«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Լեղապարկի հիվանդությունների ախտանշանները

Լեղապարկի հիվանդությունների ախտանշանները

Ամենաարտահայտված ախտանշանը ցավն է կամ լեղային խիթը:  Ցավը սոբորաբար մշտական է՝ սեղմող, կտրող բնույթի, որովայնի աջ վերին շրջանում, որը կարող է տարածվել դեպի իրանի վերին շրջան: Ոմանց մոտ ցավը զգացվում է կրծոսկրի հետևում, լինում է նաև սրտխառնոց, փսխում: Ցավն ուժեղանում է յուղոտ, տապակած կամ ապխտած սնունդ ընդունելուց հետո:

 

Երբեմն լեղաքարային հիվանդության ժամանակ՝ լեղուղիների քարերով փակման հետևանքով, զարգանում է բորբոքում /սուր խոլեցիստիտ/:

 

Ախտանշանները նման են լեղաքարային հիվանդության,սակայն ավելի ուժեղ են արտահայտված:

 

Քրոնիկ ընթացքի դեպքում լեղապարկի վրա կարող է ձևավորվել սպի: Բուժառուն գանգատվում է մշտական դիառեայից, փորկապությունից կամ լուծից, առավոտյան՝ սրտխառնոցից, ուտելուց հետո որովայնում տհաճ զգացողությյունից:

 

Լեղապարկի հիվանդությունների ժամանակ կարող են լինել հետևյալ լրացուցիչ ախտանշանները.


•    մաշկի, աչքի կարծրաթաղանթի դեղնություն /լեղածորանների փակման դեպքում/․
•    լեզվի կարմրություն /բնորոշ է լեղապարկի, լյարդի ախտաբանությանը/,
•    բերանում՝ դառը համ,
•    ուտելուց հետո այրոց՝ ստամոքսում,
•    մուգ մեզ, բաց գույնի կղանք /լեղաթթուների պակասի հետևանքով/,
•    տախիկարդիա, արյան ճնշման կտրուկ իջեցում։


Լեղապարկի հաճախ հանդիպող հիվանդությունները


Լեղաքարային հիվանդություն: Լեղին կարող է բյուրեղանալ և առաջացնել քարեր: Փոքր քարերը որևէ խնդիր չեն առաջացնում, բայց մեծ չափերի դեպքում դիտվում են ցավ, սպազմ, սրտխառնոց: Ցավը լինում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, խորը ներշնչումից հետո: Այն հայտնվում է հանկարծակի և արագ անցնում:


Խոլեցիստիտ։ Բորբոքումն առաջացնում է տենդ,  ուժեղ ցավ աջ թուլակողում և էպիգաստրալ շրջանում: Հիվանդության սրացման ժամանակ ցավը խիստ ուժեղ է, կտրող բնույթի, լինում է սրտխառնոց, փսխում՝ լեղու պարունակությամբ, մաշկը կարող է լինել գունատ կամ դեղնավուն: Կրկնվող ընթացքի դեպքում դեղորայքային բուժումը զուգակցվում է վիրահատական միջամտության հետ:


Լեղապարկի քաղցկեղ։ Հազվադեպ է հանդիպում և, սովորաբար, ախտորոշվում է ուշ շրջանում, երբ կլինիկական պատկերը լավ արտահայտված է: Ախտանշանները նման են լեղաքարային հիվանդությանը:


Լեղապարկի հիվանդություններից են նաև լեղապարկի գանգրենան կամ աբսցեսը, լեղապարկի բնածին արատը, սկլերոզացնող խոլանգիտը /լեղածորանների ախտահարում, որը բերում է լյարդային անբավարարության/։

Ժամանակին մասնագետի դիմելն օգնում է հիվանդության վաղ ախտորոշմանը և համապատասխան բուժում ստանալուն:

10.05.2023