«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

«Արմենիա» ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի գործունեությունը. հարցազրույց Սիրանուշ Ավագյանի հետ

«Արմենիա» ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի գործունեությունը. հարցազրույց Սիրանուշ Ավագյանի հետ

«Արմենիա» ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքը միշտ բարձր է պահել հիվանդանոցի համբավն ամբողջ հանրապետության մակարդակով: Այստեղ՝ առանց բացառության և առանց հաշվի առնելու սոցիալական կամ այլ խնդիր, մշտապես ձեռք են մեկնում բոլորին:

 

Հպարտ ենք, որ մեզ մոտ ծայրահեղ վիճակից, գրեթե մահվան ճիրաններից հիվանդներ են կյանք վերադառնում:

 

Ի՞նչ խնդիրներով հիվանդներ են ավելի հաճախ ընդունվում վերակենդանացման բաժին:

 

Բաժանմունք ընդունվում են ամենատարբեր խնդիրներով հիվանդներ. հանրապետության տարբեր հիվանդանոցներից դիմում են և՛ շնչառական անբավարարությամբ, և՛ գիտակցության կորստով, և՛ արհեստական  շնչառական սարքի  կարիք ունեցող թունավորումներով, և՛ սուիցիդալ մտքերով տառապող, ինքնասպանության փորձ արած հիվանդներ:

 

Ինչպիսի՞ն է աժանմունքի հագեցվածությունը:

 

Բաժանմունքը հագեցված է բժշկության ներկա մակարդակին համապատասխան, հետազոտություններ կազմակերպելու և օգնություն ցուցաբերելու բոլոր անհրաժեշտ միջոցներով, մասնագիտական գիտելիքներով զինված, աշխատանքին նվիրված բժիշկներով, միջին բուժանձնակազմով: Նորացվում են սարքերը, ունենք վերջին սերնդի ռենտգեն, սոնոգրաֆիկ սարքեր, ԷՍԳ, ՀՏ և այլն:

 

Մշտադիտարկումը պարբերաբար փոխվում է: Շնորհակալ ենք տնօրինությանը, քանի որ ցանկացած հարց կարող ենք ներկայացնել և աջակցություն ստանալ:

 

Խոսենք անձնակազմի մասին

 

Մեր բաժանմունքում արդեն ձևավորվել է ժամանակի փորձություն անցած անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ բժիշկների հիանալի թիմ:

 

Բժիշկներից յուրաքանչյուրը անհատականություն է: Նրանք միշտ պատրաստ են միմյանց հետ խորհրդակցելու, քննարկելու ցանկացած հարց, յուրաքանչյուր հիվանդի վերաբերյալ ազատ վերլուծություն կատարել և աշխատել երբեմն աշխատանքից դուրս ժամերին, եթե դա պետք է հիվանդին:

 

Տարբեր բաժանմունքներում կան ավագ ընկերներ, որոնց հետ հիվանդների վերաբերյալ մասնագիտական խորհրդակցություններ ենք իրականացնում և յուրաքանչյուրը՝ իր մոտեցումը, կարծիքն արտահայտելով, օգնում է դժվար դեպքերում ճիշտ կողմնորոշվելու:

 

Միջին բուժանձնակազմի, բուժակների, մայրապետերի աշխատանքը ևս անթերի է. նրանք և՛ պատերազմի, և՛ քովիդի բռնկման ժամանակ անձնվիրաբար, գիշեր-ցերեկ աշխատեցին, դրսևորեցին իրենց մարդկային ջերմ վերաբերմունքը: Պատերազմի օրերին մեր բժիշկները, առանց վարանելու, միջին բուժանձնակազմի հետ խմբեր կազմած մեկնել են Արցախ: Մայրապետերը բաժանմունք ընդունված զինվորներին հարազատի սիրով և նվիրվածությամբ էին խնամում ու հոգ տանում: Անհնար է չհպարտանալ մեր ազգային առանձնահատկություններով, փոխադարձ նվիրվածությամբ: Դժվարին իրավիճակում մենք ունակ ենք դրան:

 

Մեր մասնագետներն արտերկրում մասնակցում են գիտաժողովների, վերապատրաստումների, կապ են պահպանում արտասահմանյան գործընկերների հետ: Հանրապետության մակարդակով պարբերաբար գիտաժողովներ են անցկացվում: Սակայն քովիդի ամենաակտիվ բռնկման ժամանակահատվածում դա, իհարկե, իրականացվում էր առցանց: Այժմ վերսկսվել են համատեղ կոնֆերանսների կազմակերպումը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների ասոցիացիան պարբերաբար հավաքներ է կազմակերպում, որի շրջանակում քննարկվում են կլինիկական հրատապ դեպքեր:


Ի՞նչ ծրագրեր և նպատակներ ունեք:

 

Ծրագիր կա բաժանմունքն ավելի մեծացնելու: Բնականաբար կավելանա և՛ անձնակազմը, և՛ հագեցվածությունը: Դա կարևոր է, քանի որ քովիդի բռնկման ժամանակ, ամբողջ հանրապետության հիվանդանոցներում հիվանդներին ընդունելու խնդիր կար․ եղած մահճակալային ծավալը չէր բավականացնում:

 

Խոսենք երիտասարդ կադրերի մասին:

 

Տնօրինության կողմից ընդառաջ քայլ է կատարվում՝ ապագա բժիշկներին, բժշկի օգնականներին մասնագիտական աճի համար պայմաններ ստեղծելու համար: Նրանք, մեր կողքին գտնվելով, մեր ուղեկցությամբ, կարողանում են միջամտություններ անել և խորհրդակցել բոլոր հարցերով: Տեսական հիմք տալիս է ժշկական համալսարանը, իսկ գործնական  փորձը ձեռք են բերում այստեղ:


07.03.2022