«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Ինչո՞ւ ենք քրտնում

Ինչո՞ւ ենք քրտնում

Մարդու օրգանիզմը մշտապես գործունեության մեջ է, ամեն ակնթարթ այնտեղ ընթանում են բազում տարբեր պարզ և բարդ ռեակցիաներ և գործընթացներ: Դրանցից է քրտնարտադրությունը: Ի՞նչ է այն, ինչո՞ւ է անհրաժեշտ օրգանիզմին:


Ջերմակարգավորումը քրտնարտադրության հիմնական գործառույթն է: Հիպոթալամուսը պահպանում է մարմնի նորմալ ջերմաստիճանը միջինը 35,5 –ից մինչև 37 աստիճան և որսում է մաշկի ու ներքին օրգանների ռեցեպտորների ազդանշանները. եթե ցուրտ է, առաջացնում է դող և անոթների սպազմ, եթե շոգ է, միացնում է քրտնարտադրության մեխանիզմը: Մաշկը՝ պատվելով քրտինքի գոլորշով, սառեցնում է մարմնի մակերեսը և պաշտպանում նրան գերտաքացումից՝ սթրեսի, անբարենպաստ արտաքին պայմանների, սպորտի, կծու, ճարպոտ կամ կոֆեին պարունակող սննդի օգտագործման ժամանակ:


Ընդ որում, եթե խանգարված է քրտնարտադրությունը միայն մարմնի որևէ հատվածում, քրտինքը ելք է գտնում նրա այլ մասերից, և ջերմակարգավորման գործընթացը չի տուժում:


Օրգանիզմի մաքրում


Մաշկը մարդու արտազատման համակարգի օրգան է, և օրգանիզմը թունավոր /տոքսիկ/ նյութերից մաքրելու ճանապարհներից մեկը քրտնարտադրությունն է: Տոքսինների հեռացման հիմնական գործընթացը միզարտադրության համակարգի խնդիրն է, իսկ քրտինքը համարվում է օգնող գործոն: Եթե այն չգործի, դետոքսիկացիան կդանդաղի:


Ջրա-աղային հավասարակշռություն


Ջրա-աղային հավասարակշռության համար վտանգավոր է ուժեղ քրտնարտադրությունը, որը կարող է բերել ջրազրկման և աղային հավասարակշռության խանգարման:


Քրտինքի բացակայության դեպքում նկատելի փոփոխություններ չեն դիտվում. Ավելցուկային հեղուկը և աղերը հեռանում են արտազատման այլ օրգանների միջոցով:


Պաշտպանություն


Խառնվելով ճարպագեղձերի արտադրության հետ՝ քրտինքն առաջացնում է բարակ լիպիդային թաղանթ, որը մաշկը պաշտպանում է արտաքին ազդակներից: Բացի դա, ստեղծվում է թթու միջավայր, որը անբարենպաստ է մանրէների զարգացման համար:


Հմայչություն


Ֆերոմոնները, որոնք արտազատվում են քրտինքի հետ, առաջացնում են հորմոնալ ռեակցիա հակառակ սեռի մոտ՝ ազդելով հմայչության գնահատման վրա: Եթե քրտնարտադրությունը պակասում է, այս մեխանիզմի ակտիվությունը նվազում է:


Նորմա և պաթոլոգիա


Նորմա – Առողջ մարդու մոտ անգամ հանգստի և նորմալ ջերմաստիճանի պայմաններում օրվա ընթացքում արտադրվում է մոտ 500-700 մլ քրտինք: Բարձր ակտիվության, սթրեսի կամ բարձր ջերմաստիճանային պայմաններում այն կարող է հասնել մինչև 2-3 լիտրի:


Բարձր քրտնարտադրությունը նորմալ է սեռական հասունացման ժամանակ և կանանց մոտ՝ դաշտանադադարի շրջանում:


Պաթոլոգիա — Եթե չկան նշված պայմանները՝ շոգ և այլն, բայց քրտնում եք, դա կոչվում է հիպերհիդրոզ: Դա ինքնուրույն հիվանդություն չէ, այլ հետևանք որևէ հիվանդության կամ շեղման: Եթե դա արտահայտվում է որոշակի հատվածներում, հավանական է, որ այն անհատական յուրահատկություն է:


Եթե ուժեղ քրտնում է ամբողջ մարմինը, դա որևէ հիվանդության արտահայտություն է, հաճախ կապված ներզատական համակարգի հետ:


Հոտը


Նորմա —Վնասակար սովորությունների բացակայության և նորմալ սննդի դեպքում քրտինքը որևէ հոտ չի ունենում, քանի որ 99 տոկոսով կազմված է ջրից:


Հիմնականում ողջ մարմինը պատված է էպիկրինային գեղձերով, որոնք և՛ զովացնում են մաշկը, և՛ արտադրում առանց գույնի ու հոտի արտադրություն: Բայց կան նաև ապոկինային գեղձեր, որոնք հիմնականում տեղակայված են աճուկային շրջանում և թևատակերում:


Մանրէների առկայության դեպքում նրանց արտազատուկն ունենում է ուժեղ հոտ, հատկապես սեռական հասունացման ժամանակ: Այս խնդիրը մեղմանում է հիգիենիկ միջոցառումների և առողջ ապրելակերպի շնորհիվ:


Եթե հոտը կտրուկ ավելացել է կամ փոխվել, դարձել է թթու, հիշեցնում է ացետոնի, ձկան, քացախի հոտ և այլն, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, քանի որ դա կարող է լուրջ հիվանդության ախտանշան լինել:


Պաշտպանություն քրտինքից

 

  • Ամեն օր ցնցուղ ընդունել
  • Կրել համապատասխան հագուստ
  • Փորձել հանգստացնող միջոցառումներ – յոգա, շնչառական վարժություններ
  • Կարգավորել սննդի ռացիոնը. սուրճ պարունակող ըմպելիքները, կծու, համեմված
  • սնունդը ազդում են քրտինքի հոտի վրա:
  • Օգտագործել կոսմետիկ միջոցներ — հակաքրտինքային միջոցներ   /անտիպերսպիրանտ/   /վերացնում է մանրէները/ և դեզոդորներ /բլոկադայի են ենթարկում քրտինքի արտազատումը/
 

Երկար ժամանակ հակաքրտինքային միջոցները /անտիպերսպիրանտները/ չէին ընդունվում, որոշ հետազոտություններով կապ էր հայտնաբերվել դրանց օգտագործման և ջերմակարգավորման, նյութափոխանակության խանգարման, քաղցկեղի, Այցհեյմերի հիվանդության միջև: Վերջին հետազոտությունները նման կապը չեն հաստատել:

27.01.2023