«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Արթրիտ. պատասխաններ 10 ամենահաճախ տրվող հարցերին

Արթրիտ. պատասխաններ 10 ամենահաճախ տրվող հարցերին

Արթրիտը հոդերի ախտահարումն է, որն ուղեկցվում է բորբոքմամբ: «Արթրիտ» տերմինն առաջին անգամ օգտագործվել է դեռևս Հիպոկրատի կողմից, իսկ հետո այդ անվանումն սկսեցին օգտագործել հոդերի տարբեր ախտաբանությունների ժամանակ:


1. Արթրիտը դա մեկ հիվանդությո՞ւն է

Բժիշկը երբեք պացիենտին պարզապես արթրիտ չի ախտորոշի, այլ միշտ այն կկոնկրետացնի` ռևմատոիդ արթրիտ, փսորիատիկ արթրիտ, օստեոարթրիտ և այլն: Այդպիսով, մասնագետը կպարզի հվանդության ձևը, դրա առաջացումը, տեղայնացումը: Բանն այն է, որ «արթրիտ» անվան տակ ենթադրվում է հիվանդությունների խումբ, որոնց բնորոշ են հոդերի հետ կապված խնդիրները:

2. Ինչպիսի՞ն են լինում արթրիտները

Եթե հիվանդությունն ախտահարել է մեկ հոդը, ապա այն անվանում են «մոնոարթրիտ»: Եթե խնդիր է ծագել երկու կամ ավելի հոդերի հետ, ապա ախտորոշումը դրվում է` «պոլիարթրիտ»:

Արթրիտները կարելի է բաժանել նաև երկու խմբի. ինքնուրույն նոզոլոգիական ձևի (ռևմատոիդ արթրիտ, ինֆեկցիոն հատուկ արթրիտներ, Ռեյթերի հիվանդություն և այլն), նաև արթրիտներ` կապված այլ հիվանդությունների հետ (նյութափոխանակության խանգարում, թոքերի, արյան, մարսողական ուղու հիվանդություններ, չարորակ ուռուցքներ և այլն):

Այսպիսով, ախտորոշման մեջ սովորաբար նշվում է արթրիտի ձևի և ախտահարված հոդերի քանակը: Օրինակ,«ռևմատոիդ արթրիտ» նշանակում է ինքնուրույն հիվանդություն, որի դեպքում մարդու օրգանիզմում ախտահարվել է մի քանի հոդ:

3. Ինչու՞ է առաջանում արթրիտ

Արթրիտի առաջացման ճշգրիտ պատճառներն անհայտ են: Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել մարդու իմունային համակարգի խափանումները, երբ հակամարմիններ են արտադրվում սեփական հոդերի հյուսվածքների նկատմամբ: Սա է ռևմատոիդ արթրիտի զարգացման մեխանիզմը:

Մարդը հաճախ լարում է հոդերը, ուշադրություն չի դարձնում հիվանդության ախտանիշներին (այտուցներ և ցավ հոդերի շրջանում, առավոտյան կաշկանդվածության զգացում, հոդերի ձևախախտում և այլն): Հետագայում,  չբուժվելու դեպքում հոդերի մաշվածության գործընթացն անխուսափելիորեն կարագանա, ինչն էլ կհանգեցնի արթրիտի զարգացման: Տարիքի հետ կարող է առաջանալ նաև օստեոարթրիտ:

Ռիսկի այլ գործոններից կարելի է նշել սթրեսը, մրսածությունը, հոդերի վնասվածքները, ինֆեկցիոն հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները:

4. Ինչպե՞ս իմանալ, որ ձեզ մոտ արթրիտ է

Արթրիտի ախտանիշների առաջացման դեպքում բժիշկն առավել հաճախ պացիենտին ուղարկում է տարբեր հետազոտությունների` ռևմատոիդ գործոնների առկայության, արյան շճաբանական, ընդհանուր և կենսաքիմիական հետազոտությունների:

Բացի այդ, հնարավոր են նաև հետազոտության լրացուցիչ մեթոդներ, օրինակ, հոդերի ռենտգենագրություն,  պունկցիա (հոդի խոռոչից հատուկ ասեղով հոդային հեղուկի ներքաշում) կամ հոդի բիոփսիա (հոդի հյուսվածքից փոքրիկ կտոր է վերցվում), մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:

