«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Համային զգացողության խանգարումներ

Համային զգացողության խանգարումներ

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի:

 

Հիմնականում տարբերում են թթու, քաղցր, աղի, դառը համերը:

 

Համային զգացողության խանգարման (ՀԶԽ) տեսակներն են.

 

  • հիպերգևզիա. համի զգացողության ախտաբանական ուժեղացում, որի առավել հավանական պատճառը կեղևային նեյրոնների ախտահարումն է` հիպերսենսիտիզացիա:
  • հիպոգևզիա և ագևզիա. համի զգացողության իջեցում և կորուստ, որի պատճառներից է համային անալիզատորի ախտահարումը, օրինակ, այրվածքի, նևրիտների, էնցեֆալիտների և արյունազեղումների արդյունքում:
  • դիսգևզիա. համի և սննդի պահանջի ախտաբանական խեղաթյուրում, որը կարող է արտահայտվել ժամկետանց սննդի օգտագործման հակումով և այլն:

 

Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման ժամանակ կարող են դիտվել կեղծ համային զգացողություններ, օրինակ, քաղրը թվալ աղի և այլն:

 

Պատճառները

 

Հաճախ ՀԶԽ պատճառ են համային անալիզատորի տարբեր ախտահարումները` կապված բերանի խոռոչի և լեզվի լորձաթաղանթի խնդիրների հետ:

 

Համը ճիշտ ընկալելու համար համային պտկիկներին անհրաժեշտ է թքի մեջ քիմիական միացությունների ճիշտ հարաբերակցություն: Այդ պատճառով թքագեղձերի սեկրեցիայի խանգարումը ևս կարող է համի խանգարման պատճառ դառնալ:

 

Երբեմն ՀԶԽ պատճառ են գլխուղեղի խնդիրները, աֆերենտ նյարդի ախտաբանությունը կամ որոշ հոգեկան խանգարումներ:

 

Համային խանգարումներ դիտվում են նաև ծխողների, երկար ժամանակ որոշ դեղորայք ընդունողների մոտ և կանանց մոտ` հղիության ժամանակ:

 

ՀԶԽ դիտվում է հետևյալ հիվանդությունների ժամանակ.

 

  • բերանի խոռոչի և լեզվի լորձաթաղանթի հիվանդություններ (ստոմատիտ, գլոսիտ),
  • սակավարյունություն,
  • ռեսպիրատոր վարակներ,
  • նյարաբանական ախտահարումներ,
  • կորոնավիրուսային վարակ,
  • շաքարային դիաբետ, հիպոթիրեոզ,
  • հոգեկան խանգարումներ,
  • բերանի խոռոչի սնկային ախտահարում (կանդիդոզ),
  • վիրուսային հեպատիտ` սուր շրջանում,
  • բերանի խոռոչի չարորակ գոյացություններ,
  • Շեգրենի համախտանիշ:


ՀԶԽ կարող է զարգանալ ճառագայթային բուժման կուրսից հետո, բերանի, քթի, գլխի վնասվածքների հետևանքով, ցինկի և վիտամին B12-ի անբավարարության ժամանակ:

 

Ախտորոշումը


Անհրաժեշտ է դիմել նախ` թերապևտի, ով արդեն հնարավոր է ուղղորդի էնդոկրինոլոգի, նյարդաբանի, ստոմատոլոգի, հեմատոլոգի կամ հոգեբույժի խորհրդատվության:


Հետազոտություններից նշանակվում են.

 

  • արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն,
  • լաբորատոր հետազոտոություններ` ալերգիայի ախտորոշման համար,
  • գլյուկոզայի, վիտամին B12-ի, երկաթի և ցինկի որոշում,
  • համակարգչային տոմոգրաֆիա,
  • Գլխի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,
  • Ներքին օրգանների (լյարդ, երիկամններ, արյանանոթներ) ուլտրաձայնային հետազոտություն:

 

Հնարավոր է պահանջվի նաև հորմոնալ հետազոտություն:

 

Բուժումը


Բուժումը կախված է ախտաբանության պատճառից:  Կարող են նշանակվել` դեղորայքային բուժում, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ (մագնիսաթերապիա, օզոնաթերապիա, ռեֆլեքսաթերապիա, էլեկտրաֆորեզ, մերսում), վիրահատական բուժում:

03.04.2023