Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ցավ ձախ ենթակողում
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին: Այդ զգացողությունները կարող են առաջանալ տարբեր գործոններից, օրինակ, շատ սուր կամ ճարպոտ սննդից, բայց կան դեպքեր, երբ դա լուրջ վիճակի ահազանգ է:
24 կողերն օգնում են ողնաշարին ճիշտ դիրքով մնալ և պաշտպանում են իրենցից ներս գտնվող օրգաններն՝ արտաքին ազդակներից:
Ձախ կողերի ետևում գտնվում են.
- ստամոքսի վերին մասը,
- փայծաղը,
- ստոծանու մի մասը,
- ենթաստամոքսային գեղձը,
- ավելի բարձր՝ սրտամկանն է,
- ավելի ներքև՝ բարակ աղիների մի մասը, սիգմայաձև և վայրէջ աղիները, ձախ երիկամը և միզածորանը:
Այդ շրջանում ցավի պաթոգենեզը դասակարգվում է.
- սպաստիկ, որը լինում է ուժեղ հոգնածության, մկանային դիստրոֆիայի, օրգանների հարթ մկաների լարվածության ժամանակ,
- վերտեբրոգեն․ ներառում են նևրոգեն խանգարումները, ողնուղեղային նյարդարմատների խնդիրները,
- պերիտոնեալ․ արդյունքում որովայնամզի գրգռվածություն է առաջանում,
- դիստենոզային․ որովայնի օրգաններում ճնշման բարձրացում, ֆիբրոզ պատիճների ձգվածություն,
- անոթային․ հյուսվածքների տրոֆիկ և հեմոդինամիկայի խնդիրներ։
Ձախ ենթակողում ցավի պատճառները
Ցավի պատճառ կարող են լինել տարբեր հիվանդությունները․
- ողնաշարի խնդիրներ․ օստեոխոնդրոզ, միջողային ճողվածքներ,
- միջկողային նևրալգիա․ ցավն առաջանում է հանկարծ, ուժեղանում է խորը ներշնչման ժամանակ, կողքի շրջվելիս, կանգնելիս կամ նստելիս, հազալիս, երբեմն պատճառը ողնուղեղային նյարդարմատների ճնշումն է,
- ենթաստամոքսային գեղձի ախտաբանություն․ պանկրեատիտ, բարորակ ուռուցքներ (ինսուլինոմա, գաստրինոմա, գլյուկագոնոմա), օնկոլոգիա, պանկրեոլիթիազ (կալցինատներ գեղձի մեջ),
- ստամոքս-աղիքային համակարգի ախտաբանություն. դիսպեպսիա, գաստրիտ, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս, խոցային հիվանդություն,
- փայծաղի հիվանդություններ․ սպլենոմեգալիա, վնասվածք, փայծաղի երակի թրոմբոզ, փայծաղի ինֆարկտ, աբսցես, բնածին անոմալիաներ (Պայրի հիվանդություն և այլն), պերիսպլենիտ,
- այլ հիվանդություններ. թոքերի հետ կապված խնդիրներ՝ պլևրիտ կամ թոքաբորբ, սրտանոթային ախտաբանություն, օրինակ՝ կրծքավանդակում այրոցի և սուր ցավի ժամանակ (նաև գլխապտույտ, սարսուռ, հևոց, քրտնարտադրություն) կարելի է կասկածել միոկարդի ինֆարկտ:
Ի՞նչ անել ցավի ժամանակ։
Եթե առկա է փսխում, հևոց, բարձր ջերմություն, անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: Եթե ցավերը թույլ են և հազվակի, կարելի է միայն սննդակարգում փոփոխություն կատարել (բացառել աղի, կծու, ապխտած սնունդը, ճարպոտ միսը, ալկոհոլը) և հետազոտվել:
Ախտորոշումը
- Արյան ընդհանուր, կենսաքիմիական քննություն, մեզի հետազոտություն,
- որովայնի խոռոչի ՈՒՁՀ
- ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա,
- ՀՏ, ՄՌՏ,
- էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն,
- էլեկտրանյարդամիոգրաֆիա,
- փայծաղի սցինտիգրաֆիա,
- որևէ օրգանի նմուշ վերցնելու համար՝ լապարոսկոպիա։
Բուժումը
Բուժումը որոշվում է հայտնաբերված հիվանդությանը համապատասխան:


