Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Սրտի անոթների շունտավորում
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար: Բնական շունտավորման դեպքում շունտը սեփական անոթի հատված է, իսկ արհեստականի ժամանակ՝ սիլիկոնային պրոթեզ կամ կենդանու անոթի հատված:
Կորոնար շունտավորումն իրականացվում է անևրիզմայի, սրտի իշեմիկ հիվանդության, աթերոսկլերոզի, ստենոկարդիայի ժամանակ:
Մինչև շունտավորումը բժիշկը գնահատում է բուժառուի վիճակը, վիրահատության անհրաժեշտության աստիճանը, վտանգները:
Շատ դեպքերում անոթի անցանելիությունը հնարավոր է վերականգնել ներանոթային մեթոդով. ստենտավորմամբ՝ այդ մասում բալոնի օգնությամբ վերացնելով նեղացումը: Շունտավորում կատարվում է անոթի խիստ վնասման ժամանակ:
Ե՞րբ է անհրաժեշտ շունտավորումը․
- թրոմբոէմբոլիա,
- կորոնար անոթի լրիվ փակվածություն՝ խոլեսթերինային նստվածքով,
- սրտի իշեմիկ հիվանդություն,
- անոթների բորբոքային վիճակ,
- անևրիզմա,
- ծանր ստենոկարդիա,
- սրտի արատ, երբ տուժում է հյուսվածքների սնուցումը։
Շունտավորումը խորհուրդ է տրվում նաև անգիոպլաստիկայի անարդյունավետության կամ այդ մեթոդի հակացուցման դեպքում:
Անոթների շունտավորման համար անհրաժեշտ հետազոտություններն են․
- անոթների դուպլեքսը,
- ՀՏ-անգիոգրաֆիան,
- ՄՌՏ-ն։
Կորոնար շունտավորումը կարող է իրականացվել աշխատող կամ անջատված սրտի վիճակում:
Վիրահատության ընթացքը
- Ընդհանուր անզգայացման պայմաններում առանձնացվում է նախ՝ շունտի համար ընտրված անոթը (ձեռքի, ոտքի, կրծքային շրջանի զարկերակ կամ երակ):
- Շունտը մշակվում է և ամրացվում անոթի ախտահարված մասի վերևում և ներքևում:
- Ախտահարված անոթը չի հեռացվում, այնտեղով դեռևս շարունակվում է արյան հոսքը: Դա էլ հենց շունտավորման և պրոթեզավորման միջև տարբերությունն է։
- Եթե վիրահատության ժամանակ միացված է արհեստական շրջանառություն, վիրահատությունն ավարտելուց հետո դարձյալ միացվում է սրտի աշխատանքը։
- Բուժառուին միացվում են ժամանակավոր էլեկտրոդներ։
- Դրվում են կարեր՝ կտրված հյուսվածքների վրա։
Առաջին 2 օրվա ընթացքում բուժառուն գտնվում է ինտենսիվ պալատում՝ մշտական հսկողության տակ:
Վերականգնողական շրջան
- Քանի դեռ վերքի շրջանը թաց է, պետք է հրաժարվել ցնցուղ և լոգանք ընդունելուց։
- Մինչև կարերը հանելը ցնցուղի շիթը չի կարելի ուղղել դրանց վրա։
- Ցնցուղ ընդունելը պետք է 8-9 րոպեից ավելի չլինի, չօգտագործել սառը կամ շատ տաք ջուր։
- Վերքը քորել կամ ինքնուրույն պոկել վերքի կեղևները չի կարելի։
- Թարախակալման, մարմնի բարձր ջերմաստիճանի, վերքից տարօրինակ արտադրությունների դեպքում անմիջապես դիմել բժշկի։
- Ծանրություն չբարձրացնել։
- Ձեռքը երկար ժամանակ չպահել վերև բարձրացրած դիրքում։
Անհրաժեշտ է ընդունել բժշկի նշանակած դեղերը, կատարել նրա խորհուրդները, վերականգնման շրջանում վիրուսային հիվանդությունների դեպքում խորհրդակցել բժշկի հետ:


