Լուրեր
Բրոնխոսկոպիա․ հարցազրույց Նարինե Մադունցի հետ
Ի՞նչ է հետազոտում բրոնխոսկոպիան։
Բրոնխոսկոպիան՝ բրոնխների ակնադիտումն է, միակ հետազոտությունը, որը թույլ է տալիս զննել բրոնխները՝ ներսից:
Հետազոտությունն իր ուրույն տեղն է գրավում բրոնխաթոքային համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման գործում:
Բրոնխոսկոպիան կատարվում է թոքերի չարորակ կամ բարորակ գոյացությունների կասկածի, բրոնխոստենոզների, անհայտ էթիոլոգիայի ատելեկտազների, թոքերի քրոնիկ հաճախակի սրացումներով ընթացող բորբոքային հիվանդությունների, արյունախխման, թոքերի դիսիմինացված հիվանդությունների ժամանակ:
Ի՞նչ է բրոնխոսկոպը։
Նախկինում հետազոտությունն իրականացվում էր ֆիբրոբրոնխոսկոպով, որի տեսանելիությունն այնքան էլ բարձր չէր: Այժմ նոր սերնդի տեսաբրոնխոսկոպերն ավելի հզոր են և ավելի հստակ պատկեր են ապահովում:
Մեզ մոտ օգտագործվող տեսաբրոնխոսկոպը և պրեմիում HD պրոցեսորը բարձր հնարավորությունների սահմաններում թույլ են տալիս ստանալ ավելի հստակ պատկեր, մեծացնել տեսադաշտը՝ հեռվից տեսնել ավելի խորը տեղակայված ախտաբանական փոփոխությունները:
I-S CAN թվային տեխնոլոգիան և վիրտուալ բրոնխոսկոպը ավտոմատ կերպով ընտրում են լավագույն պատկերը և հնարավորություն ընձեռում արագ ստանալ այն իրական ժամանակում, ինչը կարևորագույն նշանակություն ունի առկա ցանկացած ախտաբանական փոփոխություններն արագ և վաղ հայտնաբերելու գործում:
Որո՞նք են բրոնխոսկոպիայի հակացուցումները։
Հակացուցումներ են սրտամկանի սուր ինֆարկտը, սուր ինսուլտը, երրորդ աստիճանի թոք-սրտային և սիրտ-անոթային անբավարարությունը, պարօքսիզմալ հաճախասրտությունը: Այս դեպքերում մոտեցումն անհատական է: Այն իրականացվում է, եթե բուժառուն վերակենդանացման բաժնում է, և հետազոտությունը որոշիչ դեր ունի ախտորոշման և բուժման համար:
Ինչպե՞ս նախապատրաստվել բրոնխոսկոպիային։
Բուժառուն նախապես պետք է կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն կամ կրծքավանդակի համակարգչային շերտագրում անցնի: Հաշվի են առնվում բուժառուի գանգատները, կլինիկան, և, ելնելով դրանցից, գործիքային հետազոտություններից զատ, կատարվում է նաև արյան ընդհանուր հետազոտություն, որոշվում է մակարդելիությունը, իրականացվում է էլեկտրասրտագրություն՝ սրտի սնուցումը, ռիթմի խանգարումները և այլ ախտաբանական փոփոխությունների առկայությունը պարզելու համար: Այդ ամենն անհրաժեշտ է հետազոտության ժամանակ ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար:
Ինչպե՞ս է իրականացվում բրոնխոսկոպիան։
Հետազոտությունն իրականացվում է սոված վիճակում: Կատարվում է ե/մ 0,1%-անոց 1 մլ ատրոպին սուլֆատ` որպես վազոլիտիկ դեղամիջոց: Եթե բուժառուի մոտ առկա է բրոնխոսպազմի հակվածություն, կատարվում է էուֆիլին` ն/ե, և բուժառուն օգտագործում է իր բրոնխոլայնիչ ինհալատորը:
Այն հիմնականում կատարվում է տեղային անզգայացմամբ, 10%-անոց լիդոկայինի ցողացրով: Ընդհանուր անզգայացմամբ կատարվում է որոշ դեպքերում՝ բուժառուի ծանր վիճակում, վիրահատարանում, վերակենդանացման բաժնում, որտեղ արդեն ինտուբացիա է կատարվել, այսինքն, բուժառուն գտնվում է արհեստական շնչառության ներքո, և բրոնխոսկոպիան իրականացվում է հենց ինտուբացիոն խողովակով:
Բրոնխոսկոպը կարելի է անցկացնել քթով կամ բերանի խոռոչով: Սարքն անցնում է ձայնաճեղքը, շնչափողը, այնուհետև դիտվում է բրոնխեալ ծառը՝ ամբողջությամբ, երկու կողմից, մինչև սուբսեգմենտար մանր բրոնխները:
Բրոնխոսկոպիան իրականցվում է և՛ ախտորոշիչ, և՛ բուժական նպատակներով: Հետազոտության ժամանակ վերցվում են բրոնխների արտազատուկը մանրէաբանական քննության և հակաբիոտիկների զգայունությունը պարզելու համար, ինչպես նաև՝ հայտնաբերելու թոքերի տուբերկուլոզի հարուցիչը:
Եթե կասկածվում է գոյացություն, ապա հետազոտության ընթացքում իրականացվում է նաև բիոպսիա՝ բջջաբանական և հյուսվածքաբանական հետազոտության համար՝ որոշելու գոյացության տեսակը, բնույթը, նաև բուժական մոտեցումները:
Ե՞րբ է իրականացվում բուժական բրոնխոսկոպիա։
Կարևոր նշանակություն ունի բուժական բրոնխոսկոպիան, երբ կատարվում է բրոնխների սանացիա՝ հակաբորբոքային միջոցներով, հատկապես թոքերի երկարատև, ձգձգվող քրոնիկ խնդիրների, աբսցեսների, բրոնպոէկտազների, թոքերի դիսիմինացված հիվանդությունների դեպքում: Բուժական միջոցառումները կատարվում են մի քանի անգամ:
Որքա՞ն է հետազոտության տևողությունը։
Հետազոտությունը տևում է 15 րոպե:


