Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ: Նորմալ է քիթ-ըմպանում առաջացած քիչ քանակի լորձ կուլ տալը: Բայց եթե այն մածուցիկ է, քանակով շատ, և տևում է երկար, կարելի է բնութագրել որպես հետքթային հոսքի համախտանիշ: Այն անվանում են նաև վերին շնչուղիների հազի համախտանիշ:
Հետքթային հոսքի համախտանիշը տարածված խնդիր է:
Ախտանշանները
Այս համախտանիշը, սովորաբար, պահպանվում է մի քանի օր կամ շաբաթ՝ կախված պատճառից: Երբեմն ունենում է քրոնիկ ընթացք:
Դիտվում են հետևյալ ախտանշանները.
- հաճախակի հազ,
- կոկորդի հետին մասում այրոցի, քերծման զգացողություն կամ քոր,
- կոկորդի հետին մասում գնդի զգացողություն,
- լորձի մեծ քանակի զգացողություն կոկորդում՝ գիշերը,
- ձայնի խռպոտություն,
- տհաճ հոտ՝ բերանից։
Պետք է բժշկի դիմել, եթե դա տևում է մի քանի շաբաթից ավելի, դժվարանում է կլման ակտը, առկա են շնչառության հետ կապված խնդիրներ, բարձր ջերմություն, փսխում կամ ցավ՝ ականջներում:
Պատճառները
- ՔԿԱ օրգանների քրոնիկ հիվանդություներ,
- ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքս,
- սեզոնային ալերգիա,
- ալերգիա՝ փոշուց, կենդանիների մազից և այլ,
- անատոմիական շեղումներ (քթի միջնապատի թեքվածություն, քթի խեցիների մեծացում),
- Որոշ դեղերի կիրառություն (երբեմն հակաբեղմնավորիչներ, հորմոններ, հիպոտենզիվներ),
- անոթասեղմիչ ցողացիրների, կաթիլների չափից ավելի օգտագործում,
- վարակներ (սինուսիտ, գրիպ, ցիտոմեգալովիրուս, ադենովիրուս, ստրեպտոկոկային անգինա),
- հղիությամբ պայմանավորված ռինիտ,
- վազոմոտոր ռինիտ,
- նյարդաբանական հիվանդություններ
- քթում և խեցիներում՝ օտար մարմին։
Կոկորդում մածուցիկ լորձի առաջացմանը կարող են նպաստել.
- կծու սնունդը,
- կաթնամթերքը,
- ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը,
- քթում օտար մարմինը։
Ախտորոշումը
- քիթ-ըմպանի զննում, անամնեզ,
- ռինոսկոպիա,
- գործիքային հետազոտություն (էնդոսկոպիկ ռինոսկոպիա, նազոֆարինգոսկոպիա, լարինգոսկոպիա, 24 ժամյա рН զոնդ՝ թթվային ռեֆլյուքսի հայտնաբերման համար, էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա),
- քթի և հարքթային խոռոչների ՀՏ, գլխի ՄՌՏ
- լաբորատոր թեստեր,
- ալերգիայի հայտնաբերման թեստ։
Բուժումը
Ճիշտ բուժման համար կարևոր է առաջնորդվել խնդիրն առաջացնող պատճառն ուսումնասիրելուց:
Վիճակը հնարավոր է թեթևացնել հետևյալ միջոցներով.
- շատ ջուր խմել, որպեսզի լորձը ջրիկանա,
- քնելիս սենյակի օդը խոնավացնել,
- լվանալ քթի խոռոչները թույլ աղային լուծույթով,
- օգտագործել խորխը ջրիկացնող խորխաբեր միջոցներ,
- հակահիստամինային միջոցներ՝ ալերգիայի դեպքում,
- ինհալացիաներ։
Դեղորայքային բուժումը ներառում է հակաալերգիկ պատրաստուկներ, ստերոիդ հակաբորբոքիչներ, ըստ ցուցման՝հակաբիոտիկներ, հակասնկային միջոցներ:
Բուժման կոնսերվատիվ միջոցների անարդյունավետության կամ անատոմիական խնդիրների դեպքում (միջնապատի թեքվածություն և այլ) հնարավոր է վիրահատական միջամտության անհրաժեշտություն լինի:


