորին շնչուղիներին: Բուժառուն սարքի օգնությամբ, բերանով և քթով շնչում է դեղը, և շնչելիս դեղն ամպի նման նստում է բրոնխների լորձաթաղանթին:  


Ինհալացիայի ժամանակ դեղը արյան մեջ չի ներծծվում, չունի կողմնակի ազդեցություն այլ օրգան-համակարգերի վրա, ինչը տեղի է ունենում հաբերի կամ ներարկումների ժամանակ: Ինհալյացիոն թերապիան խորհուրդ է տրվում  նաև ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ, երբ դժվարացած է հաբերի ընդունումը և առկա է նաև բրոնխաթոքային համակարգի հիվանդություն:

 

Ի՞նչ միջոցներ են օգտագործվում։


Բուժառուները ստանում են ինհալացիաներ տարբեր դեղորայքով՝ բրոնխալայնիչներով, խորխաբերներով և հակաբորբոքային միջոցներով: Բրոնխալայնիչները տրվում են և՛ կլինիկայում առկա ինհալացիայի համար նախատեսված նյութերով, և՛դեղատներում առկա նախատեսված հեղուկներով:

 

Ծանր հիվանդների դեպքում ինհալացիան իրականացվում է հիվանդասենյակում: Սկզբում դա դժվար է նման բուժառուների համար, որովհետև առկա է շնչառական անբավարարություն: Նրանք միաժամանակ ստանում են օքսիգենաթերապիա։

 

Որքան էլ դժվար լինի, ինհալացիան մեծ նշանակություն ունի այդ բուժառուների համար, որովհետև շնչական անբավարարությունը նրանց մոտ պայմանավորված է նաև բրոնխասպազմով և բրոնխներում մածուցիկ, խցանող խորխի առկայությամբ, որը թուլացած, հյուծված հիվանդը դժվարությամբ է կարողանում դուրս բերել:

 

Որքա՞ն է տևում ինհալացիան և որքա՞ն է մեկ կուրսի տևողությունը։

 

Կախված հիվանդի վիճակից (թեթև, ծանր), ինհալացիայի տևողությունը տարբեր է՝ 5-10 րոպե, իսկ կուրսը 5 -10 օր է:

 

Ի՞նչ հակացուցումներ կան։

 

Եթե բուժառուի մոտ առկա է տուբերկուլոզ, թոքերում կան խոռոչներ, արյունախխում, ինհալացիա չի կատարվում:


Ուռուցքի ժամանակ կարևոր նշանակություն ունի հիվանդության փուլը։ Եթե ուռուցքը քայքայման փուլում է՝ առկա է արյունախխում, դժվարացած է շնչառությունը, դա հակացուցում է: Ամեն դեպքում, անհատական մոտեցում է ցուցաբերվում:


Քովիդի ժամանակ օգտագործվո՞ւմ էր ինհալացիան։


Քովիդի ժամանակ ինհալացիան օգտագործվում էր շատ սահմանափակ, որովհետև այդ դեպքում թոքաբորբերի զարգացման մեխանիզմն այլ բնույթ ունի՝ առաջին տեղում թոքի հյուսվածքի փոփոխությունն է, և բրոնխային օբստրուկցիան այնքան էլ արտահայտված չէ: Եթե բուժառուի մոտ համատեղվել են այդ 2 խնդիրը, կամ նա ունեցել է նման խնդիր նաև նախկինում, բուժման մեջ ինհալացիան ներառվել է: Դարձյալ մոտեցումն անհատական է:


Ի՞նչ տարբերություն կա այս սարքի և դեղատներում վաճառվող ինհալատորերի միջև։


Կոմպրեսորային ինհալյատորը տարբերվում է իր հզորությամբ։ Դեղատներում վաճառվող բրոնխալայնիչներով ինհալյատորները գործածվում են երկարատև բուժման համար։ Այդ ինհալյատորներով բուժառուն չի կարող շնչել այդ հզորությամբ և դեղորայքի խորը թափանցումով, ինչը ապահովում է կոմպրեսորային ինհալյատորը։  Նաև, ինչպես ասացի, կլինիկայում կիրառվող սարքով հնարավոր է կատարել խորխաբեր և հակաբորբոքային ինհալյացիաներ։

25.08.2023