Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Սպոնդիլոլիսթեզ
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է առաջացնել ողնաշարի ձևափոխում, ողնաշարային խողովակի նեղացում, նյարդարմատների սեղմում:
Այն հանդիսանում է դեռահասների մոտ գոտկային շրջանի ցավերի առավել տարածված պատճառը: Հիվանդությունը հաճախ զարգանում է այդ տարիքում, երբ օրգանիզմն ակտիվ աճի գործընթացում է: Դեգեներատիվ սպոնդիլոլիսթեզը հաճախ սկսվում է քառասուն տարեկանից հետո: Այն առկա է տղամարդկանց 5-6 տոկոսի և կանանց 2-3 տոկոսի մոտ:
Սովորաբար ախտաբանությունը դիտվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ կապված մասնագիտություն ունեցողների մոտ:
Պատճառները և տեսակները
Տարբերում են 5 հիմնական տեսակ.
- Դիսպլաստիկ, որի պատճառը ողնաշարի որևէ հատվածի /ֆասետային հոդեր/ ձևավորման բնածին արատն է:
- Իսթմիկ սպոնդիլոլիսթեզ, երբ առկա է ողնաշարի միջհոդային հատվածի արատ: Եթե արատն առանց տեղաշարժի /սահումի/ է, ապա դա սպոնդիլոլիզ է: Իսթմիկ սպոնդիլոլիսթեզը կարող է զարգանալ կրկնվող տրավմաների /վնասվածք/ հետևանքով և հաճախ հանդիպում է մարզիկների մոտ:
- Դեգեներատիվ, որն առաջանում է ողնաշարի հոդերում, աճառային հյուսվածքում՝ դեգեներատիվ փոփոխությունների հետևանքով: Հաճախ հանդիպում 50-ից բարձր տարիքի մարդկանց մոտ /հատկապես՝ 65-ից բարձր/: Կանանց մոտ հանդիպում է ավելի հաճախ՝ 3:1-ի հարաբերությամբ: Հիմնականում առաջանում է ողնաշարի գոտկային շրջանի երկու մակարդակում՝ L4-L5 և L3-L4: Երբեմն միաժամանակ լինում է նաև պարանոցային շրջանում:
- Տրավմատիկ /վնասվածքային/ -անմիջապես կապված է ողնաշարի վնասվածքի հետ:
- Պաթոլոգիական - ի հայտ է գալիս ոսկրային արատի հետևանքով, օրինակ, ուռուցքի:
Ըստ թեքվածության աստիճանի՝ տարբերում ենք հինգ աստիճան.
- Առաջին՝ թեքումը մինչև 25 տոկոս,
- Երկրորդ՝ 26-50 տոկոս,
- Երրորդ՝ 51-75 տոկոս,
- Չորրորդ՝ 76-100 տոկոս,
- Հինգերորդ, երբ մի ողը լրիվ դուրս է գալիս մյուս ողի սահմաններից։
Նպաստող գործոններն են ժառանգական նախատրամադրվածությունը, ողնաշարում առկա խնդիրները, ողնաշարի վնասվածքները, ծանրաբեռնվածությունը:
Ախտանշանները
- Ցավ գոտկատեղում կամ ոտքերում, որն ուժեղանում է ծանրաբեռնվածությունից:
Դիտվում է նաև շարժումների սահմանափակում:
Հաճախ գանգատվում են երկար կանգնելուց կամ քայլելուց հետո նստանյարդի ուղղությամբ ցավից, ոտքերում հոգնածության զգացողությունից: Նստած վիճակում ցավեր հիմնականում չեն լինում:
- Մկանների լարվածություն ազդրերի հետին շրջանում, մեջքի ստորին հատվածի ճկունության նվազում, ողնաշարն ուղղելիս՝ ցավ կամ տհաճության զգացում:
- Որոշ բուժառուներ նշում են ցավ, թմրածություն, ծակծկոց և թուլություն ոտքերում, որն հետևանք է նյարդարմատների սեղմման:
Ախտորոշումը
Սպոնդիլոլիսթեզը ախտորոշվում է ռենտգեն հետազոտությամբ: Կարող են իրականացվել նաև ՀՏ, ՄՌՏ:
Բուժումը
Բուժումը հիմնականում կոնսերվատիվ է՝ ողնաշարի բեռնաթափում, հանգիստ, բուժական մարզումներ, դեղորայքային բուժում, կորսեթների օգտագործում:
Վիրահատական միջամտություն արվում է 3-5-րդ աստիճանների դեպքում:


