«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Սեզոնային միոզիտ

Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցիկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մեկ անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է: Այն հատկապես լինում է գարնանը և աշնանը:

Միջանցուկ քամի

Պարանոցը ցավում է, գլուխը շրջելը շատ դժվար է, հենց այսպես են նկարագրում մարդիկ իրենց վիճակը, պարանոցի միոզիտի կամ հիմնակմախքի մկանների բորբոքման դեպքում: Այս հիվանդության զարգացմանը հանգեցնում են և´ վիրուսային ինֆեկցիաները, և´ չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, և´ վնասվածքները:

Սակայն, աշնանը, հաճախ, բորբոքման պատճառը դառնում է մրսածությունը, հատկապես, միջանցիկ քամին:

Միոզիտին հատուկ է աստիճանաբար ավելացող մկանային թուլությունը, առավոտյան մեծ ջանքերով հաջողվում է գլուխը բարձից բարձրացնել, իսկ պարանոցն ուղիղ պահելն արդեն անասելի դժվար է: 

Պարանոցի հատվածում ցավերը  կարող են առաջանալ նաև առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներից, որոնց շարքում կարող են լինել այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսին ռևմատոիդ արթրիտն է և կրծքահեղձուկը: Որոշակի ցավի դեպքում հարկ է համոզվել, թե` իրո՞ք, այն միոզիտ է:

Միոզիտի հիմնական դրսևորումը պարանոցի ցավն է, որը տարածվում է դեպի ուսերը, ծոծրակը, ականջները, ճակատը: Տհաճ զգացողությունը չի վերանում նաև քնած ժամանակ և ուժեղանում է ցրտին: Ցավոտ հատվածը շոշափելիս, զգացվում է, որ մկանները խիստ լարված են, իսկ այդ հատվածի մաշկը տաք է:

Պարանոցային միոզիտը շատերն անվտանգ են համարում և փորձում են ինքնուրույն բուժվել, այդ հատվածը շփելով տաքացնող քսուքներով և տաք շարֆով փաթաթելով: Նման գործողությունները որոշակի արդյունք տալիս են, սակայն մկանների բորբոքումը լիովին չեն վերացնում: Իսկ չբուժված միոզիտն արդեն քրոնիկական ձևին է անցնում. հենց մի թեթև մրսածություն կամ գերհոգնածություն է լինում, պարանոցի ցավը վերականգնվում է:

Այս պատճառով էլ բուժումն անպայման պետք է համալիր լինի: Բացի ցավազրկող դեղորայքից, բուժումը պետք է ներառի ոչ ստերոիդ հակաբորբոքային պատրաստուկներ: Համալիր բուժման մեջ կարող է մտնել նաև ասեղնաբուժությունը և խնդրահարույց հատվածի էլեկտրախթանումը: Տվյալ մեթոդները ո՛չ միայն վերացնում են ցավագին ջղակծկումները, այլև լավացնում են մկանների և նյարդերի արյան շրջանառությունը, որն էլ օգնում է վերացնել բորբոքումը: Եթե չկան հակացուցումներ (օրինակ, ալերգիա կամ զարկերակային գերճնշում), բժշկի հետ խորհրդակցելուց հետո կարելի է տզրուկաբուժության կամ մեղվաբուժության անցնել: Հիանալի արդյունք է ապահովում մերսումը` միայն թե մասնագետի մոտ:

Այս բոլոր միջոցառումները, որոնք պետք է անհատական ընտրվեն յուրաքանչյուրի համար, հնարավորություն են տալիս արագ վերականգնել առողջությունը և կանխարգելել կրկնումը:

01.09.2017