«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Ուռուցքային հիվանդությունների ախտորոշման մեթոդները. ուռուցքաբան Վահագն Համբարձումյան

Ուռուցքային հիվանդությունների ախտորոշման մեթոդները. ուռուցքաբան Վահագն Համբարձումյան

Ի՞նչ սկզբունքով են ընտրվում ուռուցքային հիվանդությունների ախտորոշման մեթոդները:

 

Ուռուցքային հիվանդությունների ախտորոշման բազմապիսի մեթոդներ կան։ Դրանց կիրառումը կախված է նրանից, թե օրգան-համակարգում է  ուռուցքն առաջացել:

 

Կան հետազոտության մեթոդներ, որոնք կիրառվում են գրեթե բոլոր դեպքերում, կան նաև մեթոդներ առանձին օրգանների հետազոտման համար:

 

Որո՞նք են այդ մեթոդները:

 

Կիրառվող հիմնական մեթոդներից են համակարգչային շերտագրումը, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան, պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան, ուլտրաձայնային հետազոտությունները, բիոփսիան, ինչպես նաև, ընդհանուր մեթոդներից զատ, կիրառվող առանձնահատուկ մեթոդները:

 

Կախված առանձին ուռուցքների տեսակներից, ընդհանուր մեթոդներին զուգահեռ, կիրառվում են նաև առանձին նեղ մասնագիտական հետազոտություններ, որոնք նշանակում են համապատասխան մասնագետները. կրծքագեղձի ուռուցքների դեպքում՝ մամոգրաֆիա, գինեկոլոգիական ուռուցքների դեպքում` կոլպոսկոպիան կամ հիստերոսկոպիան և այլն:

 

Այս հետազոտություններից բացի արյան մեջ որոշվում են նաև օնկոմարկերները, որոնք կարևոր ախտորոշիչ նշանակություն ունեն:

 

Օնկոմարկերները սպիտակուցներ են, որոնց քանակական ցուցանիշն ուռուցքների առկայության ժամանակ շատ բարձր է: Նրանք փոքր քանակով օրգանիզմում առկա են միշտ, որոշ չափով ավելանում են նաև բորբոքային հիվանդությունների դեպքում:

 

Այս բոլոր մեթոդները կիրառվո՞ւմ են մեր երկրում:

 

Այո, բոլոր նշված մեթոդները Հայաստանում կիրառվում են:

 

Իսկ կա՞ն մեթոդներ, որոնք նոր են և` կա՛մ դեռ քիչ են կիրառվում, կա՛մ դեռ փորձարկումների փուլում են:

 

Նորարարությունները բժշկության մեջ շատ են, միշտ կան, անընդհատ բնույթ են կրում: Նորարարություններ կան բոլոր տիպի ուռուցքների բուժման մեջ, և որոշ մեթոդներ արդեն կիրառվում են:

 

Վերջին շրջանում ուռուցքաբանությունը զարգանում է իմունաթերապիայի ուղղությամբ, և քիմիաթերապիայի որոշ բուժումներ արդեն փոխարինվում են իմունաթերապիայով: Հիմքում իմուն համակարգի կարգավորումն է, երբ իմունիտետն ավելի արդյունավետ է պայքարում ուռուցքային բջիջների դեմ: Արդյունքները բավականին գոհացուցիչ են. արդյունավետությունը բարձր է:

 

Բժշկության մեջ մեծ թափով զարգանում է նաև բժշկական գենետիկան՝ գենային ինժեներիան, և ներկայում կան որոշ հիվանդություններ, որոնք հնարավոր է բուժել գենային թերապիայով: Այն արդեն կիրառվում է, սակայն խիստ սահմանափակ հիվանդությունների դեպքում:

14.03.2022