Լուրեր
Հարքթային խոռոչների հիվանդություններ. քիթ-կոկորդ-ականջաբան Գայանե Սարգսյան
Հարքթային խոռոչների բորբոքային խնդիրների պատճառները
Հարքթային խոռոչների բորբոքային հիվանդությունների պատճառները տարբեր վարակներն են՝ վիրուսային և բակտերիալ, որոնք ներթափանցում են հիմնականում քթի խոռոչից: Պատճառներից են նաև տարբեր վնասվածքները՝ կենցաղային և վիրահատական:
Բորբոքային գործընթացների զարգացման մեխանիզմը
Հարքթային խոռոչների բորբոքումն իր մեխանիզմով գրեթե չի տարբերվում քթի խոռոչում ընթացող բորբոքումից՝ լորձաթաղանթի այտուց, հաստացում, և գրեթե միշտ զարգանում է որպես քթի խոռոչի խնդիրների բարդություն, քանի որ այդ խոռոչները դրենավորվում են քթի խոռոչների միջոցով: Քթի խոռոչի անատոմիական կամ ֆիզիոլոգիական խնդիրների պատճառով փակվում են ծոցերի ծորանները, և, բնականաբար, գործընթաց է սկսվում նաև այդ խոռոչներում (հետին էթմոիդալ խորշիկներ, հայմորյան և ճակատային ծոցեր): Հարքթային խոռոչներում երբեմն անատոմիական խնդիրների, վնասվածքի պատճառով, կարող է նաև զարգանալ առանձին բորբոքային գործընթաց, այնուամենայնիվ, խոռոչների խնդիրները հիմնականում քթի խոռոչի բորբոքման հետևանք են:
Հարքթային խոռոչների բորբոքումների ընթացքը
Հարքթային ծոցերում և բոլոր բորբոքային հիվանդությունների ժամանակ մինչև 1 ամիսը համարվում է սուր ընթացք, 1-3 ամիսը՝ ենթասուր, իսկ 3-ից հետո հիվանդության ընթացքը համարվում է քրոնիկ:
Կլինիկական արտահայտությունը
Հարքթային խոռոչների սուր բորբոքման հիմնական գանգատներից է ցավը: Եվ հենց միայն ցավի տեղակայմամբ կարելի է նախնական ախտորոշել, թե ո՞ր խոռոչն է բորբոքված: Օրինակ, եթե ցավը դեմքի շրջանում է, ուժեղանում է գլուխը կախելիս, ուղեկցվում է ծանրության զգացումով, կարելի է մտածել, որ գործ ունենք վերծնոտային խոռոչի ախտահարման՝ հայմորիտի հետ:
Հաջորդ ախտանշանը քթային արտադրությունն է: Արտադրության հոսքի ուղղվածությունը ևս կարող է ախտորոշման համար ուղղորդող նշան լինել: Օրինակ, եթե հիվանդը կարողանում է մաքրել քթի խոռոչը, կարելի է մտածել ֆրոնտալ (ընդհանուր), էթմոիդալ խորշիկների բորբոքման մասին: Հայմորյան ծոցի բորբոքման ժամանակ ևս քթարտադությունը հոսում է բերանով:
Ախտորոշումը
Ախտորոշման ամենակարևոր մեթոդը ռենտգեն հետազոտությունն է: Բայց, քանի որ, ծոցերի բորբոքումները հաճախ կարող են քրոնիկ ընթացք ունենալ, կատարվում է նաև ՀՏ, իսկ ուռուցքային կամ այլ խնդիրների կասկածի դեպքում նշանակվում է ՄՌՏ հետազոտություն: Հարքթային ծոցերի դեպքում վիրահատության ժամանակ կիրառվում է էնդոսկոպիկ հետազոտություն՝ բնական բացվածքներով ստուգման նպատակով:
Բուժումը
Հարքթային խոռոչների բորբոքումը սուր և ենթասուր շրջաններում` հիմնականում կապված լինելով քթի խոռոչի վարակների հետ, բուժական նույն մոտեցումներն է պահանջում, և քթի խոռոչի բուժումը լուծում է նաև խոռոչների խնդիրը: Խոռոչների քրոնիկ բորբոքումների դեպքում կարևոր է նախ պարզել դրանց պատճառը և ըստ դրա ուղղորդվել բուժման հարցերում: Հաճախ ծոցերի քրոնիկ բորբոքումներն անատոմիական, կառուցվածքային խնդիրների հետևանք են, և նման դեպքերում հարկ է լինում կատարել վիրահատական միջամտություն:


