Լուրեր
Ողնուղեղի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան
Որո՞նք են ողնուղեղի ուռուցքների տեսակները
Ողնուղեղի ուռուցքները հանդիպում են ինչպես երեխաների, այնպես էլ՝ մեծահասակների մոտ: Ըստ տեղակայման՝ լինում են պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային:
Ներքևում, որտեղ նորմայում գտնվում է այսպես կոչված «ձիու պոչը» (ողնուղեղից դուրս եկող նյարդաթելերի խուրձն է), հիմնականում հանդիպում են ճարպային գոյացություններ՝ լիպոմաներ: Դրանք հիմնականում լինում են բնածին և ուղեկցում են «ֆիքսված ողնուղեղի» համախտանիշով կամ Spina bifida հիվանդությամբ։ Սրանք ինքնուրույն որևէ կլինիկական նշանով չեն արտահայտվում և հեռացվում են միայն այն դեպքերում, երբ հիվանդը (հիմնականում երեխաները) վիրահատվում է վերոնշյալ մյուս հիվանդությունների պատճառով։
Ողնուղեղի ուռուցքները լինում են ինտրամեդուլյար՝ ողնուղեղի ներսից աճող և էքստրամեդուլյար՝ դրսից աճող: Կան ուռուցքներ, որոնք աճում են ողնուղեղի ներքին խողովակի էպենդիմայից, դրանք կոչվում են էպենդիոմաներ: Լինում են ողնուղեղի կարծր թաղանթից ներս (ինտրադուրալ) և թաղանթից դուրս (էքստրադուրալ) աճող ուռուցքներ: Դասակարգվում են նաև հիստոլոգիորեն։
Բնականաբար, դասակարգվում են նաև բարորակի և չարորակի: Ողնուղեղի ուռուցքները, ի տարբերություն գլխուղեղի ուռուցքների, ավելի հաճախ բարորակ են լինում:
Երբեմն գործ ենք ունենում նևրինոմաների հետ, որոնք կարող են ողնաշարի խողովակի ներսից միջողային անցքով տարածվել դեպի առաջ՝ կրծքավանդակ կամ որովայնի խոռոչ: Դրանք բարորակ են, սակայն շատ մեծ ծավալի պատճառով լուրջ անհարմարություններ են պատճառում ու նյարդաբանական խնդիրներ առաջացնում: Այդ դեպքում դրանց հեռացնելու գործելակերպը բավականին բարդ է. վիրահատելիս միաժամանակ աշխատում են նյարդավիրաբույժը և աբդոմինալ կամ կրծքային վիրաբույժը:
Լինում են նաև նեյրոֆիբրոմաներ (նեյրոֆիբրոմատոզ I): Գերմանիայում հաճախ է հանդիպում նեյրոֆիբրոմատոզ հիվանդությունը, որը ևս կարող է բերել ողնուղեղի ճնշման /էքստրամեդուլյար բարորակ ուռուցք է/: Մեզ մոտ կարելի է հանդիպել եզակի բարձիթողի դեպքերի:
Ողնուղեղի ուռուցքները հաճա՞խ են մետաստազներ տալիս և այլ ուռուցքների մետաստազ լինում
Ողնուղեղի ուռուցքները հիմնականում առաջնային են: Ողնուղեղից մետաստազներ դեպի այլ օրգաններ նույնպես չեն լինում։
Կարևոր է տարբերակել ողնուղեղի ուռուցքը ողնուղեղի անոթային հիվանդություններից (արտերեո-վենոզ մալֆորմացիա, ֆիստուլա), որոնք առաջացնում են նման կլինիկական պատկեր, սակայն պահանջում են տարբերվող վիրաբուժական գործելակերպ (հիմնականում կատարվում է էնդովասկուլյար վիրահատություն)։
Ի՞նչ գործոններ են պատճառ հանդիսանում ողնուղեղի ուռուցքների առաջացման համար
Պատճառները նույնն են, ինչ որ գլխուղեղի ուռուցքների ժամանակ՝ ժառանգական նախատրամադրվածություն, վնասակար սովորություններ, վատ էկոլոգիա, վարակներ, ճառագայթում և այլն:
Ախտորոշման համար անհրաժեշտ հետազոտությունները
Ողնուղեղի ուռուցքների, դրանց տեղակայման, սահմանների, որակի և վիրաբուժական գործելաոճի ճշտման համար միակ եղանակն այսօր ողնաշարի ՄՌՏ-հետազոտությունն է` ներերակային կոնտրաստավորմամբ։
Դիֆերենցիալ ախտորոշումը հիմնականում դժվարություն չի ներկայացնում:
Կլինիկական արտահայտությունները
Հիվանդության սկզբնական շրջանում հիվանդի մոտ առաջանում են ցավեր վերին և/կամ ստորին վերջույթների շրջանում. նայած թե որ մակարդակում է ուռուցքը տեղակայված:
Դիտվում են նաև միզային խնդիրներ (միզակապություն կամ անմիզապահություն), աղիների գործառույթի՝ դեֆեկացիայի խանգարում: Որոշ ժամանակ անց ցավերին փոխարինում են տարբեր զգացողությունները (պարէսթեզիաներ), ի հայտ է գալիս վերջույթների թուլություն:
Եվ, բնականաբար, նման գանգատների դեպքում անհապաղ անհրաժեշտ է հետազոտվել և որոշել վիրաբուժական գործելակերպը:
Բուժման մոտեցումները, վիրահատական գործելակերպը
Ողնուղեղի ուռուցքները հիմնականում պահանջում են վիրահատություն։ Հետին մակերեսին գտնվող գոյացությունները համեմատաբար հեշտությամբ են հեռացվում։ Կախված ուռուցքի տարածվածությունից` այն հեռացնելուց հետո կարող է առաջանալ ողնաշարի ամրացման անհրաժեշտություն (տրանսպեդիկուլյար ֆիքսացիա)։
Ինտրամեդուլյար ուռուցքների պարագայում նյարդավիրաբույժը ստիպված է լինում հատել ողնուղեղի հյուսվածքը։ Նախապես ԷՕՊ սարքով, նեյրոնավիգացիոն կամ ներվիրահատական սոնոգրաֆիկ եղանակներով որոշվում է ուռուցքի հստակ տեղակայումը, սահմանները` առավելագույն պահպանողական գործելակերպի համար։
Առավել բարդ է ողնուղեղի առաջային մակերեսին մոտ գտնվող ուռուցքների հեռացումը, ինչը պայմանավորված է ողնուղեղից դուրս եկող նյարդերի և ողնուղեղը ֆիքսող կապանների անատոմիական տեղակայմամբ։
Ողնուղեղի բոլոր ուռուցքները հեռացվում են նյարդավիրաբուժական մանրադիտակի օգնությամբ։ Խիստ կարևոր է ներվիրահատական նեյրոմոնիտորինգի առկայությունը. միացվում են հատուկ էլեկտրոդներ բոլոր նյարդերի նյարդավորման տեղամասերում (դերմատոմներ) /եղանակը կիրառվում է նաև գլխուղեղի ուռուցքների ժամանակ/։


