Լուրեր
Երբ աշխարհի բժիշկները կողք-կողքի են
Արցախի աղետալի դեպքերին զուգորդած սարսափելի պայթյունը մեծ ողբերգություն էր՝ զոհերով, մեծաքանակ այրվածքներ ստացած արցախցիներով:
Այդ օրերին «Արմենիա» ՀԲԿ-ում բուժվում էին տարբեր ծանրության այրվածքներով 74 բուժառու: Դեպքի անմիջապես հաջորդ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Հայաստանի և Իսրայելի առողջապահության նախարարությունների համատեղ ջանքերով հիվանդանոց ժամանեց իսրայելցի բժիշկների խումբը, որը մեկ շաբաթ մասնագիտական օգնություն ցուցաբերելուց հետո մեկնեց՝ Իսրայելի և Պաղեստինի հետ կապված հայտնի դեպքերի պատճառով: Նույն օրը՝ հոկտեմբերի 8-ին, նրանց փոխարինեց Ամերիկայի տարբեր նահանգներից միավորված այրվածքաբանների խումբը (պլաստիկ և վերականգնողական բժիշկներ, միկրովիրաբույժներ):
Հրավիրված բժիշկները զբաղված էին ծանրության տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդների բուժմամբ: Բոլոր հիվանդներն ուշադրության կենտրոնում էին։
Մեր կենտրոնի միկրովիրաբույժների հետ կողք-կողքի նրանք կատարում էին պլաստիկ, վերականգնողական վիրահատություններ՝ հաճախ մեծ ծավալի մաշկի փուլային պլաստիկա: Դա բավականին ժամանակատար, նաև՝ ֆիզիկապես, դժվար վիրահատություններ էին: Աշխատում էին ամեն օր, անտրտունջ, օրը 10-12 ժամ, առանց հանգստյան օրերի: Այս ամբողջ ընթացքում կատարվել է ավելի քան 125 ընդհանուր անզգայացմամբ վիրահատություն։
Վիրահատությունները կենսական նշանակության էին՝ կյանքեր փրկելու և կյանքի որակ ապահովելու ջանքեր էին, և յուրաքանչյուր հապաղում կարող էր հանգեցնել բարդությունների: Այդ օրերին վիրահատական սրահներն աշխատել են գերծանրաբեռնված՝ ներառյալ պլանային և շտապ վիրահատությունները։
Իհարկե, բժիշկները մտերմացան․ համատեղ աշխատանքն առիթ էր և՛ մասնագիտական, և՛ կազմակերպչական փորձառության, և՛ նոր ընկերներ ձեռք բերելու ու նաև հետագա համագործակցության համար:
«Արմենիա» ՀԲԿ աշխատակիցները հրաժեշտ տվեցին նվիրյալ բժիշկների խմբին՝ խորին շնորհակալություն հայտնելով հիվանդանոցի անձնակազմի և հիվանդների կողմից:
Խորին շնորհակալություն նաև «Արմենիա» ՀԲԿ աշխատակիցներին՝ անմնացորդ նվիրումով աշխատանքի համար։