«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Անօսմիա

Անօսմիա

Հոտառությունը բարդ գործընթաց է: Որևէ հոտի արոմատիկ մոլեկուլներն ընկալվում են հոտառական նյարդի ռեցեպտորների կողմից, ապա ազդանշանն ուղարկվում է գլխուղեղ: Իսկ գլխուղեղում մշակվում և որոշվում է տվյալ հոտի բնույթը:

 

Անօսմիան հոտառության մասնակի կամ լրիվ կորուստն է, որը զարգանում է հոտառական համակարգի խանգարման հետևանքով:

 

Ալերգիան կամ շնչառական վարակները կարող են առաջացնել հոտառության ժամանակավոր կորուստ: Ավելի ծանր վիճակ է առաջանում, երբ հոտառության կորուստը կապված է լինում նյարդային համակարգի խնդիրների հետ՝ գլխուղեղի ուռուցք կամ բնածին արատներ:

 

Պատճառները
Անօսմիան ինքնուրույն հիվանդություն չէ. այն որևէ պաթոլոգիկ վիճակի արտահայտություն է: Հիմնականում դա հոտառական նյարդի այս կամ այն պատճառով /վնասվածք (տրավմա), ինֆեկցիա, բնածին արատ/ ախտահարումն է:

 

Հիմնական պատճառներից են.

 

  • Քթի խոռոչի լորձաթաղանթի և ոսկրային հիմքի զարգացման ժառանգական արատներ
  • Քթի խոռոչի և սինուսների պոլիպներ
  • Րինիտ, սինուսիտ, հայմորիտ սուր և քրոնիկ շրջանում
  • Հաճախակի մրսածական հիվանդություններ
  • Գլխի վնասվածք, վիրահատության հետևանքով քթի խոռոչի կամ հոտառական նյարդի վնասում
  • Քթի միջնապատի կոտրվածք կամ ծռվածություն
  • Քթի խոռոչի, գլխուղեղի բարորակ կամ չարորակ նորագոյացություններ
  • Գլխուղեղի ինֆեկցիոն հիվանդություններ
  • Էպիլեպսիա
  • Ինսուլտ
  • Նյարդային համակարգի և գլխուղեղի ոչ ինֆեկցիոն ախտաբանություն /ցրված սկլերոզ, շիզոֆրենիա, Այցհեյմերի, Պարկինսոնի, Գենտինգտոնի հիվանդություններ/
  • Ծխելու չարաշահում
  • Օրգանիզմում վիտամինների և միկրոէլեմենտների պակաս, հորմոնալ խանգարումներ
  • Թունավոր նյութերի ազդեցություն
  • Հակաբիոտիկների /մեծ չափաբաժնով/, հակադեպրեսանտների, սրտային գլիկոզիդների երկարատև օգտագործում
  • ֆիզիոլոգիական յուրահատկություն /60 տարեկանից հետո հոտառությունը, տեսողությունը և լսողությունը բավականին նվազում են/:
  • ճառագայթային և քիմիոթերապիա օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ երկու շաբաթից երկար տևող անօսմիայի դեպքում պետք է դիմել մասնագետի:

 

Դասակարգում

 

  • Անօսմիա – հոտառության լրիվ կամ մասնակի կորուստ
  • Ֆանտօսմիա – հոտերի զգացողություն, որոնք չկան նորմայում կամ տվյալ պահին
  • Հիպօսմիա – հոտերի թույլ ընկալում
  • Պարօսմիա – հոտերի խեղաթյուրված ընկալում

 

Տարբերում են նաև բնածին /ժառանգական արատներ/ և ձեռքբերովի /արտաքին գործոնների ազդեցությամբ զարգացած/ անօսմիա:

 

Ձեռքբերովին լինում է՝ կենտրոնական, պերիֆերիկ և հաղորդիչ:

 

Կենտրոնականի դեպքում խանգարվում է նյարդային իմպուլսի հաղորդումը․ այն զարգանում է գլխուղեղի կամ ողնուղեղի բորբոքային հիվանդությունների, օնկոլոգիայի, գլխի վնասվածքներ (տրավմաների), էթմոիդիտի և այլ խնդիրների ժամանակ:

 

Հաղորդիչ ձևը հետևանք է հոտառական գրգիռը կոճղեզներին անցնելու խանգարման:

 

Պերիֆերիկը քթի խոռոչի խնդիրների հետևանքով է առաջանում: Այն լինում է էսենցիալ, ռեսպիրատոր, տարիքային և գործառութային (ֆունկցիոնալ):

 

Ախտորոշումը

 

Կարևոր են անամնեզը, հիվանդի զննումը, լաբորատոր-գործիքային հետազոտությունները:

 

Իրականացվում են՝ օլֆակտոմետրիա /հոտերի ընկալման թեստ/, ռենտգենոսկոպիա, րինոսկոպիա, ՄՌՏ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիա:

 

Կանխարգելում

 

  • Վիրուսային և բակտերիալ ինֆեկցիաների ժամանակին բուժում
  • Բնածին արատների վիրահատական շտկում
  • Ալերգիաների բուժում
  • Օրվա ռեժիմի և սնվելու կարգավորում
  • Վնասակար սովորությունների բացառում
  • Օրգանիզմի կոփում

 

Բուժումը

 

Բուժման կառուցվածքը կազմվում է կախված անօսմիայի պատճառից: Եթե պատճառը ինֆեկցիոն գործոնն է, նշանակվում են հակաբորբոքիչներ, հակավիրուսային, հակահիստամինային, դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ /վիտամինաթերապիա /Բ, Ա, Ց, ցինկ/ և արոմատիկ մարզումներ /արոմատիկ յուղերի հոտոտում/: Նշանակվում են նաև հորմոնալ նազալ ցողիչներ (սպրեյ): Վնասվածքի, ուռուցքների, բնածին արատների դեպքում իրականացվում է վիրահատական միջամտություն:

 

Ֆիզիոթերապևտիկ միջոցառումներից նշանակվում են էլեկտրոֆորեզ, ինհալացիաներ:

10.03.2023