«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Հղիների հսկողության ծառայություն «Արմենիա» ՀԲԿ-ում

Հղիների հսկողության ծառայություն «Արմենիա» ՀԲԿ-ում

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում գործում է նոր ծառայություն՝ կանանց կոնսուլտացիա կամ հղիների հսկողության ծառայություն: Խորհրդային տարիներին նշված ամբուլատոր ծրագիրը գործել է, սակայն 17-18 տարի առաջ այդ գործունեությունը դադարեցվել է:

 

Այժմ ուրախությամբ հայտնում ենք, որ կենտրոնը մեկ ամիս է, ինչ վերսկսել է իր աշխատանքները:

 

Ծառայության սահմաններում կարող են սպասարկվել բոլոր հղիները, սակայն, առաջին հերթին, պետական պատվերի շրջանակներում` լիովին անվճար:  Ծառայությունից օգտվելու են Հանրապետական հիվանդանոցի պոլիկլինիկայի կողմից սպսարկվող տարածքի կանայք: Ծառայության մեջ ներառված է ոչ միայն հղիների հսկողությունը, այլ նաև գինեկոլոգիական բոլոր ամբուլատոր ծառայությունները:

 

Ծառայության շրջանակում բացվել են բոլոր չափորոշիչներին համապատասխան աշխատասենյակներ, հետազոտության սենյակներ, և հագեցված են մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայությունն իրականացնելու համար նախատեսված նորագույն գույքով, գործիքներով:

 

Ձեռք է բերվել հղիների և հատկապես պտղի հետազոտման համար գերժամանակակից ուլտրաձայնային հետազոտության սարք:

 

Լիարժեք իրականացվելու են պետության կողմից հաստատված չափորոշիչներով հղիների բոլոր պարտադիր, կանանց համար անհրաժեշտ հետազոտությունները (ՊԱՊ քսուկ, լաբորատոր-գործիքային և հղիների սքրինինգային թեստեր):

Աշխատանքի են ընդունվել ոլորտում փորձառու, երիտասարդ յոթ մանկաբարձ-գինեկոլոգ, ովքեր տիրապետում են մասնագիտական հմտություններին:

 

Ծառայությունը հետագայում հիմք է հանդիսանալու «Արմենիա» ՀԲԿ-ում օպերատիվ գինեկոլոգիական ծառայություն հիմնադրելու և զարգացնելու համար, որը մինչև տարեվերջ կսկսի գործել, և կմատուցվեն բարձրորակ մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություններ:

 

«Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական գծով տնօրեն

Աշոտ Կուրղինյան

14.04.2021