«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

 

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են բոլոր մյուս արյան ծառայություններում: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ հիվանդները պլանային չեն, և հաճախ լինում են շատ անսպասելի ու ծանր դեպքեր: Որովհետև, որպես կանոն, բոլոր ծանր դեպքերը բերվում են «Արմենիա» ՀԲԿ: Երբ լուրերով հայտնում են, որ ինչ-որ վթար է տեղի ունեցել, արդեն պարզ է, որ նորից ծանր դեպքեր են ընդունվելու: Պատճառն այն է, որ եթե այլ տեղերում երբեմն դռները փակ են հիվանդների առջև, բարեբախտաբար, Հանրապետական հիվանդանոցում ընդունվում են բոլոր դիմողները և հատկապես անհետաձգելի, ողբերգական դեպքերը՝ վթարներ, դանակահարություններ և այլն:

 

Իհարկե, կենտրոնը հիմնականում սպասարկում է հիվանդանոցի հիվանդներին, բայց, քանի որ խաղաղ ժամանակներում առկա է արյան պակաս, մշտապես այլ հիվանդանոցների հետ արյան բացակայող խմբերի փոխանակություն է իրականացվում:

 

Ինչո՞վ են բնորոշվում և այլ ախտաբանություններից տարբերվում պատահարների արդյունքում առաջացած վիճակները:

 

Այդ բոլոր ծանր դեպքերը կապված են արյունահոսությունների, արյան կորստի հետ, և, բնականաբար, պետք է պատրաստ լինել և միշտ արյան պաշարներ ունենալ:

 

Ի՞նչ գործառույթներ է իրականացնում արյան ծառայությունը:

 

Արյան ծառայության մեջ ներառված են արյան վերամշակումը (էրիթրոցիտար զանգված և պլազմա), համատեղելի արյան ընտրությունը` համատեղելիության փորձի միջոցով, արյան պահպանումը անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում և ժամկետներում (էրիթրոցիտները պահում են մոտավորապես մեկ ամիս, իսկ պլազման՝ 1-3 տարի): Անհրաժեշտության դեպքում, իրականացվում է նաև արյան լվացում: Այլ տեղերում՝ ըստ կարիքի, առանձնացվում են նաև թրոմբոցիտները, որոնք ավելի անհրաժեշտ են քիմիաթերապիա ընդունողներին:

 

Ինչպե՞ս են ձևավորվում և լրացվում արյան պաշարները:

 

Արյան պաշարների հարցում խիստ կարևոր դեր ունի դոնորությունը, որի խնդիրը միշտ կա մեր երկրում: Այդ խնդիրը չի լինում միայն պատերազմի ժամանակ, որովհետև այդ ժամանակ բազմաթիվ կամավորներ են դիմում: Նույնը դիտվեց նաև վերջին պատերազմի օրերին: Եվ դա խիստ հուզիչ էր: Մենք կարողացանք արյան պահանջվող քանակն ապահովել: Շնորհակալ էինք բոլոր կամավորներին, որ արյուն հանձնելով օգնում էին զինվորներին:

 

Խաղաղ պայմաններում արյուն պաշարելը մեծ խնդիր է: Խաղաղ պայմաններում անվճար արյուն հանձնում են հիմնականում հիվանդների հարազատները և ինքնակամ դոնորները: Դոնորների մեծ մասը արյուն են հանձնում վճարի դիմաց:

 

Ինքնակամ հանձնողները քիչ են և նրանք առավելապես դիմում են Արյունաբանության կենտրոն:

 

Արյան ծառայության բոլոր կենտրոնները գործում են որպես մեկ ընտանիք, եթե մեկը զանգահարում է և իր խնդիրը ներկայացնում, բոլորը փորձում են ամեն գնով օգնել: Շատ լավ կլիներ, որ միմյանց նկատմամբ նման վերաբերմունք լիներ բոլոր ոլորտներում:

 

Ինչպե՞ս է դոնորների պակասի հարցը լուծվում:

 

Արյան պահանջի, դոնորության մասին տարբեր ձևերով միշտ տեղակացվում է բնակչությանը  (բուկլետներ, գովազդային պաստառներ և այլն), սակայն որևէ շարժ չենք տեսնում: Արդեն նշվեց, որ դոնորությունը մոտավորապես 80% դեպքերում վճարովի է:

 

