Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Նշիկների մեծացում առանց ջերմության
Որոշ դեպքերում նշիկները կարող են մեծանալ առանց ջերմության, բայց այդ վիճակը ևս պահանջում է ուշադրություն և բուժում՝ բարդություններից խուսափելու համար:
Նշիկներն իմունային համակարգի կարևոր օրգաններ են: Նշիկների հիմնական խնդիրն է հայտնաբերել ախտածին միկրոօրգանիզմները և արտադրել հակամարմիններ՝ նրանց դեմ պայքարի համար:
Նշիկների մեծացումն, ինքնին, ոչ թե հիվանդություն է, այլ ախտանշան:
Նշիկների մեծացում դիտվում է հետևյալ դեպքերում.
- Վարակներ,
- գենետիկորեն պայմանավորված հիպերտրոֆիաներ,
- արյան հիվանդություններ (լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ),
- աուտոիմուն հիվանդություններ,
- ալերգիկ բորբոքում և այտուց։
Սովորաբար, այդ հիվանդություններն ընթանում են բարձր ջերմությամբ, բայց որոշ դեպքերում նշիկները կարող են մեծանալ առանց բարձր ջերմության:
Դա տեղի է ունենում հետևյալ դեպքերում.
- Ալերգիաներ․ ալերգեններ կարող են լինել կենդանու բուրդը, փոշին, ծաղկափոշին, սնունդը, միջատները, կենցաղային քիմիան։
- Սնկային ախտահարում․ դիտվում են հետևյալ ախտանշանները՝ կոկորդի քերծում, բերանի չորություն, կաթնաշոռանման փառ՝ լորձաթաղանթին։
- Չոր օդ․ երկարատև չոր օդ շնչելու հետևանքով կոկորդի լորձաթաղանթը չորանում է և նշիկները մեծանում են, նույնը լինում է նաև գազով լցված սենյակում:
- Ծխելը․ ծխախոտի ծուխն այրում է լորձաթաղանթը, որի արդյունքում կարող է նշիկների այտուց զարգանալ։
- Անգինայի որոշ տեսակներ (տոնզիլիտներ). վարակիչ հիվանդությունների ժամանակ ջերմությունը բարձրանում է, քանի որ բարձր ջերմության պայմաններում հիվանդության հարուցիչները ոչնչանում են: Եթե ջերմությունը չի բարձրանում, նշանակում է մանրէների քանակն օրգանիզմում մեծ չէ: Առանց ջերմության նշիկները կարող է մեծանալ նաև ոչ լիարժեք բուժման պատճառով, երբ ախտաբանությունը քրոնիկ ընթացք է ընդունում: Նման դեպքերում առողջացումը ձգձգվում է և հնարավոր է բարդությունների զարգացում:
Առանց ջերմության նշիկների մեծացման առանձնահատկությունները
Նույնիսկ ջերմության բացակայության պայմաններում, եթե առկա է նշիկների մեծացում, կարող են դիտվել որոշ ախտանշաններ.
- գլխացավ,
- կոկորդի ցավ,
- ախորժակի բացակայություն,
- կլման դժվարություն,
- բկանցքում չորություն և քերծում,
- ավշային հանգույցների մեծացում և ցավոտություն՝ շոշափման ժամանակ,
- հոգնածություն, մարմնի ջարդվածություն, քնկոտություն, գրգռվածություն, անաշխատունակ վիճակ։
Բուժումը
Բուժման համար, նախ, պետք է պարզել նշիկների մեծացման պատճառը: Եթե պատճառը վարակն է կամ սնկային ախտահարումը, նշանակվում է հակաբակտերիալ կամ հակասնկային թերապիա, կոկորդի ողողումներ՝ հատուկ միջոցներով, վիտամինաթերապիա:
Եթե կոնսերվատիվ բուժումն անարդյունավետ է, առկա է տոքսիկ-ալերգիկ վիճակ, բարդություններ, կարող է նշանակվել տոնզիլէկտոմիա՝ նշիկների հեռացում:
Կանխարգելումը
- Բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը. ճիշտ սնվել, կոփվել, մարզվել, հրաժարվել վնասակար սովորություններից, կարգավորել քունը,
- խուսափել ախտաբանությանը նպաստող գործոններից. չմրսել, խոնավացնել բնակարանը, բացառել ալերգենների ազդեցությունը,
- ժամանակին բուժել վարակիչ հիվանդությունները,
- կատարել բկանցքի և նշիկների լակունաների կանխարգելիչ ողողումներ։


