Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Դատարկ քթի համախտանիշ
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի նորմալ գործառույթի խանգարման:
ԴՔ համախտանիշը տանջող վիճակ է, տուժում են շնչառական օրգանները, նյարդային համակարգը, կոգնիտիվ գործառույթը, շնչառությունը, թթվածնով օրգանիզմի ապահովումը: Բերանով շնչառությունը երբեք չի կարող փոխարինել նորմալ, քթային շնչառությանը: Այդ ամենն ազդում է կյանքի որակի վրա:
Այս համախտանիշը կարող է արտահայտվել վիրահատությունից ամիսներ կամ տարիներ անց: ԴՔՀ-ն, ցավոք, քիչ է ուսումնասիրված, բավարար չափով չի ախտորոշվում և հաճախ նաև չի բուժվում:
Ախտորոշումը
ԴՔ համախտանիշի մասին պետք է մտածել այն դեպքերում, երբ քթի խոռոչների վիրահատությունից հետո բուժառուի մոտ առկա են քթի խոռոչի չորություն և շնչառության դժվարացում: Բայց այն կարող է լինել նաև առանց քթի խոռոչի չորության:
ԴՔ համախտանիշը կարելի է ախտորոշել օբյեկտիվ և սուբյեկտիվ եղանակով:
Ժամանակակից ախտորոշման մեթոդը հիմնված է սուբյեկտիվ ախտանշանների վրա՝ հատուկ թեստերի (SNOT-25, ENS6Q и SNOT-55) և «բամբակի» դրական թեստի օգնությամբ:
Հարքթային ծոցերի, քթի համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները և քթի խոռոչի էնդոսկոպիան ախտորոշման օբյեկտիվ մեթոդներն են:
«Բամբակի» թեստը կատարվում է հետևյալ կերպ. քթի խռոչում, դեֆիցիտի շրջանում (որտեղ գուցե տեղադրված է իմպլանտ) դրվում է ֆիզիոլոգիական լուծույթով թրջած բամբակ՝ 30 րոպե: Այդ ընթացքում բուժառուին հրահանգվում է հագիստ շնչել: Եթե դիտվում է շնչառության լավացում և ախտանշանների թեթևացում, դա համարվում է դրական արդյունք:
Բուժումը
ԴՔ համախտանիշի բուժման համար որևէ դեղորայք չկա, բայց որոշ դեպքերում ախտանշանները հնարավոր է վերահսկել կամ թեթևացնել:
Կոնսերվատիվ բուժում
Անհրաժեշտ է պահպանել քթի հիգիենա, խոնավացնել լորձաթաղանթը (աղային ցողացիրներ, փափկեցնող և խոնավացնող միջոցներ), ինչը թեթևացնում է չորությունից առաջացած ցավը և տհաճ զգացողությունը, կանխում է վարակը, նվազեցնում լորձաթաղանթի բորբոքումը:
Տեղային կարելի է օգտագործել նաև կորտիկոստերոիդներ և հակաբակտերիալ քսուքներ:
Վիրահատական բուժում
Վիրահատական բուժումը իմպլանտների օգտագործումն է և համապատասխանում է այն բուժառուներին, որոնց մոտ առկա է քթի խեցիների արտահայտված վնասում: Իմպլանտներով հնարավորին վերականգնվում է հեռացված խեցու ձևը:
Բուժման վերոնշյալ կոնսերվատիվ միջոցները կարող են նպաստել որոշ ախտանշանների թեթևացման կամ լավացման, բայց դրանք չեն ազդում շնչառության հետ կապված հիմնական ախտանշանների վրա: Վիրահատական բուժումը՝ իմպլանտների կիրառմամբ, կարող է դրական ազդեցություն ունենալ ախտանշանների, անգամ շնչառական խնդիրների վրա: Չնայած, այնուամենայնիվ, քթի նորմալ ֆիզիոլոգիան, նրա գործառույթային առանձնահատկությունները չեն վերականգնվում, քթի խեցու հյուսվածքը հնարավոր չէ փոխարինել կամ կրկին աճեցնել: Եվ բուժառուն իմպլանտացիայի շնորհիվ ՝որոշ բարելավմանը զուգահեռ, արտահայտված խնդիրները պահպանվում են:
ԴՔ համախտանիշով բուժառուները նաև հոգեբանական աջակցության կարիք ունեն, որովհետև այս խնդրի ժամանակ գլխուղեղում և ենթագիտակցության մեջ ձևավորվում է նյարդային ցանցի արատավոր շրջան, դառնում բացարձակ դոմինանտ և խանգարում է զբաղվել որևէ այլ բանով, քան անվերջ պտտվել սեփական խնդրի շուրջ, որն, ի վերջո, հանգեցնում է խորը դեպրեսիայի: Հոգեբանի խնդիրն է շեղել բուժառուի ուշադրությունը դեպի այլ հարցեր և վիճակներ:
Միայն հոգեթերապևտիկ և դասական բուժման համատեղ կիրառմամբ է հնարավոր հասնել նկատելի և կայուն արդյունքի:


