Լուրեր
Ներգանգային գերճնշում՝ ինտրակրանիալ հիպերտենզիա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան

Ի՞նչ պատճառներ ունի ներգանգային գերճնշումը
Ներգանգային գերճնշումը /ՆԳԳ/ որպես համախտանիշ հանդիպում է շատ հիվանդությունների և պաթոլոգիական վիճակների ժամանակ: Այն արտահայտվում է գանգուղեղային վնասվածքների սուր շրջանում, նաև՝ որպես մնացորդային երևույթ, ցանկացած ներգանգային ծավալային գոյացությունների ժամանակ /ներգանգային հեմատոմա, ուռուցք, թարախակույտ, զարկերակա-երակային մալֆորմացիաներ, գլխուղեղի արյան սուր շրջանառության հետևանքներ, նեյրոինֆեկցիաներ, մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, բազալ արախնոիդիտ/ և այլն:
Որոշ պաթոլոգիաների դեպքում կարող է զարգանալ հիդրոցեֆալիա, որը նույնպես առաջացնում է ՆԳԳ:
Հիդրոցեֆալիան գլխուղեղի փորոքային համակարգում հավելյալ գանգուղեղային հեղուկի կուտակում է: Պատճառները տարբեր են, բայց բուժառուի կլինիկական վիճակը և հիվանդության ընթացքը կարող էն լինել բավականին ծանր: Եթե ժամանակին այն չի ախտորոշվում և մասնագիտացված օգնություն չի կազմակերպվում, հնարավոր են ոչ բարենպաստ ելքեր:
ՆԳԳ-ի տեսակները և ընթացքը
ՆԳԳ-ի դասակարգումից կարելի է առանձնացնել հետևյալ ձևերը՝ սուր, քրոնիկ, բարորակ:
Բարորակ ընթացող հիպերտենզիայի ժամանակ առկա է ՆԳ բարձր ճնշում, սակայն չկան կլինիկական վառ արտահայտումներ և շատ անգամ չի պահանջվում որևէ միջամտություն: Հաճախ այն զարգանում է, երբ ուղեղը հավասարակշռում (կոմպենսացնում) է իր՝ շրջակա հյուսվածքի վրա ազդող ճնշումը: Այսինքն, ճնշումը կտրուկ չի բարձրանում, և չի առաջանում նրան բնորոշ կլինիկական արտահայտումը:
Մյուս դեպքերում՝ հիդրոցեֆալիայի և ՆԳԳ հետևանքով առաջացած կլինիկական պատկերը կազմվում է սկզբում ընդհանուր ուղեղային երևույթներից՝ գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, կոորդինացիայի, հավասարակշռության խանգարում, գիտակցության խանգարում, մենինգեալ համախտանիշ, նաև բարձր ԶԳ: Եթե վիճակը չկարգավորվի՝ աստիճանաբար կամ բավականին արագ, կարող են զարգանալ ընդհանուր վիճակի վատացում մինչև կոմա, ուղեղի լուրջ փոփոխություններ՝ երբեմն՝ անվերադարձ:
Ն/Գ ճնշման բարձրացման հետևանքով կարող են լինել ծանր բարդություններ:
Ախտորոշումը
Տարբերակում են ՆԳԳ չափման ուղղակի և ոչ ուղղակի մեթոդներ: Վերջիններիս շարքում կիրառվում են ակնահատակի հետազոտություն, նեյրոսոնոգրաֆիա, ռենտգեն, ԿՏ, ՄՌՏ: Բոլոր հարակլինիկական մեթոդներն օգնում են ախտորոշման հարցում: Գոյություն ունի Ն/Գ ճնշման բացարձակ չափման եղանակ, որը համապատասխան ցերեբրալ ընդունիչ /դատչիկ/ է, որը տեղադրվում է ներգանգային շաղափային անցքի միջոցով: Վերջինս ճշգրիտ չափում է ներգանգային ճնշումը:
Հետազոտությունը կարող է իրականացվել երկարատև /օրեր/ մոնիտորինգի ձևով:
Լյումբալ պունկցիայի միջոցով ևս կարելի է բավական ճշգրտությամբ որոշել Ն/Գ ճնշումը, որը սովորաբար նորմայում կազմում է մոտավորապես 70-130 մմ. ջրի սյուն:
Բուժական մոտեցումները
Ն/Գ հիպերտենզիայի էթիոլոգիայից և տեսակից կախված՝ կիրառվում են բուժման և՛ կոնսերվատիվ, և՛ վիրահատական միջոցառումներ: Արդյունավետ դեղորայքային բուժման արդյունքում շատ դեպքերում հնարավոր է կարգավորել վիճակը: Բայց երբեմն լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է լինում վիրահատական միջամտություն, օրինակ, սուր հիդրոցեֆալիայի զարգացման ժամանակ:
Վիրահատական տեխնիկաների մեծամասնությունը կարելի է համարել պալիատիվ, այսինքն, ժամանակավոր օգնող՝ մինչև հիմնական պատճառի կարգավորումը: Շատ դեպքերում ներգանգային գերճնշումը պահանջում է և՛ երկարատև հետազոտություն, և՛ զուգահեռ՝ երկարատև բուժման այլ մարտավարություն: Երբեմն, պարզապես հնարավոր չէ պատճառ հանդիսացող պաթոլոգիական գործընթացն արմատական բուժման ենթարկել: Այդ ժամանակ կիրառվում է փորոքային պունկցիա /վենտրիկուլոպունկցիա/՝ ավելորդ հեղուկի մեխանիկական հեռացում:
Ինչպե՞ս է իրականացվում փորոքային պունկցիան
Վենտրիկուլոպունկցիան նաև համարվում է առաջին քայլ շունտավորող վիրահատությունների դեպքում, երբ դրենաժն անհրաժեշտ է կիրառել երկար ժամանակ: Ֆրեզային /շաղափային/ անցքի միջոցով մասնագիտացված դրենաժը /շունտը/ մի ծայրով տեղադրվում է գլխուղեղի կողմնային փորոքում, մյուս ծայրով ենթամաշկային տարածությամբ հաղորդակցվում է որևէ բնական խոռոչի՝ հիմնականում որովայնի խոռոչի հետ: Ստեղծվում է փակ համակարգ, որը չի հաղորդակցվում արտաքին միջավայրի հետ: Այդ համակարգը կարող է գործել երկարատև կամ մշտական՝ կատարելով իր գործառույթը՝ լավացնելով բուժառուի առողջական վիճակը և կյանքի որակը: