«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

COVID-19: Հակամարմինների դերն օրգանիզմում․ հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ լաբորատորիայի վարիչ Անահիտ Հովհաննիսյանի հետ

COVID-19: Հակամարմինների դերն օրգանիզմում․ հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ լաբորատորիայի վարիչ Անահիտ Հովհաննիսյանի հետ

Ի՞նչ դեր ունեն հակամարմիններն օրգանիզմում:

 

Հակամարմինները կամ իմունոգլոբուլինները հատուկ սպիտակուցային նյութեր են, որոնք արտադրվում են իմունային համակարգի կողմից՝ ցանկացած ինֆեկցիոն ագենտի, այդ թվում նաև կորոնավիրուսի ներթափանցման ժամանակ, նույնիսկ, եթե չկան հիվանդության նշաններ: Ի պատասխան, օրգանիզմում առաջանում են իմունոգլոբուլիններ M և G / Ig M և Ig G/ հակամարմինները, որոնք բնական իմունիտետ են ապավովում տվյալ հիվանդության նկատմամբ:

 

Կորոնավիրուսային վարակը փոխեց գրեթե ամբողջ երկրագնդի բնակչության կյանքը: Չնայած վարակը հաճախ ընթանում է անախտանիշ կամ թեթև ձևով:

 

Ինչպե՞ս իմանալ հիվանդացել ենք, թե՝ ոչ, և վտանգավո՞ր ենք, արդյոք, շրջապատի համար:

 

COVID-19-ի նկատմամբ իմունիտետի գնահատման համար հետազոտվում են հակամարմինները (Ig M և Ig G): Հիվանդության առաջին շաբաթում սկսում են սինթեզվել Ig M հակամարմինները: Նրանք առաջինն են հանդիպում վիրուսի հետ, այդ պատճառով համարվում են սուր, առաջնային վարակի մարկեր: Սովորաբար, Ig M հակամարմինները մեկ ամսից անհետանում են՝ փոխարինվելով ավելի սպեցիֆիկ՝ Ig G հակամարմիններով:

 

Ig G հակամարմինները սինթեզվում են ավելի ուշ, վիրուսի ներթափանցումից 5-6 շաբաթ անց և պահպանում են տեղեկատվությունը կորոնավիրուսի մասին:

 

Ինչի՞ց է կախված հակամարմինների քանակը:

 

Սպեցիֆիկ Ig G հակամարմինները, որոնց իմունային համակարգն սկսում է ձևավորել վիրուսի հետ կոնտակտից հետո, սովորաբար, մնում են արյան մեջ և լավացումից հետո երկար ժամանակ կարող են պաշտպանողական դեր կատարել: Այդ պատճառով հետազոտությունները Ig G հակամարմինների վերաբերյալ կարող են օգնել ո՛չ միայն ախտորոշմանը, այլև՝ վարակի տարածման համաճարակաբանական գնահատականին:

 

Հակամարմինների քանակն ուղիղ համեմատական է հիվանդության ընթացքի ծանրությանը: Սովորաբար, որքան ծանր է հիվանդության ընթացքը, այնքան ուժեղ է կրկնակի վարակից պաշտպանությունը: Եվ որքան շատ ժամանակ է անցել լավացումից հետո, այնքան իմունային պատասխանը պակաս արդյունավետ է:

 

Իմունային ռեակցիաների զարգացման մեխանիզմները COVID-19-ի ժամանակ դեռևս հետազոտվում են: Առայժմ հայտնի չէ նաև, թե արդյոք կայուն իմունիտետ ձևավորվո՞ւմ է, թե՞ ոչ:

 

Ig G հակամարմինների հայտնաբերումը փաստացի խոսում է կորոնավիրուսի օրգանիզմ ներթափանցելու և օրգանիզմի իմունային պատասխանի մասին: Ժամանակի ընթացքում կարելի է նոր հետազոտություններով պարզել հակամարմինների պահպանման օրինաչափություններն արյան մեջ:

 

Ի՞նչ ցուցանիշներով են չափվում հակամարմինները և ո՞ր թվից սկսած է նրանց ներկայությունը համարվում դրական:

 

Դրական պատասխանի դեպքում հակամարմինների քանակը մեծ է 1,1-ից:

 

Սահմանային պատասխանը 0,8-1,1-ն է: Այս դեպքում հետազոտությունը կարելի է կրկնել 2 շաբաթից՝ պարզելու համար. հակամարմինների քանակն ավելանո՞ւմ է, թե՞՝  ոչ:

 

Բացասական պատասխանի ժամանակ հակամարմինների քանակը 0,8-ից ցածր է:

 

Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը և ինչպե՞ս կարող են դիմել ցանկացողները:

 

Հետազոտությունն իրականացնելու համար վերցվում է 2-3 մլ երակային արյուն (ցանկալի է առավոտյան ժամերին)` սոված կամ ուտելուց 3 ժամ անց: Պատասխանը տրվում է հաջորդ օրը:

 

18.06.2021