5. Ո՞ր հիվանդության  հետ է հնարավոր շփոթել արթրիտը

Հոդերի հետ խնդիրների առաջացման դեպքում մարդիկ հաճախ մտածում են, որ իրենց մոտ ռևմատիզմ է զարգանում: Սակայն ռևմատիզմն ինֆեկցիոն հիվանդություն է, որն առաջին հերթին ախտահարում է սիրտը, հետո միայն հանգեցնում հոդերի հիվանդության:

Արթրիտը հնարավոր է նաև շփոթել պոդագրայի հետ, հիվանդություն, որը կապված է նյութափոխանակության խանգարման հետ: Պոդագրայի դեպքում արյան մեջ միզաթթվի մակարդակը բարձրանում  է և հոդերում կուտակվում միզաթթվի աղի բյուրեղիկները:

6. Ինչքանո՞վ է վտանգավոր հիվանդությունը

Արթրիտի դեպքում հիվանդության միանշանակ ախտորոշումը բարդ է: Ճիշտ բուժման բացակայության դեպքում հնարավոր է հոդերի ձևախախտում կամ դրանց գործառույթի խանգարում, հաճախ տուժում են ձեռքերի հոդերը: Բացի այդ, հարկ է հիշել, որ արթրիտի ախտանիշները կարող են ուղեկցել այլ օրգանների խնդիրներին, որոնց նույնպես հարկ է ուշադրություն դարձնել, որպեսզի արթրիտի բուժման դեպքում մեկ այլ հիվանդություն չանտեսվի:

7. Ո՞ր մասնագետին է պետք դիմել

Արթրիտի և հոդերի հիվանդություններով, մասնավորապես, զբաղվում է բժիշկ-ռևմատոլոգը: Եթե հնարավորություն կա, ապա ճիշտ է դիմել նեղ մասնագետին` արթրոլոգին, ով զբաղվում միայն տվյալ հիվանդությամբ:

8. Արթրիտի դեպքում վիրահատությունն անհրաժե՞շտ է

Վիրաբուժական միջամտություն պահանջվում է միայն արթրիտի բարձիթողի դեպքերում, երբ հոդերի ինքնուրույն շարժումներն արդեն հնարավոր չեն: Այդ դեպքում հոդերի պրոթեզավորում է կատարվում: Պրոթեզները նույնպես տարբեր են: Նման վիրահատություններ ներկայում շատ հաճախ են իրականացվում: Եվ, եթե նախկինում արհեստական հոդերը մետաղական էին, ապա այժմ օգտագործում են ճենապակե պրոթեզներ: Դրանք առավել ամուր են և երկար են ծառայում:

9. Արթրիտի դեպքում ժողովրդական միջոցներն օգնո՞ւմ են

Արթրիտի բուժման համար գոյություն ունեն ժողովրդական բժշկության բազմաթիվ բաղադրատոմսեր և խորհուրդներ: Սակայն ինքնաբուժմամբ չարժե զբաղվել, քանի որ յուրաքանչյուր մարդու մոտ օրգանիզմի գործառնությունը տարբեր է: Միևնույն ախտորոշման դեպքում բժիշկը կարող է նշանակել տարբեր բուժում` պայմանավորված պացիենտի տարիքի հետ, ալերգիկ ռեակցիաների առկայության հետ և այլն: Այդ իսկ պատճառով ժողովրդական բժշկության բաղադրատոմսերը կարող են ոչ թե օգնել, այլ նույնիսկ վատացնել պացիենտի վիճակը:

10. Ինչ չի կարելի անել արթրիտի դեպքում

 

«Արթրիտ» ախտորոշման դեպքում հիվանդներին չի հանձնարարվում ծանրություններ բարձրացնել, զբաղվել ակտիվ ֆիզկուլտուրայով: Նախընտրելի են ֆիզիկական թեթև ծանրաբեռնվածությունները, լողը:

Արթրիտի դեպքում հարկ է հետևել մարմնի քաշին, քանի որ ավելորդ կիլոգրամները հոդերի վրա մեծացնում են ծանրաբեռնվածությունը: Օրվա սննդակարգում հարկ է սահմանափակել մսի, ածխաջրատների, ալյուրից պատրաստված թխվածքների, շաքարի օգտագործումը: Ավելի շատ բանջարեղեն, մրգեր և կաթնամթերք օգտագործել: Արթրիտի դեպքում չի կարելի նաև թույլ տալ մրսածություն:

16.06.2017