«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Սեպտոպլաստիկա. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ռինոպլաստիկ և ՔԿԱ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ

Սեպտոպլաստիկա. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ռինոպլաստիկ և ՔԿԱ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ

Ի՞նչ է սեպտոպլաստիկան:

 

Սեպտոպլաստիկան  քթի միջնապատի դեֆորմացիայի ուղղման վիրահատական մեթոդն է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, ընդհանրապես, իդեալական ուղիղ միջնապատ չի հանդիպում, և երկրագնդի բնակչության մոտ 90%-ն ունի տարբեր աստիճանների արտահայտված միջնապատի դեֆորմացիա:

 

Որո՞նք են քթի միջնապատի դեֆորմացիայի պատճառները:

 

Քթի դեֆորմացիայի հիմնական պատճառ է արտաքին քթի ոսկրային հենքի և միջնապատի աճառի աճի արագության անհամաչափությունը՝ դիմային գանգի զարգացման ժամանակ: Հանդիպող պատճառներից են նաև քթի վնասվածքները:

 

Միջնապատի դեֆորմացիայի ի՞նչ տեսակներ կան:

 

Առանձնացնում են քթի միջնապատի S և C տիպի դեֆորմացիա, ինչպես նաև աճառի և ոսկրի միացման տեղում կատարների և փշի տեսքով ի հայտ եկած դեֆորմացիան:

 

Ինչպիսի՞ գանգատներ են ներկայացվում քթի միջնապատի դեֆեկտների դեպքում, և ի՞նչ բարդություններ են հնարավոր:

 

Քթի միջնապատի դեֆեկտների ժամանակ հիվանդները գանգատվում են քթային դժվարաշնչությունից, քթի փակվածության զգացողությունից, գլխացավերից, բերանի չորությունից: Այն կարող է հանգեցնել նաև քթի խոռոչում այլ հիվանդությունների զարգացման՝ խեցիների հիպերտրոֆիայի կամ վազոմոտոր գերաճի, պոլիպների այլ պատճառներից առաջացման:

 

Դեֆորմացիան կարող է նպաստել նաև հարքթային՝  հայմորյան, էթմոիդալ, ֆրոնտալ ծոցերի հիվանդությունների, ականջների կողմից խնդիրների (օտիտներ) առաջացման:

 

Բարդությունների առկայության  դեպքում հնարավոր չէ բավարարվել միայն ռինոպլաստիկայով, անհրաժեշտ է համակցված վիրահատություն իրականացնելով և՛ միջնապատն ուղղել, և՛ խեցիների կողմից խնդիրները վերացնել:

 

Ո՞ր տարիքում են կատարում վիրահատությունը, և ովքե՞ր են առավել հաճախ դիմում՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ:

 

Վիրահատության տարիքային սահմանափակումները հետևյալն են. փոքր հասակում՝ մինչև 16-17 տարեկանը ցանկալի չէ վիրահատություն կատարել, քանի դեռ ոսկրաաճառային զարգացումն ավարտված չէ: Իսկ ավելի մեծ տարիքում՝ 60-ից անց, դժվարաշնչությունը զուգակցված է լինում այլ համակարգային խնդիրների հետ, որոնք կարող են վիրահատության հակացուցում  լինել: Հիմնականում վիրահատության համար դիմում են 20-ից բարձր՝ մինչև 50-55 տարեկան անձինք:

 

Հայաստանում հաճախ են դիմում քթի միջնապատի վիրահատության:  Ընդհանրապես, կովկասցիների մոտ քթի միջնապատի դեֆեկտներն ավելի հաճախ են հանդիպում: Իսկ ըստ սեռերի, ավելի հաճախ դիմում են կանայք և աղջիկները, քանի որ կարևորում են էսթետիկ տեսքը: Տղամարդիկ բժշկին այցելում են միայն այն ժամանակ, երբ առկա է արտահայտված դեֆորմացիա, և զուգակցված է քթի գործառույթների խանգարման և շնչառական խնդիրների հետ:

 

Ինչպե՞ս ախտորոշել:

 

Ախտորոշումը  կատարվում է հիվանդի գանգատների, անամնեզի, ռինոսկոպիայի, քթի հարակից ծոցերի ռենտգենագրաֆիայի  և համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքների հիման վրա: Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև քթի խոռոչի ֆիբրոսկոպիա:

 

Բուժման ի՞նչ մոտեցումներ կան:

 

Քթի միջնապատի դեֆորմացիայի բուժումը՝ վիրահատական է:

 

Մեր կլինիկայում ընդունված վիրահատական մեթոդն է սեպտոպլաստիկան` ըստ Վոյաչեկի, որը պահպանողական մեթոդ է: Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ:  Այս վիրահատության առավելություններն են՝  պերֆորացիաների կանխարգելումը, քթի միջնապատի  աճառների ամբողջականության պահպանումը, երեխաների մոտ դրանք իրականացնելու հնարավորությունը:

 

Անհրաժեշտության դեպքում սեպտոպլաստիկան զուգակցվում է այլ վիրահատություների՝ վազոտոմիայի, մասնակի կոնխոտոմիայի, պոլիպոտոմիաների և հայմորոտոմիաների հետ:

 

Հետվիրահատական ի՞նչ միջոցառումներ են իրականացվում:

 

Հիվանդի հետվիրահատական ընթացքը թեթևացնելու, վերքի վերականգնումը լավացնելու, բարդությունները կանխարգելելու համար օգտագործվում են սպունգային տամպոններ, դոիլեր, որոնք հեռացվում են վիրահատությունից հետո 3-րդ օրը:
 

Հետվիրահատական ընթացքը տևում է 7-10 օր, որի ընթացքում հիվանդը հաճախում է կլինիկա` վիրակապության համար:

 

Վիրահատությունից հետո կարո՞ղ են բարդություններ կամ կրկնություններ դիտվել:

 

Սեպտոպլաստիկայից հետո լինում են կրկնություններ: Դա կախված է վիրահատության տեխնիկայից, վիրահատության կատարման գրագիտությունից: Եթե միջնապատը  լավ չի ուղղվում, գանգատները պահպանվում են:  Բացի այդ, միջնապատի ուղղումից հետո թե՛ հիվանդի հետագա խնամքից, թե՛ հետվիրահատական վերքի լավացումից կախված, լինում են բարդություններ, որոնցից են՝ քթի խոռոչի կպումները (սինեխիաները), երբ  միջնապատը կպչում է քթի խոռոչի կողմնային պատին, որն իր հերթին պահպանում է քթային դժվարաշնչությունը: Նման դեպքերում հետագայում կարող է կրկնակի վիրահատության կարիք լինել:

 

Սեպտոպլաստիկայի բարդություններից է նաև միջնապատի պերֆորացիան, երբեմն հետվիրահատական ընթացքում կարող է արյունահոսություն լինել:

 

Սեպտոպլաստիկան համարվում է պահպանողական վիրահատություն, երբ աճառն ամբողջությամբ չի հեռացվում, իսկ ավելի ռադիկալ վիրահատության դեպքում կարող է քթի դեֆորմացիա զարգանալ՝ կամ քթի ծայրը կախվել, կամ քթի մեջքն իջնել:

02.08.2021