Մասնագետների համար
- Ախտորոշում
- Ուրոլոգիա
- Վիրաբուժություն
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Էնդոկրինոլոգիա
- Նյարդաբանություն
- Վնասվածքաբանություև օրթոպեդիա
- Թերապիա
- Սրտանոթաբանություն
- Թունաբանություն
Ենթաստամոքսային գեղձի մակրոսկոպիկ, ռետրոսպեկտիվ հետազոտության արդյունքներն երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող և գործնականում դիաբետ չունեցող հիվանդների շրջանում

Ներածություն
Ենթաստամոքսային գեղձը խառը մարսողական գեղձ է՝ տեղակայված հետորովայնամզային տարածությունում՝ առաջին գոտկային ողին զուգահեռ՝ հաստացած ձգանի տեսքով [1]: Ենթաստամոքսային գեղձի երկարության վերաբերյալ տվյալները տարբեր են: Սակայն, անկախ երկարությունից գեղձի պոչը հասնում է փայծաղի դրունքին [3]: Տարբեր ախտաբանությունների, մասնավորապես երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ, գեղձում առաջանում են մակրո-,միկրոսկոպիկ փոփոխություններ, որոնց առնչվող գրականության տվյալները նույնպես հակասական են: Որոշ տվյալների համաձայն գեղձում առաջացող մակրոսկոպիկ փոփոխությունները աննշան են [5]: Մեկ այլ աղբյուրում նշվում է, որ փոփոխությունները ոչ սպեցիֆիկ են և արտահայտվում են գեղձի քաշի նվազմամբ, լիպոմատոզով (ճարպային ինֆիլտրացիա), ատրոֆիայով [2,4]: Գործիքային հետազոտությունների (ուլտրաձայնային սոնոգրաֆիա, համակարգչային շերտագրություն) տվյալները նույնպես իրարամերժ են [6,7]: Հաշվի առնելով, որ ենթաստամոքսային գեղձի երկարությանն առնչվող տվյալները տարբեր են ինչպես նորմայում, այնպես էլ ախտաբանության՝ մասնավորապես երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ, ուստի այս հետազոտության նպատակն էր կատարել ենթաստամոքսային գեղձի մակրոսկոպիկ տվյալների ռետրոսպեկտիվ վերլուծություն՝ նորմո և հիպերգլիկեմիայի պայմաններում՝ կախված տարիքից, մարմնի հասակից:
Հետազության նյութը և մեթոդները
Հետազոտության նյութ են հանդիսացել 70 հիվանդության պատմություններ և մահվան արձանագրություններ: Դեպքերի հավաքագրումը կատարվել է 2016 թվականի հունվարից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածը: Հավաքագրված դեպքերը խմբավորվել են՝ հաշվի առնելով կլինիկորեն հաստատված շաքարային դիաբետ, ենթաստամոքսային գեղձի տեսանելի մակրոսկոպիկ փոփոխությունների առկայություն կամ բացակայություն չափորոշիչները: Արդյունքում 70 դեպքերը բաշխվել են հետևյալ կերպ. 21 դեպք առանց շաքարային դիաբետ և ենթաստամոքսային գեղձի մակրոսկոպիկ փոփոխություններով (I խումբ), 21 դեպք՝ կլինիկորեն հաստատված շաքարային դիաբետ ունեցողների խումբ (IIխումբ), 28 դեպք՝ առանց դիաբետի և գեղձի մակրոսկոպիկ փոփոխությունների խումբ (III խումբ): Տվյալների վիճակագրական վերլուծությունը կատարվել է QI Macros Excel փաթեթով՝ համապատասխան թեսթերի կիրառմամբ:
Արդյունքներ
I խմբի հիվանդության պատմությունների վերլուծության արդյունքում գրանցվեցին հետևյալ տվյալները. Միջին տարիքը 70.5 էր, (±12,9), գլյուկոզայի միջին կոնցենտրացիան 6,1 էր՝ (±1,4), 11-ը իգական սեռի ներկայացուցիչներ էին: Բոլոր դեպքերում էլ կատարվել էր որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն, որոնցում սակայն ենթաստամոքսային գեղձին վերաբերող առանձնահատուկ փոփոխություններ չէին նկարագրվում: Նույն խմբի մահվան արձանագրությունների ուսումնասիրությունից փաստեցինք, որ մարմնի միջին հասակը 164 սմ էր (±7,66), գեղձի միջին երկարությունը 12,3 սմ էր (±2,6): Մակրոսկոպիկ գեղձի պոչային հատվածը բացակայում էր, բլթակավորություն չկար, գեղձի պարենքիման ընդլայնված էր լիպոմատոզի հետևանքով: Այս խմբում թվային պարամետրիկ տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ գլյուկոզայի կոնցենտրացիայի և պանկրեասի երկարության, պանկրեասի երկարության և հասակի միջև միջին և ուժեղ ինտենսիվության կապերը բացակայում էին:
II խմբի հիվանդության պատմությունների վերլուծության արդյունքում գրանցվեցին հետևյալ տվյալները. Միջին տարիքը 73.3 էր, (±6,3), գլյուկոզայի միջին կոնցենտրացիան 12,3 էր՝ (±3,38), 17-ը իգական սեռի ներկայացուցիչներ էին: Բոլոր դեպքերում էլ կատարվել էր որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն, որոնցում, սակայն ենթաստամոքսային գեղձին վերաբերող առանձնահատուկ փոփոխություններ չէին նկարագրվում: Միայն երկու դեպքում նկարագրվում են փոփոխություններն որպես դիֆուզ փոփոխություններ, իսկ մեկ դեպքում էլ գեղձը չէր վիզուալիզացվում՝ մետեորիզմի պատճառով: Նույն խմբի մահվան արձանագրությունների ուսումնասիրությունից փաստեցինք, որ մարմնի միջին հասակը 164 սմ էր (±7,66), գեղձի միջին երկարությունը 12,9 սմ էր (±2,4): Մակրոսկոպիկ գեղձի փոփոխությունները համանման էին առաջին խմբում նկարագրված փոփոխություններին: Այս խմբում թվային պարամետրիկ տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ գլյուկոզայի կոնցենտրացիայի և պանկրեասի երկարության, պանկրեասի երկարության և հասակի, միջև միջին և ուժեղ ինտենսիվության կապերը բացակայում էին:
III խմբի հիվանդության պատմությունների վերլուծության արդյունքում գրանցվեցին հետևյալ տվյալները. Միջին տարիքը 69,4 էր, (±12,3), գլյուկոզայի միջին կոնցենտրացիան 5,6 էր՝ (±1,5), 16-ը իգական սեռի ներկայացուցիչներ էին: Բոլոր դեպքերում էլ կատարվել էր որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն, որոնցում, սակայն ենթաստամոքսային գեղձին վերաբերող առանձնահատուկ փոփոխություններ դարձյալ չէին նկարագրվում: Նույն խմբի մահվան արձանագրությունների ուսումնասիրությունից փաստեցինք, որ միջին հասակը 167 սմ էր (±10,2), գեղձի միջին երկարությունը 17,8 սմ էր (±2,3):
Մակրոսկոպիկ գեղձի պոչային հատվածը հասնում էր փայծաղի դրունքին, բլթակավոր կառուցվածքը պահպանված էր, հարգեղձային ճարպաբջջանքը թույլ էր արտահայտված: Այս խմբում նույնպես թվային պարամետրիկ տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ գլյուկոզայի կոնցենտրացիայի և պանկրեասի երկարության, պանկրեասի երկարության և հասակի, միջև միջին և ուժեղ ինտենսիվության կապերը բացակայում էին: Միայն տարիքի և պանկրեասի երկարության միջև առկա էր հակադարձ, միջին ինտենսիվության կապ (r=-0,55): Այսինքն, տարիքի հետ պանկրեասի երկարությունը նվազում է: (գրաֆիկ.1)
