«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Կանանց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել:

Այդպիսի ախտորոշման դեպքում գոյություն ունեն մի շարք հանձնարարականներ. ինչպե“ս է այն դրսևորվում, որո“նք են պատճառները և ի“նչ անել:

Այս երևույթի պատճառները բազմազան են, սակայն նախապես հարկ է պարզել, թե ինչ է արգանդի թեքումը: Փոքր կոնքում տեղակայված արգանդի այդպիսի տեղակայումը խիստ տարբերվում է նորմալ տեղակայված վիճակից: Նորմալ դիրքն այն է, երբ արգանդի և վզիկի անկյունը բութ է, այսինքն, 80°-180°: Թեքումը լինում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմի վրա, սակայն տարածված է նաև արգանդի հետևի կողմից թեքումը: Բժշկության մեջ այս ախտաբանությունն ունի իր անվանումը` ռետրովերսիա կամ ռետրոֆլեքսիա: Երբեմն արգանդի թեքումը բարդանում է իր առանցքի շուրջ պտտվելով` ռոտացիայով, իսկ դա, իր հերթին, հանգեցնում է արգանդի փողերի ճնշման, որն էլ կարող է անպտղության պատճառ դառնալ:

Որո՞նք են թեքման պատճառները: Դրանք այնքան բազմազան են, որ բժշկության մեջ առայսօր ստույգ դասակարգում չի ընդունվել: Կանանց մի մասի մոտ ազդեցություն է թողնում ժառանգականությունը և, ի դեպ, դա ամենահաճախ հանդիպող պատճառներից է: Բացի այդ, կոնքի հատակի ոչ բավարար զարգացած մկանները նույնպես կարող են հանգեցնել արգանդի թեքման: Կնոջ սեռական համակարգի բորբոքային գործընթացները քիչ դեր չեն խաղում ռետրովերսիայի առաջացման գործում: Էնդոմետրիոզը և ուռուցքները նույնպես կարող են ազդել արգանդի դիրքի վրա:

Շատերը կարծում են, որ աղջիկ երեխաներին 6 ամսականից  շուտ չի կարելի նստեցնել, չնայած բժշկության մեջ դա հաստատված չէ: Իսկ ահա դեռահաս աղջիկներին չի կարելի 20 կգ-ից ավելի ծանրություն բարձրացնել: Այս փաստն ապացուցված է: Նման ծանրաբեռնվածությունը կարող է թեքում հրահրել: Այնպես որ, պատճառները շատ են և յուրաքանչյուր կնոջ մոտ դրանք անհատական են:

Որո՞նք են արգանդի ոչ ճիշտ դիրքի հետևանքները: Ամենատհաճ հետևանքը ցավոտ դաշտաններն են: Որպես կանոն, մի քանի օր առաջ նախքան դաշտանը թույլ արտադրություն է լինում, որին ուղեկցում են գոտկատեղի ցավերը, իսկ դաշտանից հետո` սկսում է առատ արտադրություն հեշտոնից: Շատ հաճախ կանայք չգիտեն իրենց ախտորոշման մասին: Այսինքն, արգանդի թեքումը ոչ մի կերպ չի դրսևորվում:

Ինչպե՞ս է արգանդի թեքումն ազդում բեղմնավորման վրա: Այդ հարցը շատ հաճախ է առաջանում վերարտադրողական տարիքի կանանց մոտ: Այստեղ նույնպես միանշանակ պատասխան գոյություն չունի: Բարեբախտաբար, այդպիսի ախտորոշումը շատ հազվադեպ է կնոջ անպտղության պատճառ դառնում: Իհարկե, եթե կնոջ մոտ առկա չեն ուղեկցող հիվանդություններ: Շատ ու շատ կանայք հաջողությամբ հղիանում են, նույն հաջողությամբ ծննդաբերում և, նույնիսկ, մի քանի անգամ: Իհարկե, լինում են նաև բացառություններ, սակայն, սովորաբար, գինեկոլոգները նման բացառությունները ժամանակին են հայտնաբերում և կիրառում են բուժման ճիշտ մեթոդներ:

Արգանդի թեքման կանխարգելումը

Հարկ է ժամանակին դատարկել միզապարկն ու աղիները: Դա պետք է սովորություն դառնա: Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել մարզումների ուժային այն տեսակներով, որոնք լարում են կոնքային մկանները: Նաև խորհուրդ է տրվում անպայման բուժել փոքր կոնքի օրգանների բորբոքային գործընթացները, քանի որ դրանք կարող են քրոնիկական բնույթ ստանալ: Ուստի հարկ է պարբերաբար այցելել գինեկոլոգին: Հարկ է նաև հետևել աղիների աշխատանքին փորկապությունից խուսափելու համար:

Բուժման են ենթակա արգանդի թեքումները, որոնք ուղեկցվում են դրա իջեցմամբ, ինչպես նաև իր առանցքի շուրջ պտտվելու դեպքում: Նման բուժումը շատ երկարատև է, երբեմն ոչ այնքան արդյունավետ: Եթե բուժումը սպասված արդունքը չի տալիս, ապա կիրառվում է վիրահատական միջամտությունը:

Գոյություն ունեն մասնագիտացված կլինիկաներ, որտեղ շտկում են կոնքի արատները, կարգավորում դրա մկանների տոնուսը` բուժական ֆիզկուլտուրայի օգնությամբ: Այդ ուղղությամբ աշխատող մասնագետներին անվանում են կինեզոթերապևտներ:   

 

 

17.07.2017