Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Լյարդի կիստա
Լյարդի կիստան բարորակ գոյացություն է, որը տեղակայվում է լյարդի ներսում կամ նրա մակերեսին: Հաճախ այն պատահաբար է հայտնաբերվում՝ այլ նպատակով իրականացված որովայնի ՈՒՁՀ կամ ՀՏ ժամանակ:
Կիստան հեղուկով կամ դոնդողանման թանձր պարունակությամբ լցված և փափուկ հյուսվածքով պատված պարկ է:
Պարունակության գույնը կարող է լինել թափանցիկից մինչև մուգ կանաչ: Գույնի արտահայտվածությունն ուղիղ համեմատական է զանգվածի թանձրությանը:
Գոյացության չափերը կարող են տատանվել մի քանի մմ-ից մինչև 20 սմ տրամագծի սահմաններում: Կիստայի չափը կախված է մի քանի պատճառից, առաջին հերթին, կարևոր է նրա «տարիքը»: Սկզբնական շրջանում այն կարող է լինել շատ փոքր, բայց տարբեր գործոնների ազդեցությամբ աստիճանաբար աճում է:
Մեծ դեր ունի նաև առաջացման մեխանիզմը, քանի որ որոշ կիստաներ հենց սկզբում արագ՝ մի քանի շաբաթվա ընթացքում, մեծ չափերի են հասնում: Հաջորդ ոչ պակաս կարևոր գործոնը նրա տեղակայումն է:
Փոքր կիստաներն, ինքնին, լուրջ վտանգ չեն ներկայացնում: Հնարավոր է բուժառուի ամբողջ կյանքում դրանք չանհանգստացնեն և չհայտնաբերվեն: Սակայն ժամանակին հայտնաբերումը խիստ կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս խուսափել կիստայի ոչ բարենպաստ ելքից և բարդություններից: Ժամանակին հայտնաբերման դեպքում հնարավոր է արդյունքի հասնել ընդամենը միայն դեղորայքային բուժմամբ, այլապես հարկ է լինում դիմել վիրահատության և կիստայի լիարժեք հեռացման:
Լյարդի կիստայի տեսակները
Լյարդային բջիջները բարդ դասակարգում ունեն: Կիստաների տարբերակման կարևոր միջոցը նրանց նախ՝ կեղծի և իրականի բաժանելն է:
Իրական կիստաներ
Իրական կիստաները բնածին են և տարբերվում են էպիթելի ներսում առկա ծածկույթով: Իրենց հերթին, իրական կիստաները՝ ըստ կիստայի մորֆոլոգիական առանձնահատկությունների, բաժանվում են մի քանի տեսակի․ ռետենցիոն, հասարակ, դերմոիդ, բազմախոռոչային:
Կեղծ կիստաները կարող են զարգանալ կյանքի ընթացքում: Պատճառներից են՝ տարած վիրահատությունները, վնասվածքները, բորբոքումները, որոնց հետևանքով լյարդի հյուսվածքում փոփոխություններ են տեղի ունենում և նպաստում հեղուկային կիստայի առաջացմանը:
Կիստաները կարող են ունենալ մի քանի խոռոչներ, որից ելնելով, տարբերում են միայնակ և բազմախոռոչային կիստաներ:
Գոյություն ունի նաև պոլիկիստոզ տարբերակ, երբ լյարդի տարբեր հատվածներում զարգանում են մի քանի կիստաներ:
Տարբերում են նաև պարազիտար (էխինակոկոզ) և ոչ պարազիտար կիստաներ: Հանդիպում են նաև ալվեոկոկային կիստաներ, որոնք առաջանում են կիստայի հելմինթներով ախտահարման արդյունքում, լյարդի բիլիար և խոլանգիոգեն կիստաներ:
Ախտորոշումը
Լյարդի կիստաների կասկածի դեպքում իրականացվում են հետևյալ հետազոտությունները․
որովայնի ՄՌՏ,
որովայնի ՀՏ,
որովայնի օրգանների ՈՒՁՀ,
լյարդի կիստայի պունկցիա։
Բուժումը
Եթե կիստան հայտնաբերվել է որևէ հետազոտության ժամանակ, անհրաժեշտ է.
- պահպանել հատուկ սննդակարգ,
- կատարել լյարդի տվյալ հատվածի ռեզեկցիա,
- հնարավոր է լյարդի ամբողջական հեռացում՝ հետագա իմպլանտացիայի իրականացմամբ,
- վիրահատական միջամտությամբ կիստայի էնուկլեացիա,
- գոյացության պատերի հեռացում՝ ֆենեստրացիոն լապարասկոպիայի օգնությամբ,
- վիրաբուժական պալիատիվ միջոցների օգտագործում՝ դրենավորում, մարսուպիալիզացիա,
- դեղորայքային պահպանողական թերապիա՝ վիրահատությունից հետո։