Արյան բոլոր կենտրոններում դոնորին տրվող գումարը` միանվագ, 15000 դրամ է: Արյուն կարելի է հանձնել երեք ամիսը մեկ անգամ և ոչ մի դեպքում` դրանից շուտ: Երբեմն դոնորներին թվում է, որ մեկ անգամ հանձնելուց հետո, պարտավոր են այդուհետև միշտ արյուն հանձնել: Իհարկե, երեքամսյա ժամկետը  լրանալուց հետո դոնորներին, որպես հիշեցում, զանգահարում ենք, բայց նրանք պարտավոր չեն ներկայանալ. արյուն հանձնելը և հանձնելու հաճախականությունը կամավոր է և նրանց ցանկությունից է կախված:

 

Ի՞նչ պահանջներ է ներկայացվում դոնորին:

 

18-60 տարեկան ցանկացած առողջ մարդ կարող է դոնոր դառնալ, պետք է ներկայանա անձնագրով և քաղցած: Նույն օրը կատարվում են դոնորի զննումը, հետազոտությունները (1-1,5 ժամվա ընթացքում ստուգվում է արյունը՝ խումբը, ռեզուսը, վարակակրությունը և այլն), այնուհետև իրականացվում է արյուն հանձնելու գործընթացը: Փաստորեն, արյուն հանձնելուց և գումարը ստանալուց զատ, դոնորը նաև անվճար հետազոտվում է:

 

Հարկ եմ համարում նշել, որ դոնորությունը բոլորովին վնասակար չէ առողջ մարդուն, նույնիսկ օգտակար է:

 

Արյուն հանձնելուց հետո մոտավորապես 15 րոպե դոնորը պետք է մնա պառկած:  Խորհուրդ է տրվում նաև այդ օրը շատ հեղուկներ ընդունել:

 

Ի՞նչ հակացուցումներ կան:

 

Հակացուցումներն են՝ սուր և քրոնիկ հիվանդությունները, փոքրամարմին լինելը (նորմայից պակաս քաշը, հասակը): Հատուկ հարցաթերթիկ է լրացվում, որտեղ մանրամասն նշվում են նաև դոնորին վերաբերող բոլոր ցուցանիշները՝ ջերմությունը, արյան ճնշումը և այլն, ըստ որոնց որոշվում է՝ դոնորը կարո՞ղ է արյուն հանձնել, թե՝ ոչ:

 

Բարդություններ լինո՞ւմ են` արյուն հանձնելիս:

 

Բարդություններ, սովորաբար, չեն դիտվում, որովհետև դոնորները հետազոտվում են և ընտրվում:  Կարող են լինել կարճատև ճնշման անկում, գլխապտույտ:

 

Արյան ո՞ր խմբերի կարիքն է ավելի հաճախ զգացվում:

 

Յուրաքանչյուր ազգ, հիմնականում, իրեն բնորոշ արյան խումբն ունի: Հայերի 70%-ը երկրորդ խումբ և դրական է: Առաջին հայացքից թվում է, թե այդ խմբի շատ դոնորներ և արյուն պետք է ունենանք: Սակայն, քանի որ հիվանդների 70% էլ այդ խմբին է պատկանում, բնականաբար, երկրորդ դրական խմբի արյան պահանջարկը նույնպես 70% է կազմում:

 

Երբեմն դիմում են, օրինակ, քիչ պահանջարկ ունեցող չորրորդ խմբի և բացասական ռեզուսով դոնորներ, իսկ նման արյան խմբի հիվանդ երկար ժամանակ չլինի, արյունն էլ կորցնի պիտանելիության ժամկետը: Նման դեպքերում դոնորի անունը նշվում է, և հիվանդ լինելու դեպքում միայն նրան հրավիրում են` արյուն հանձնելու:

 

Պատերազմական պայմաններում ծառայության աշխատանքն իր ծավալով և ծանրությամբ որքանո՞վ էր տարբերվում խաղաղ ժամանակներից:

 

Պատերազմի ժամանակ խնդիր չկար, որովհետև չկար դոնորների և աշխատողների պակաս: Բոլորն աշխատում էին որքան պետք էր և պահանջվում էր:  Միևնույն ժամանակ, կար նաև միմյանց օգնելու մեծ պատրաստակամություն` տարբեր հիվանդանոցների միջև: Հիվանդները շատ էին, շատ էր նաև աշխատանքը. վիրավոր կար, որին արյան տասնյակ չափաբաժիններ էին անհրաժեշտ և դա ապահովվում էր:

 

Կապ պահպանվո՞ւմ է մարզերի, Արցախի հետ:

 

Մարզերում կան արյան կենտրոնները, սակայն, անհրաժեշտության դեպքում, մարզերի հետ ևս գործում է փոխադարձ կապ և փոխօգնություն:

 

Պատերազմի ժամանակ շատ է արյուն ուղարկվել Արցախ, որով զբաղվում էր Արյունաբանական կենտրոնը:

05.04.2021