Լուրեր
Կլինիկական դեպք` Արմենիա ՀԲԿ անոթային վիրաբուժական բաժանմունքում
65 տարեկան տղամարդն ընդունվել է «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունք հետևյալ գանգատներով՝ ձախ աճուկային շրջանում պուլսացող գոյացության առկայություն, ցավ և ծանրության զգացում ազդրի շրջանում: Պացիենտն ուներ սրտի իշեմիկ հիվանդություն, առկա էր զարկերակային ճնշման կայուն և մշտական բարձրացում։
2014-ին Արմենիա ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքում հիվանդը վիրահատվել է որովայնային աորտայի անևրիզմայի կապակցությամբ, կատարվել է աորտա-ազդրային պրոթեզավորում և աջ ստորին վերջույթի անդամահատում` ազդրի միջին երրորդից։
Բուժառուն նշում էր, որ 6 ամիս է, ինչ զգացել է գոյացություն` աճուկային շրջանում, սակայն վերջին 2 ամսվա ընթացքում նկատել է չափերի մեծացում։
Բաժանմունքում կատարվել են համապատասխան լաբորատոր և գործիքային հետազոտություններ (ներառյալ` ՀՏ-անգիոգրաֆիա)՝ վիրահատական մարտավարությունը որոշելու նպատակով: Արդունքում ախտորոշվել է՝ ձախ ընդհանուր ազդրային զարկերակի գիգանտ շերտազատված անևրիզմա` պրոթեզի դիստալ անաստամոզի ներգրավմամբ։
Ի՞նչ վիրահատություն է կատարվել:
Իրականացվել է հիբրիդ-վիրահատություն, որը ներառում է բաց և փակ վիրահատական միջամտությունները։ Կատարվել է պրոթեզի ձախ ոտիկի ժամանակավոր բալոնային օկլուզիա՝ արյունահոսությունից խուսափելու նպատակով և անևրիզմէկտոմիա, ծայրը ծայրին պրոթեզավորում։
Ինչպե՞ս է իրականացվել վիրահատությունը:
Հաշվի առնելով հիվանդի մոտ բաց վիրահատության (որովայնահատում) հնարավոր վտանգները, որոշվել է հիբրիդ-վիրահատություն իրականացրել։
Վիրահատությունն իրականցվել է մի քանի փուլով:
Պունկցիոն ճանապարհով կատարվել է մուտք՝ ձախ բազկային զարկերակից, տեղադրվել է JR 5F կատետոր: Այնուհետև կատարվել է անցում պրոթեզի ձախ ոտիկ, կատարվել է անգիոգրաֆիա: Առկա է ընդհանուր ազդրային զարկերակի գիգանտ շերտազատվող անևրիզմա 8 x 13 սմ` պրոթեզի ձախ ոտիկի ներգրավմամբ։ Կատարվել է դիստալ ոտիկի ժամանակավոր օկլուզիա` դիստալ հսկողության համար։ Նպատակն էր՝ առանց որովայնահատման փակել արյան հոսքի ճանապարհը դեպի անևրիզմա և կատարել անևրիզմայի հեռացում` առանց արյան կորստի։
Բաց եղանակով, տեխնիկական մեծ դժվարությամբ առանձնացվել է անևրիզման. առկա էր արտահայտված կպումային գործընթաց` ընդհանուր ազդրային երակի, մեծ ենթամաշկային երակի և ազդրային նյարդի հետ։ Վերջիններս մեծ դժվարությամբ առանձնացվել են։ Մակերեսային ազդրային զարկերակն օկլուզված էր։ Իրականացվել է անևրիզմայի հեռացում, պրոթեզի ձախ ոտիկի և խորանիստ ազդրային զարկերակի միջև պրոթեզավորում` ծայրը-ծայրին մեթոդով։ Կատարվել է կրկնակի անգիոգրաֆիա. մնացորդային նեղացումներ չեն հայտնաբերվել։
Վիրահատությունը տևել է 3,5 ժամ:
Ինչպե՞ս է ընթացել հետվիրահատական շրջանը:
Վիրահատությունից հետո սահմանվել է բուժառուի դինամիկ հսկողություն:
Հետվիրահատական շրջանի մոտավորապես 10-րդ օրը բուժառուն դուրս է գրվել` փակ վերքերով:
6 ամիս անց, կրկնակի այցի ժամանակ, կատարվել է ստորին վերջույթների անոթների դուպլեքս քննություն. անոթների անցանելիությունը լիովին պահպանված էր:
Ո՞րն է իրականացված վիրահատության յուրահատկությունը:
Հիբրիդ վիրահատությունները քիչ տրավմատիկ են, և հնարավորություն են տալիս վիրահատել անգամ ուղեկցող ծանր հիվանդություններ ունեցող բուժառուներին: Տվյալ դեպքում իրականացվել է անոթային հունի անգիոգաֆիկ հսկողություն, իսկ ամենակարևորը՝ անևրիզման հեռացնելու նպատակով կարիք չի եղել կատարել որովայնահատում և փակել պրոթեզը` անոթային սեղմակով։ Դա կատարվել է բալոնի միջոցով։
Վիրահատությունն իրականացվել է անոթային և էնդովասկուլյար վիրաբուժական թիմի կողմից:
Անոթային վիրաբույժներ` Հակոբ Հովիկի Առաքելյան, Վիրաբ Մանուկի Աղաբեկյան, Վրեժ Արթուրի Հովակիմյան, կլինիկական օրդինատոր` Արամ Սեդրակի Գևորգյան:



