«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Մակերիկամների ախտաբանություն

Մակերիկամների ախտաբանություն

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է 12-13 գր: Աջ և ձախ մակերիկամները տարբեր ձև ունեն. առաջինը հիշեցնում է եռանկյուն թասակ, երկրորդը ՝ լոբու հատիկ:


Այս գեղձերի խնդիրներն առաջացնում են ծանր հիվանդություններ:


Մակերիկամները երկու շերտից են կազմված. արտաքինը կոչվում է կեղևային շերտ, ներքինը՝ ուղեղային, որոնք տարբեր գործառույթներ են իրականացնում:


Կեղևային շերտն, իր հերթին, տարբեր շերտեր ունի՝ յուրաքանչյուրն իր գործունեությամբ:

 

  • Ցանցային գոտի։ Արտադրում է անդրոստենդիոն հորմոնը, ոըը կապված է կնոջ և տղամարդու սեռական հորմոնների արտադրության հետ: Տեստոստերոնը և էսթրոգենները երկու սեռերի մոտ էլ արտադրվում են, պարզապես՝ տարբեր հարաբերակցությամբ: Կանանց մոտ տեստոստերոնի քանակը շատ քիչ է: Ցանցային զոնայի խանգարումն առաջացնում է սեռական դիսֆունկցիա և անպտղություն:

  • Խրձային գոտի։ Արտադրում է գլյուկոկորտիկոստերոիդներ՝ կորտիզոն, կորտիզոլ և կորտիկոստերոն: Այս հորմոնները կարևոր դեր ունեն նյութափոխանակության մեջ, կանխում են ջրազրկման առաջացումը, ազդում են մարսողության վրա, խթանում են ստամոքսահյութի արտադրությունը: Կոչվում են նաև ադապտացիայի հորմոններ. սթրեսային վիճակներում օրգանիզմին օգնում են հարմարվել այլ վիճակների:

  • Գլոմերուլային (գնդաձև): Արտադրում է միներալոկորտիկոիդներ՝ դեզոքսիկորտիկոստերոն և ալդոստերոն, որոնք պահպանում են կալիումի և նատրիումի իոնների հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է արյան նորմալ ճնշումն ապահովելու համար:


Ուղեղային նյութ


Մակերիկամների կենտրոնական մասն արտադրում է կատեխոլամինային հորմոններ՝ ադրենալին և նորադրենալին:


Ադրենալինն ընդունված է անվանել սթրեսի հորմոն, քանի որ սթրեսային վիճակներում նրա քանակը շատանում է, ինչը նպաստում է ցավային շեմի իջեցմանը և ուժերի կենտրոնացմանը. արագանում է շնչառությունը և լայնանում են բբերը:


Նորադրենալինը նույնպես արտադրվում է սթրեսային վիճակներում, բայց օրգանիզմի վրա նրա ազդեցությունն այլ է: Այն խթանում է սրտամկանի աշխատանքը և կարգավորում արյան ճնշումը:


Մակերիկամների աշխատանքի խանգարումը


Մակերիկամների հետ կապված խնդիրների ժամանակ դիտվում է կամ հորմոնների պակաս, կամ՝ ավելցուկային արտադրություն, ինչի հետևանքով առաջանում են էնդոկրին հիվանդություններ:


Հիվանդությունների ախտանշանները կախված են այն բանից, թե ո՞ր հորմոնն է քիչ կամ շատ արտադրվում:


Ընդհանուր նշաններն են.

  • մկանային թուլություն,
  • մշտական հոգնածության զգացողություն,
  • ախորժակի անկում և նիհարում,
  • գրգռվածություն,
  • անքնություն՝ զուգակցված մշտական քնկոտության հետ
  • գլխացավեր, գլխապտույտի հանկարծակի նոպաներ։
 

Մակերիկամային ախտաբանության հետևանքով առաջանում են հետևյալ հիվանդությունները.

  • Ադիսոնի, Իցենկո-Կուշինգի կամ Նելսոնի հիվանդություններ, 
  • ֆեոխրոմոցիտոմա, 
  • հիպերալդոստերոնիզմ (Կոնի համախտանիշ), 
  • կեղևային շերտի հիպերպլազիա,
  • մակերկամների կեղևի անբավարարություն,
  • բորբոքային խնդիրներ,
  • մակերիկամների տուբերկուլոզ, 
  • կիստա, ուռուցքներ:


Ախտորոշում


Օգտագործվում են լաբորատոր և գործիքային հետազոտություններ.

  • արյան և մեզի ընդհանուր հետազոտություն,
  • Հորմոնների որոշում,
  • համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ),
  • մագնիսռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
  • ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ). այս հետազոտությունից առաջ խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել միրգ-բանջարեղենը, լոբազգիները, գազավորված ըմպելիքը)
 

Լաբորատոր հետազոտությունները կատարվում են առավոտյան՝ սոված ժամանակ, խորհուրդ է տրվում 2-3 օր առաջ բացառել ադրենալինի քանակը բարձրացնող մթերքը՝ սուրճ, շոկոլադ, ցիտրուսներ, բանան: Հետազոտությունից մեկ օր առաջ չզբաղվել ֆիզիկական ծանր աշխատանքով, մարզումով, որը բարձրացնում է կորտիզոլի քանակը:


Մակերիկամային հիվանդությունների բուժումը


Բուժումը նշանակում է էնդոկրինոլոգը, որը կախված է կոնկրետ հիվանդության առկայությունից: Եթե մակերիկամի ախտահարումը հետևանք է այլ հիվանդության, անհրաժեշտ է բուժել առաջնային հիվանդությունը և, միաժամանակ, անցկացնել ախտանշային բուժում:


Թերապիայի նպատակը հիմնականում հորմոնալ ֆոնի կարգավորումն է: Որոշ դեպքերում ցուցված է վիրահատական բուժում, որը հիմնականում իրականացվում է ուռուցքային հիվանդությունների ժամանակ:

15.05.2023