«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Անևրիզմա. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ

Անևրիզմա. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ

Ի՞նչ ախտաբանություն է անևրիզման:

 

Անևրիզման զարկերակի պարկանման լայնացումն է: Դրանք կարող են տեղակայվել օրգանիզմի այն հատվածներում, որտեղ կան անոթներ: 

 

Հիմնականում տեղակայվում են ուղեղում, սրտում, կրծքավանդակում, որովայնում՝ աորտայի կրծքային, որովայնային հատվածներում, աորտայի բաժանումից հետո՝ դեպի վերջույթներ իջնող զարկերակների տարբեր տեղակայումներում՝ զստային, ազդրային, ծնկափոսային:

 

Անևրիզման հիմնականում առաջանում է այնտեղ, որտեղ զարկերակներն ավելի ազատ հոսք ունեն և մկաններով այնքան էլ սահմանափակված չեն:

 

Ի՞նչը կարող է անևրիզմայի առաջացման պատճառ լինել:

 

Անևրիզմայի առաջացման պատճառները տարբեր են: Այդ գործընթացում հիմնական դեր են ունեն աորտայի պատի դեգեներատիվ և բորբոքային փոփոխությունները: Դեգեներատիվ փոփոխությունները, սովորաբար, աթերոսկլերոզի հետևանք են, որի ժամանակ անոթի մկանաէլաստիկ շերտը ժամանակի ընթացքում փոփոխվում է, առաջանում է անոթի պատի դեստրուկցիա, ամբողջականության խախտում, պատի քայքայում, որոնց արդյունքում պատը թուլանում է և աստիճանաբար առաջանում է անևրիզմա:  

 

Պատճառներից են նաև սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ աորտոարթերիտները, այսինքն, աորտայի պատի բորբոքումը, որի հետևանքով հետագայում կարող է զարգանալ անևրիզմա: Այդ բորբոքումներից են սիֆիլիսային, տուբերկուլոզային մեզաորտիտները, համակարգային բնույթի ախտաբանությունները՝ համակարգային սկլերոդերմիան, կարմիր գայլախտը, համակարգային վասկուլիտները և այլն:

 

Անևրիզման կարող է լինել նաև վնասվածքային: Առավել հաճախ վնասվում են այն զարկերակները, որոնք ավելի մակերեսային դիրք ունեն (ծնկափոսային, ազդրային զարկերակները): Հաճախ գործ ունենք նաև հետտրավմատիկ որովայնային անևրիզմաների հետ:

 

Ինչպես բոլոր հիվանդությունների դեպքում, անևրիզմայի առաջացման հարցում դեր ունի նաև գենետիկ նախատրամադրվածությունը, եթե իհարկե կյանքի ընթացքում նպաստավոր պայմաններ են ստեղծվում ախտաբանության զարգացման համար:

 

Տարիքային ո՞ր խմբերին է բնորոշ անևրիզման:

 

Եթե անևրիզման սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ աորտոարթերիտի արդյունքում է զարգանում, այն հիմնականում հանդիպում է երիտասարդների մոտ: Կան նաև որոշ ժառանգական հիվանդություններ (օրինակ` Մարֆանի հիվանդությունը), որոնք նույնպես նպաստում են անևրիզմայի առաջացմանը` երիտասարդ տարիքում:  Իսկ աթերոսկլերոզի դեպքում անևրիզման զարգանում է 50-60 տարեկանն անց մարդկանց մոտ:

 

Անևրիզմայի ի՞նչ  տեսակներ կան:

 

Անևրիզմայի տարբեր դասակարգումներ կան: Ըստ ձևի տարբերում են պարկանման, իլիկաձև և խառը անևրիզմաներ, ըստ տեղակայման՝ ստորին վերջույթների, ծնկափոսային, ազդրային, որովայնային աորտայի, վերել կամ վայրէջ աորտայի անևրիզմա, ըստ պատճառականության` բնածին և ձեռքբերովի (բորբոքային և ոչ բորբոքային), ըստ կլինիկական ընթացքի կարող են լինել բարդացած և չբարդացած:

 

Ո՞ր անևրիզմաներն են առավել հաճախ հանդիպում:

 

Առավել հաճախ հանդիպում է որովայնային աորտայի անևրիզման, հիմնականում` ստորերիկամային, որովհետև այդ հատվածում աորտան բավականին երկար է, ազատ, չկա հյուսվածքների դիմադրություն, և պատի դեֆորմացիայի հնարավորությունը և հավանականությունը մեծ է:

 

Որքանո՞վ է անևրիզմայի վտանգավոր և ի՞նչ բարդություններով է հղի:

 

Անևրիզման բավականին լուրջ և վտանգավոր ախտաբանություն է: Այն վտանգավոր է այնքանով, որ անևրիզմայի տեղերում ժամանակի ընթացքում առաջանում են թրոմբներ, որոնք կարող են պոկվել և արյան հոսքով հասնել տարբեր զարկերակներ, խցանել դրանք` առաջացնելով իշեմիա: Եթե անևրիզման որովայնային հատվածում է, թրոմբը պոկվելով կարող է իջնել և խցանել ստորին վերջույթի զարկերակը: Արդյունքում վերջույթի սնուցումը դադարում է, և շտապ միջամտություն չստանալու դեպքում հիվանդը կարող է կորցնել վերջույթը: Եթե անևրիզման ուղեղում է՝ թրոմբի տեղաշարժը կբերի իշեմիկ կաթվածի առաջացման:

 

Անևրիզմայի հաջորդ բարդությունը պատռվելն է: Եթե դա ուղեղում է, արյունը կուտակվելով այնտեղ, հեմոռագիկ կաթվածի պատճառ կդառնա: Կրծքային հատվածում անևրիզմայի պատռվելու դեպքում հիմնականում մահը վրա է հասնում սրտի անոթների խցանման հետևանքով, իսկ որովայնային հատվածում պատռվելու դեպքում, եթե արագ միջամտություն չիրականացվի, մահվան պատճառ կդառնա ներքին արյունահոսությունը:

 

Անևրիզմայի բարդություններից է նաև նրա շերտազատումը: Նման դեպքերում, անոթի պատի քայքայման արդյունքում, նրա շերտերը միմյանցից հեռանում են և առաջանում է կեղծ լուսանցք, որի միջով արյունն իջնում է և կուտակվում տվյալ հատվածում: Եթե դա աորտայի աղեղում է, արյունն կուտակվում է որևէ սնուցող օրգանի անոթում` առաջացնելով այդ օրգանի իշեմիա (աղիների, երիկամի կամ ստորին վերջույթների):

 

Անևրիզմայի հաջորդ բարդությունը շրջակա հյուսվածքների կողմից օրգանների ճնշումն է: Օրինակ, որովայնի խոռոչում այն կարող է ճնշել և խանգարել աղիների ֆունկցիան: Ուղեղում անևրիզման կարող է ճնշել ուղեղի հյուսվածքը և համապատասխան գանգատներ առաջացնել:

 

Ինչպե՞ս ախտորոշել անևրիզման:

 

Հիվանդների մեծամասնության մոտ անևրիզման ընթանում է անախտանիշ և կարող է հայտնաբերվել պատահաբար: Անևրիզմային բնորոշ են երեք տեսակի գանգատներ՝ ցավ, պուլսացիոն գոյացության առկայություն և սիստոլիկ աղմուկ` գոյացության վրա:

 

Շատ հաճախ անևրիզման հայտնաբերվում է զննման միջոցով, երբ հայտնաբերվում է պուլսացող գոյացություն: Գործիքային քննություններից կատարվում են դուպլեքս հետազոտություն և ՀՏ-անգիոգրաֆիա:

 

Բուժման ի՞նչ մոտեցումներ կան:

 

Բուժման մարտավարությունը որոշվում է` ելնելով անևրիզմայի չափերից և տեղակայումից: Եթե հայտնաբերվում է որովայնային կամ կրծքային կամ այլ անևրիզմա` մինչև 3 կամ 4,5 սմ լայնացած, և հիվանդը որևէ գանգատ չունի, այն վիրահատության ենթակա չէ: Գրականության մեջ տարբեր մոտեցումներ կան այդ հարցին: Օրինակ, ըստ անգլիական գրականության, մինչև 6 սմ անևրիզման` առանց գանգատների, միջամտության ենթակա չէ: Իսկ եթե 4,5 սմ և ավելի մեծություն ունի և առկա են գանգատներ՝ ցավեր որովայնում կամ այլ հատվածներում, պետք է վիրահատել:

 

Կարևոր է նաև անևրիզմայի երկարությունը, անոթների պատերի հաստությունը: Եթե պատերը բարակած են և առկա է պատռվելու կամ շերտազատվելու վտանգ, առաջարկվում է վիրահատություն՝ բարդություններից խուսափելու համար:

 

Եթե անևրիզման` ըստ չափերի, վիրահատության ենթակա չէ, նշանակվում են դեղեր՝ հակաաթերոսկլերոտիկ, հակամակարդիչ, և իրականացվում է դինամիկ հսկողություն, այսինքն, առնվազն 6 ամիսը մեկ պետք է կատարվի դուպլեքս հետազոտություն, ՀՏ-անգիոգրաֆիա, որպեսզի որոշվեն անևրիզմայի չափերը` դինամիկայում:

 

Վիրահատության ի՞նչ մեթոդներ կան:

 

Հիմնականում իրականացվում են ախտահարված զարկերակի անևրիզմայի հատվածի հեռացում և պրոթեզավորում: Ավելի հաճախ օգտագործվում են պոլիտետրաֆտոր էթիլենային ծագման պրոթեզներ:

 

Ներկայում, էնդովասկուլյար վիրաբուժության զարգացման հետ կապված, վիրաբույժները հաճախ դիմում են փակ վիրահատության, որովհետև բաց վիրահատությունը բավականին տրավմատիկ է, կյանքի համար վտանգավոր և կա բարդությունների հավանականություն:

 

Էնդովասկուլյար վիրաբուժական մեթոդի ժամանակ պրոթեզը (ստենդգրաֆտ) տեղադրվում է փակ եղանակով, առանց կտրվածքի, առանց անզգայացման, առանց անևրիզմայի հատվածի հեռացման. պարզապես, ազդրային զարկերակով պրոթեզը հասցվում և տեղադրվում է ախտահարված հատվածում` գրավելով անոթի նախկին տեղը:  Փոխվում է արյան հոսքի ճանապարհը, արյունն արդեն հոսում է պրոթեզի միջով, իսկ անոթի նախկին լայնացած հատվածը հեռացված է: Փակ եղանակով վիրահատությունից հետո  հիվանդը հաջորդ օրը դուրս է գրվում հիվանդանոցից:

 

Այդ մեթոդն արդեն կիրառվում է նաև մեզ մոտ: Իրականացվել են զստային, ազդրային և ծնկափոսային զարկերակների անևրիզմաների փակ վիրահատություններ, տեղադրվել են ստենդգրաֆտներ, և բավականին լավ արդյունքներ են գրանցվել:  Ապագայում նախատեսվում է նմանատիպ վիրահատություններ կատարել նաև որովայնային և կրծքային աորտաների անևրիզմաների ժամանակ:

12.04.2021