Գրաֆիկ 1
Տարիք-պանկրեասի երկարության կորելացիան III խմբում
Քննարկում
Մեր հետազոտված դեպքերում կլինիկորեն հիպերգլիկեմիկ՝ շաքարային դիաբետ ունեցողների խմբում առկա էր ենթաստամոքսային գեղձի ակնհայտ մակրոսկոպիկ փոփոխություններ: Սակայն համանման փոփոխություններ առկա էին նաև կլինիկորեն նորմոգլիկեմիկ հիվանդների շրջանում: Վիճակագրորեն հավաստի ուժեղ ինտենսիվության կապերը գեղձի երկարության և գլյուկոզայի միջին կոնցենտրացիայի միջև բացակայում էին: Վիճակագրորեն հավաստի ուժեղ ինտենսիվության կապեր չհայտնաբերվեցին նաև հասակի և պանկրեասի երկարության միջև: Միայն միջին ինտենսիվության հակադարձ կապեր հայտնաբերվեցին տարիքի և պանկրեասի երկարության միջև` այն էլ միայն նորմոգլիկեմիկ և առանց գեղձի մակրոսկոպիկ փոփոխությունների խմբում:
Եզրակացություն
Մեր հետազոտության արդյունքում հայտնաբերեցինք, որ ենթաստամոքսային գեղձի մակրոսկոպիկ փոփոխություններ առաջանում են ինչպես հիպեր, այնպես էլ նորմոգլիկեմիայի պայմաններում: Այսինքն մեր հետազոտությունը փաստեց գրականության այն տվյալները, որ շաքարային դիաբետի պայմաններում առաջանում են գեղձի մակրոսկոպիկ փոփոխություններ, որոնք սակայն սպեցիֆիկ չեն: Պանկրեասի երկարության և գլյուկոզայի կոնցենտրացիայի միջև ուժեղ ինտենսիվության կապերի բացակայությունը դեռ չի նշանակում, որ պատճառ հետևանքային կապերը բացակայում են դիաբետով և կլինիկորեն նորմոգլիկեմիկ հիվանդների շրջանում: Տարիքի հետ ենթաստամոքսային գեղձի երկարությունը նվազում է, որը, սակայն հիպերգլիկեմիայի չի հանգեցնում: Այսինքն, հիպերգլիկեմիայի առաջացման համար գեղձի մակրոսկոպիկ փոփոխությունների առաջացումը դեռևս հիմնարար պայման չէ: Կլինիկորեն նորմոգլիկեմիկ, սակայն գեղձի ակնհայտ փոփոխություններով հիվանդների թիրախային (գլյուկոզայի ախտահարման թիրախներ) օրգանների ռետրոսպեկտիվ հյուսվածաբանական վերլուծությունը թույլ կտա կատարել փաստացի եզրակացություններ:
Գրականության ցանկ
- Agur AMR, Lee MJ, Grant JCB. Grant’s Atlas of Anatomy. 10th ed. London, UK:
- Ernest L., Pathology of pancreas, gallbladder, extrahepatic billiary track, 2003, p.168
- Gray H. Lewis WH, ed. Gray’s Anatomy of the Human Body. 20th ed. New York, NY: Bartleby.com; 2000.
- Edward R. Arquilla and Bruno W, The Diabetic Pancreas by. Volk, 2012, p.235
- Odze and Goldblum Surgical Pathology of the GI Tract, Liver, Biliary Tract and Pancreas, 2009, p. 898
- Satoshi Goshima, , Masayuki Kanematsu, Hironori Nishibori, Kota Sakurai, Daisuke Miyazawa, Haruo Watanabe, Hiroshi Kondo, Yoshimune Shiratori, Minoru Onozuka, Noriyuki Moriyama, and Kyongtae T. Bae, M CT of the Pancreas: Comparison of Anatomic Structure Depiction, Image Quality, and Radiation Exposure between 320-Detector Volumetric Images and 64-Detector Helical Images, Radiology, 2011, vol.6, p.139-147
- Siegel MJ. Pediatric Body CT. Lippincott Williams & Wilkins: Philadelphia. 1999. p 263
Խոստիկյան Ն.Գ., Դաբաղյան Վ.Ռ., Մարդանյան Լ.Ս.
«Արմենիա ՀԲԿ» ընդհանուր ախտաբանության կենտրոն