Լուրեր
Ուռուցքային հիվանդությունների ռիսկի գործոնները և կանխարգելումը. հարցազրույց ուռուցքաբան Վահագն Համբարձումյանի հետ
Որո՞նք են ուռուցքային հիվանդությունների ռիսկի գործոնները:
Ուռուցքային հիվանդությունների ռիսկի գործոնները բազմաթիվ են և կախված են կոնկրետ ուռուցքային հիվանդությունից: Կան գործոններ, որոնք գրեթե բոլոր ուռուցքային հիվանդությունների համար ռիսկի գործոններ են. Դրանք, առաջին հերթին, մթնոլորտի, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, վնասակար սովորությունները և պասիվ ապրելակերպն է: Դրանից զատ, կան գործոններ, որոնք նպաստում են կոնկրետ ուռուցքների զարգացմանը:
Շրջակա միջավայրի՝ օդի, ջրի, հողի մեջ առկա վնասակար նյութերը, և վնասակար սովորությունների շատ գործոններ՝ ծխելը, հավելյալ քաշը, ճարպոտ և արագ սննդի, ալկոհոլի չարաշահումը, վնասակար ազդեցությունն ունեն օրգանիզմի վրա` հատկապես ուռուցքային հիվանդությունների դեպքում:
Ամենակարևոր ընդհանուր գործոններից է նաև ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը: Վերջին շրջանում մարդկանց աշխատանքը, կյանքը նստակյաց բնույթ են կրում, և պատճառը համակարգիչները, հեռուստացույցները, ավտոմեքենաներն են: Դրանք նպաստում են բազում խնդիրների, այդ թվում նաև՝ ուռուցքային հիվանդությունների առաջացման:
Ինչպե՞ս խուսափել այդ գործոններից:
Շրջակա միջավայրի աղտոտվածութան պատճառով ուռուցքաբանները խորհուրդ են տալիս՝ հատկապես մեծ քաղաքների բնակիչներին, ժամանակ առ ժամանակ մեկնել քաղաքից դուրս այնպիսի վայրեր, որտեղ կան լճեր, գետեր, անտառ, մաքուր օդ և ամսվա ընթացքում գոնե մեկ-երկու անգամ որոշ ժամանակ անցկացնել բնության գրկում:
Վնասակար սովորություններից՝ ծխելուց, ալկոհոլի օգտագործելուց, պարզապես պետք է հրաժարվել: Խորհուրդ է տրվում օգտագործել առողջ և ոչ անհայտ ծագման սնունդ, կենդանական ճարպը փոխարինել բուսական յուղով, սննդում գերակշռողը պետք է լինեն միրգը և բանջարեղենը, անհրաժեշտ է հնարավորին բացառել նաև գենետիկ փոխված (մոդիֆիկացված) մթերքների օգտագործումը:
Մոդիֆիկացված միրգ-բանջարեղենը և այլ մթերքները ներկայում շատ տարածված են, բայց Հայաստանում այդ խնդիրը դեռևս ուշադրության կենտրոնում չէ:
Անհրաժեշտ է նաև առողջ ապրելակերպ վարել, զբաղվել մարմնամարզությամբ, օրգանիզմի կոփումով:
Խոսենք մասնավոր դեպքերի ռիսկերի մասին:
Առանձին ռիսկերը բավականին տարբեր են. օրինակ, կրծքագեղձի ուռուցքների համար հիմնական ռիսկային գործոններից է տարիքը (50-նն անց կանանց մոտ վտանգն ավելի մեծ է), դաշտանային ցիկլի վաղ սկսելը, ուշ դաշտանադադարը, գենետիկ փոփոխությունների առկայությունը, ճարպակալումը, ալկոհոլի չարաշահումը: Արդեն ապացուցված է BIRADS 1 և BIRADS 2 գեների մուտացիայի անմիջական կապը կրծքագեղձի քաղցկեղի հետ, և եթե դրանք կնոջ մոտ փոփոխված են, կարող է առաջանալ կրծքագեղձի քաղցկեղ:
Աղեստամոքսային համակարգի (ստամոքս, հաստ աղի, ենթաստամոքսային գեղձ) քաղցկեղների առաջացման գործընթացում սպեցիֆիկ գործոն գրեթե չկա: Մասնավորապես, հաստ աղու քաղցկեղի դեպքում շատ մեծ դեր ունի անառողջ սննդի օգտագործումը: Խորհուրդ է տրվում օգտագործել միայն առողջ սնունդ՝ ճարպոտ սննդի բացառմամբ:
Կարո՞ղ է կենցաղային տեխնիկայի որոշ տեսակների գործածումը նպաստել ուռուցքների առաջացմանը:
Ներկայում կենցաղային տեխնիկայի վնասակարությունը հաստատող հետազոտություններ չկան:


