Լուրեր
Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան

Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով հիվանդացության դեպքեր, ընդ որում, ջրծաղիկով հիվանդացության դեպքեր` նաև մեծահասակների շրջանում:
Ի՞նչ պետք է իմանալ Ձեր նշած վարակների մասին։
Ջրծաղիկով, ինչպես կարմրուկի դեպքում, կյանքում հիվանդանում են մեկ անգամ, կրկնվել հնարավոր է խիստ հազվադեպ դեպքերում:
Հիվանդության միակ աղբյուրը հիվանդ մարդն է: Ընդ որում, միևնույն վիրուսը կարող է առաջացնել 2 հիվանդություն՝ ջրծաղիկ և գոտևորող որքին, որը դիտվում է մեծահասaակների մոտ: Վարակի տարածումը օդակաթիլային է: Վարակելիությունը շատ բարձր է՝ ինկուբացիոն շրջանի վերջին 10 օրից մինչև վերջին ցանային էլեմենտի կեղևաթափվելը, միջինը՝ 8-10 օր: Ջրծաղիկով հիվանդանում են հիմնականում երեխաները, մոտավորապես 10% դեպքերում` մեծահասակները:
Ջրծաղիկի ինկուբացիան 11- 21 օր է: Հիվանդության սկիզբը սուր է. բարձր ջերմություն, անհարմարավետության զգացողություն, ցավ` բկանցքում, գլխացավ, ախորժակի վատացում: Ցանային էլեմենտներին բնորոշ է փուլային զարգացումը՝ ռոզեոլա, պապուլա, վեզիկուլա, կեղևակալման շրջան: Ցանավորումը տևում է 2-15 օր: Սովորաբար, ցանն ուղեկցվում է քորով: Ցանի քանակը տարբեր է՝ մի քանիսից մինչև մի քանի հարյուր: Ցանային էլեմենտները հիմնականում տեխակայված են գլխի մազածածկ հատվածում:
Հիվանդների համար կարևոր նշանակություն ունի անձնական հիգիենայի ճիշտ պահպանումը, կարևոր է հետևել անկողնու մաքրությանը:
Ծնողները պետք է ուշադիր լինեն, որպեսզի երեխան չքորի, չվնասի բշտիկավոր ցանը: Խորհուրդ են տրվում լոգանքներ:
Ինչպիսի՞ն են հիվանդության ընթացքը, բուժումը, ելքը։
Հիվանդությունը հիմնականում բարենպաստ ելք ունի: Առավել հաճախ բարդություններից են էնցեֆալիտը, մաշկի մանրէային բորբոքումը, թոքաբորբը:
Ջրծաղիկի բուժումը թեթև ձևերի դեպքում ախտանշանային է, միջին և ծանր դեպքերում՝ հակավիրուսային:
Ինչպե՞ս է արտահայտվում քութեշը։
Քութեշը սուր վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է տենդը ինքնազգացողության վատացումը, անգինան` տիպիկ կետային ցանավորումով:
Ավելի հաճախ հիվանդանում են 3-7 տարեկան երեխաները: Հիվանդությունն ունի սեզոնային բնույթ. հիվանդության դեպքեր գրանցվում են հատկաես աշուն-ձմեռ սեզոնին:
Վարակի աղբյուրը ստրեպտակոկային վարակով հիվադներն են և ստրեպտակոկակիրները:
Ինկուբացիան 3-5 օր է, հազվադեպ՝ մինչև 11 օր: Վարակի տարածման հիմնական ուղին օդակաթիլային է, սակայն վարակը կարող է փոխանցվել նաև երրորդ անձի միջոցով (վարակված կենցաղային իրերի օժանդակությամբ):
Հիվանդության սկիզբը սուր է: Մարմնի ջերմությունը կարող է բարձրանալ մինչև 40 աստիճան, ախտահարվում է բկանցքը: Զարգանում է առաջնային լիմֆադենիտ՝ պարանոցային ավշահանգույցները մեծացած են և ցավոտ: Ցանն առաջանում է հիվանդության առաջին օրից: Հիվանդության 4-րդ-5րդ օրը ցանային էլեմենտներն անգունանում են, սկսվում է թեփոտման շրջանը:
Ընկալունակությունը քութեշի նկատմամբ մինչև 40% է: Մեկ անգամ հիվանդանալուց հետո զարգանում է անընկալություն տվյալ վարակի նկատմամբ, կրկնակի հիվանդացության դեպքերը հազվադեպ են: Բարդություններ չզարգանալու դեպքում հիվանդության ելքը բարենպաստ է:
Քութեշով հիվանդացած անձանց շարունակական հսկողությունը 1 ամիս է: Բուժումը ներառում է հակաբակտերիալ դեղեր:
Հորդորում եմ մեր ազգաբնակչությանը՝ ինքնաբուժումով չզբաղվել և առաջին իսկ գանգատների ի հայտ գալուց անպայման դիմել բժշկի: