«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Քթի խոռոչի բորբոքային հիվանդությունները. Գայանե Սարգսյան

Քթի խոռոչի բորբոքային հիվանդությունները. Գայանե Սարգսյան

Ինչպե՞ս է արտահայտվում քթի խոռոչի բորբոքային ախտաբանությունը:

 

Քթի խոռոչի բորբոքային հիվանդություններից՝ ռինիտներին վերաբերող թեման արդիական է: Դրանք ուղեկցվում են քթից տարբեր քանակի լորձային արտադրությամբ և քթային շնչառության դժվարացմամբ: Որոշ գործոնների ազդեցությամբ բարձրանում է քթի լորձաթաղանթի պատասխան ռեակցիան (հակազդեցությունը) արտաքին և ներքին ազդակներին, որը գերազանցում է քթի լորձաթաղանթի պաշտպանական կամ հարմարողական համակարգերին, և որի հետևանքով զարգանում է բորբոքային գործընթաց:

 

Ռինիտով հիվանդանում են բոլոր տարիքային խմբերը։ Այն ամբողջ աշխարհում ամենատարածված հիվանդություններից է:

 

Ռինիտների դասակարգումը

 

Կան ռինիտների տարբեր տեսակներ, բայց դրանց մեջ մեծ տեղ է տրվում ինֆեկցիոն ռինիտներին, հատկապես ներկայում, որովհետև վերջին երեք տարիների ընթացքում ի հայտ եկած քովիդը՝ իր բոլոր առանձնահատկություններով, ուղեկցվում է շնչուղիների բորբոքային հիվանդություններով՝ ռինիտներով, սինուսիտներով, բրոնխիտներով և թոքաբորբերով:

 

Ռինիտների զարգացման պատճառները

 

Ռինիտների զարգացման հիմնական պատճառը հարուցիչներն են: Սուր ռինիտների դեպքում դրանք տարբեր վիրուսներն են՝ ռինովիրուսներ, կորոնավիրուսներ, գրիպի վիրուս, որոնք մեր շրջապատում միշտ կան և միշտ էլ կլինեն: Դրանց ազդեցությամբ զարգանում է բորբոքային հիվանդություն, որը հետո վերջանում է բակտերիալ ինվազիաներով: Վիրուսը ճանապարհ է հարթում բակտերիալ վարակի ներդրման և տարածման համար: Բացի վիրուսային վարակներից քթի խոռոչի բորբոքային հիվանդություններ կարող են զարգանալ նաև վնասվածքների հետևանքով: Վերջերս, հատկապես պատերազմից հետո, շատ էին քթի և հարակից խոռոչների վնասվածքները, որոնց հետևանքով բորբոքային հիվանդություններ և տարբեր ռինոգեններ ու արտագանգային բարդություններ են զարգացել: Վնասվածքային ռինիտներ կարող են զարգանալ նաև վիրահատական միջամտությունների հետևանքով, մասնավորապես, ագրեսիվ, ավելի վնասվածքային ռինոլոգիական միջամտությունների դեպքում կարող են զարգանալ տարբեր ատրոֆիկ արտահայտություններ: Այդ պատճառով միշտ ավելի նախընտրելի են էնդոսկոպիկ միջամտությունները:

 

Քթի խոռոչի բորբոքային հիվանդությունների ախտանշանները

 

Քթի խոռոչի բորբոքային հիվանդություններից ռինիտների հիմնական արտահայտություններն են՝ քթային շնչարգելությունը և քթահոսությունը: Կախված պատճառներից՝ կարող են միանալ նաև այլ գանգատներ: Ալերգիկ ռինիտների դեպքում քթահոսությունն արտահայտվում է անկառավարելի հոսունությամբ:

 

Առանձնահատուկ վարակի ժամանակ սովորական ախտանշաններին միանում են նաև առանձին ախտանշաններ:

 

Ռինիտների զարգացումն ունի երեք շրջան՝ առաջինը դատարկ շրջանն է, երբ դեռևս սեկրեցիա (արտազատում) չկա, միայն բորբոքում է, և լորձաթաղանթը դեռ չոր է: Այդ շրջանում շնչելու ժամանակ նույնիսկ այրոցի զգացողություն կարող է լինել: Երկրորդ շրջանում գործում է ջրային, սերոզ քթահոսության պաշտպանական համակարգը, երբ լորձաթաղանթը փորձում է մաքրվել, ազատվել օտարածին լրտեսներից, մասնիկներից: Երրորդը ախտանշանների նվազման շրջանն է, որը տևում է 5-7 օր: Այդ փուլում արտադրությունը նվազում է, դառնում է մածուցիկ, լորձաթաղանթը կարգավորվում է, այտուցն իջնում է: Նույն գործընթացը տեղի է ունենում նաև հարքթային խոռոչներում:

 

Բորբոքային արտահայտությունների համակարգը

 

Քթի խոռոչի բորբոքային խնդիրների դեպքում՝ անկախ պատճառականությունից, վերին շնչուղիներում՝ ինչ-ինչ պատճառներով պայմանավորված (ալերգեն, սունկ, վիրուս), ընթանում է վազոմոտոր ռեակցիա (հակազդեցություն): Լայնանում են անոթները, որոնցով շատ հարուստ է քթի խոռոչը: Զարգանում է արտերիոլների (նրբազարկերակներ)  և վենոլների ստազ (դանդաղեցում, կանգ), բարձրանում է ճնշումն անոթներում՝ այն դառնում է ավելի բարձր, քան արյան օսմոտիկ ճնշումն է, և արդյունքում տեղի է ունենում արյան հեղուկ մասի անցում դեպի անոթներ, զարգանում է քթի խոռոչի լորձաթաղանթի այտուց, լորձաթաղանթի օբստրուկցիա (խցանում): Մյուս կողմից վազոմոտոր ռեակցիաների (հակազդեցություն) հետևանքով առաջանում են քթի լորձաթաղանթի փոփոխություններ՝ մաքրման գործառույթով օժտված թարթչավոր էպիթելն ախտահարվում է, պակասում են թարթիչները և ավելանում սեկրեցիա առաջացնող գլանաձև բջիջները: Արդյունքում առաջանում է հիպերսեկրեցիա՝ քթահոսություն: Նաև քթի լորձաթաղանթի խորանիստ շերտերի գեղձերն են ակտիվանում, և ավելի է դրդվում քթահոսությունը:

 

Ռինիտների բարդությունները

 

Կարծիք կա, որ եթե առկա է սուր ռինիտ՝ զուգահեռ կա նաև սուր հարքթային խոռոչների բորբոքում: Սուր ռինիտի դեպքում իրականացված հետազոտություններով հաճախ կարող են հայտնաբերվել նաև սուր սինուսիտներ (հարքթային խոռոչների բորբոքում), որոնք արտահայտվում են լորձաթաղանթի այտուցով, հաստացումով: Որպես կանոն, այդ դեպքերում խոռոչների խնդիրների համար որևէ միջամտության կարիք չի լինում. ռինիտի բուժմանը զուգահեռ բուժվում են նաև այդ խոռոչները: Բայց երբեմն սուր ռինիտի հետևանքով կարող է և լուրջ բարդություն առաջանալ՝ կապված օրգանիզմի իմուն վիճակից, անատոմիական և

 

ֆիզիոլոգիական նախատրամադրող գործոններից, պրոմորբիդ հիվանդություններից՝ դիաբետ և այլն: Վիճակագրության համաձայն՝ օտոգեն ներգանգային բարդություններն ավելի քիչ մահացու ելք ունեն, քան` ռինոգենները:


Ախտորոշման մեթոդները

 

Ռինիտների ախտորոշման համար՝ սուբյեկտիվ գանգատներից բացի, կարևոր են նաև օբյեկտիվ հետազոտման մեթոդները՝ ռինոսկոպիան և կասկածների դեպքում՝ քթի, հարքթային խոռոչների հետազոտության ոսկե ստանդարտ, ռենտգեն հետազոտությունը: Քրոնիկ բորբոքումների ժամանակ արդեն միանում են ՀՏ հետազոտությունը, իսկ բարդացած վիճակներում, ուռուցքների կասկածի դեպքում լրացուցիչ կատարվում է նաև ՄՌՏ, որն առավել տեղեկատվական է ուռուցքների դեպքում: Իհարկե, միշտ առաջնային օղակում ամենակարևորը մնում է ռենտգեն հետազոտությունը, որը քիչ տեղեկատվական է` համեմատած ՀՏ-ի հետ և գնային առումով` ավելի մատչելի: Ժամանակակից բժշկության մեջ քթի խոռոչի հետազոտման համար կիրառվում են նաև ֆիբրոսկոպիկ հետազոտման մեթոդներ, որոնք ոչ ինվազիվ են (առանց վիրահատական միջամտության), և ճառագայթման գործոնը բացակայում է:

 

Բուժումը

 

Ինֆեկցիոն վիրուսային ռինիտը բուժում չի պահանջում: Մինչև 14 օր բորբոքումը համարվում է վիրուսային: Այդ ընթացքում բավական է օգնել քթի խոռոչին՝ գործադրելու սեփական մաքրման համակարգերը:

 

Ցանկալի է օգտագործել հիպերտոնիկ, իզոտոնիկ աղային լուծույթներ:

 

Եթե քթահոսությունը շատ առատ է, կարելի է նշանակել թեթևացնող, այտուցը վերացնող նաև անոթասեղմիչ դեղեր՝ 5-7 օր, ոչ ավելի, քանի որ հետո արդեն դրանք ունենում են հակադարձ ազդեցություն: Եթե առկա է ջերմային ռեակցիա (հակազդեցություն), արդեն կարելի է օգտագործել ցավազրկողներ, վիտամինային բուժում՝ վիտամին C, որն իջեցնում է հյուսվածքներում անոթների թափանցելիությունը և վիտամին D, որը բարձրացնում է իմունիտետը և այլն: Հակաբիոտիկների նշանակման կարիք չկա:

 

Եթե գործընթացը ձգվում է 14 օրից ավելի, փոխվում է արտադրության բնույթը, ակտիվանում են բակտերիաները, ցավեր են սկսվում հարքթային խոռոչների շրջաններում, համապատասխան ցուցումների դեպքում պետք է մտածել հակաբակտերիալ բուժման մասին:

01.03.2022