«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Աղիների միկրոբիոմը և նրա ազդեցությունն օրգանիզմի վրա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ

Աղիների միկրոբիոմը և նրա ազդեցությունն օրգանիզմի վրա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ

Ի՞նչ է աղիների միկրոբիոմը:

 

Աղիների միկրոֆլորան բազմաբաղադրիչ էկոհամակարգ է: Աղիներում ապրում են 500-ից ավելի միկրոօրգանիզմներ, որոնցից յուրաքանչյուրն իր կարևոր և ուրույն դերակատարումն ունի և՛ աղիներում, և՛ ընդհանրապես օրգանիզմում: Նորմալ աղիքային միկրոֆլորայի ձևավորումն սկսվում է մարդու ծննդյան պահից: Դա վերաբերում է բիֆիդո-լակտոբակտերիաներին և այլ միկրոօրգանիզմների: Բայց միկրոֆլորան վերջնականապես ձևավորվում է տարիների ընթացքում:

 

Ի՞նչ միկրոբներից է ձևավորվում աղիների միկրոֆլորան:

 

Աղիքային միկրոֆլորայի հիմնական մասը՝ մոտավորապես 95 տոկոսը, կազմված է հաստ աղում առկա բիֆիդոբակտերիաներից: Լակտոբակտերիաները և այլ բակտերիաներ (աղիքային ցուպիկ, էնտերոկոկ) ևս առկա են որոշակի քանակությամբ:
Ախտածին բակտերիաներն են՝ ստաֆիլոկոկերը, կլոստրիդիաները, կապույտ թարախային ցուպիկը և այլ բակտերիաներ:

 

Ի՞նչ դեր ունի միկրոֆլորան:

 

Նորմալ աղիքային միկրոֆլորայի շնորհիվ տեղի է ունենում սննդի մարսումը, վիտամինների, միկրոտարրերի յուրացումը, նպաստում են վիտամինների սինթեզին, թունազերծմանը, որի շնորհիվ կանխվում է տոքսինների ներմուծումն օրգանիզմ, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը:
 

Սակայն, հաճախ, էկզոգեն և էնդոգեն որոշ գործոնների հետևանքով, օրգանիզմում տեղի են ունենում գործընթացներ, որոնց արդյունքում խաթարվում է աղիների նորմալ միկրոֆլորայի գործունեությունը: Նման դեպքերում գլուխ է բարձրացնում ախտածին միկրոֆլորան, զարգանում է դիսբիոզ կամ դիսբակտերիոզ: Դիսբակտերիոզը հիվանդություն չէ, այն համարվում է համախտանիշ՝ օրգանիզմի մի վիճակ, որն առաջանում է արտաքին և ներքին գործոնների ազդեցությամբ, երբ խանգարվում են սննդի նեխման, խմորման, թունազերծման, դետոքսիկացիոն գործընթացները:

 

Որո՞նք են միկրոֆլորայի վրա ազդող գործոնները:

 

Արտաքին (էկզոգեն) գործոններից ամենահաճախակ հանդիպողը հակաբակտերիալ գործոնն է: Շատ հաճախ հակաբիոտիկների անհիմն կամ անգամ հիմնավորված օգտագործումը բերում է աղիների ներքին նորմալ կազմության խախտման, առաջանում են միկրոֆլորայի քանակական փոփոխություններ՝ բիֆիդո և լակտոբակտերիաների պակասում, իսկ ախտածինների՝ ավելացում:

 

Միկրոֆլորայի խախտումը կարող է առաջանալ նաև սննդային գործոնի հետևանքով, սակայն այս դեպքում հեշտորեն է վերականգնվում:
 

Ներքին (էնդոգեն) գործոններից են՝ Կրոնի հիվանդությունը, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը, ուռուցքային հիվանդությունները, ճառագայթային թերապիան, որոնք ևս կարող են առաջացնել աղիների նորմալ միջավայրի խաթարում:

 

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում աղիների միկրոֆլորայի խախտումը:

 

Երբ աղիներում նորմալ վիճակում սննդի քայքայում է ընթանում, արդյունքում արտադրվում են որոշ քանակի թունավոր նյութեր՝ բուդեստին, կադավերին, ֆենոլ, հիստամին, հիստամինանման նյութեր: Բայց եթե առկա է դիսբիոզ վիճակ, այդ թունավոր նյութերն առաջանում են մեծ քանակությամբ, որը բերում է կլինիկական ախտանշանների արտահայտման՝ մաշկային ցանավորումներ (եղնջացան, ակնե և այլն):

 

Դիսբակտերիոզի դեպքում կլինիկորեն կարող են արտահայտվել տհաճ զգացողություն աղիներում, վքնածություն, գազերի կուտակում, աղիների անկանոն գործունեություն՝ լուծ, փորկապություն:

 

Ինճպե՞ս բուժել:

 

Առանձնահատուկ բուժում չի առաջարկվում, քանի որ դիսբակտերիոզը որոշ գործոնների ազդեցությամբ առաջացած վիճակ է, և միկրոֆլորան ինքնուրույն վերականգնվելու հատկություն ունի:

 

Անհրաժեշտության դեպքում գտագործվում են պրո- պրեբիոտիկներ, սիմբիոտիկներ (պարունակում են և՛ պրո, և՛ պրեբիոտիկներ): Դրանք կենսաբանական հավելումներ են, որոնք կարգավորում են աղիների միկրոֆլորայի հավասարակշռությունը: Կիրառվում են նաև սննդային հավելումներ, հարկ է կարգավորել սննդային ռեժիմը՝ վիտամիններով հարուստ սնունդ և այլն:

 

Դիսբիոզը կարելի է վերացնել՝ կանխելով ախտանշանների պատճառները. չչարաշահել հակաբիոտիկների կիրառումը: Ամենակարևորն է՝ չզբաղվել հակաբիոտիկներով ինքնաբուժությամբ և բժշկին պետք է դիմել ժամանակին:

12.11.2021