Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Զարկերակային հիպերտենզիա
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/, որը հանդիպում է ախտանիշի 95 տոկոս դեպքերում: Ախտորոշումը դրվում է նրա երկրորդային բնույթը ժխտելուց հետո: Հիմնական մորֆոլոգիական խանգարումներն արտահայտվում են սրտում և անոթներում:
Հիպերտոնիկ հիվանդությունից բացի տարբերում են արտերիալ հիպերտենզիայի սիմպտոմատիկ ձևերը՝ երիկամային, էնդոկրին, նյարդաբանական: Արյան ճնշման բարձրացմանը կարող են նպաստել որոշակի դեղեր, հորմոնալ ֆոնի փոփոխությունը
հղիության ընթացքում, ուժեղ սթրեսը:
Զարկերակային ճնշման /ԶՃ/ ցուցանիշները /նորմայում 120/80 մմ. սնդ. սյուն/ փոփոխվում են օրվա ընթացքում: Դրանք կախված են անհատի անոթային համակարգի յուրահատկություններից, կյանքի բնույթից, տարիքից, ուղեկցող հիվանդության ծանրությունից:
Այդ պատճառով ցուցանիշները միշտ չեն համապատասխանում նորմային:
Ֆիզիկական ակտիվության, սթրեսային գործոնի դեպքում ևս դրանք բարձրանում են:
Երբեմն խոսքը սիրտ-անոթային համակարգի դիսֆունկցիայի մասին է, երբ համապատասխան պատասխան չի ձևավորվում անբարենպաստ ազդեցություններին:
Պետք է դիմել բժշկի, եթե մեկ ամսվա ընթացքում դիտվում է ԶՃ-ի կայուն բարձրացում սկսած 140-90 մմ. սնդ. սյունից, երբ կա նաև ցավ քունքերում, գլխապտույտ, սև կետեր աչքերի առաջ:
Զարկերակային գերճնշման ախտանշանները
Ախտանշանները մեծ մասամբ աննկատ են մնում, և բարձր ճնշումը հայտնաբերվում է չափելիս:
Բայց կարող են լինել նաև հետևյալ ախտանիշները.
- Ցավ գլխի տարբեր հատվածներում․ հաճախ նշում են ճնշող ցավ քունքերում,
- Դեմքի կարմրություն մազանոթների լայնացմամբ,
- Տաքության զգացում՝ դեպի գլուխ արյան հոսքով պայմանավորված,
- Գլխապտույտ, տեսողության վատացում, աղմուկ ականջներում։
Պատճառները
Գոյություն ունեն մի քանի պաթոլոգիական մեխանիզմներ.
- Մկանների կողմից մեծ քանակի թթվածնի յուրացման անհրաժեշտությունը ֆիզիկական ակտիվության ֆոնին: Սիրտն այդ ժամանակ աշխատում է ավելի ակտիվ՝ բավարար թթվածին հասցնելու համար:
- Սթրեսի ժամանակ մակերիկամներն արտադրում են մեծ քանակությամբ ադրենալին, որն առաջացնում է անոթների սպազմ և ԶՃ բարձացում:
- Ռենին ֆերմենտը և ալդոստերոն հորմոնը առաջացնում են անոթների նեղացում և բարձրացնում ԶՃ-ն: Այս մեխանիզմը բնորոշ է երիկամային ախտաբանությանը, թունավորումներին:
- Տարիքի հետ անոթի պատերը կորցնում են իրենց առաձգականությունը, որը թույլ չի տալիս օրգանիզմին հարմարվել տարբեր ինտենսիվության պուլսային ալիքներին:
Նպաստող գործոնները․
- Մկանային գերծանրաբեռնվածություն,
- Արտահայտված հուզական լարվածություն,
- Որոշ դեղերի երկարատև օգտագործում,
- Կոֆեին պարունակող մթերքի կանոնավոր օգտագործում,
- Երիկամների հիվանդություններ,
- Թոքային խնդիրները։
Ախտորոշումը
Անամնեզի մանրամասն հավաքում, ճնշման որոշում և գնահատում 24 ժամվա ընթացքում՝ օրվա մոնիթորինգ, արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն, էլեկտրասրտագրություն, սրտի և երիկամների ՈՒՁ հետազոտություն, հորմոնալ ֆոնի հետազոտություն:
Բուժումը
Բուժումը պետք է սկսել կյանքի ռեժիմը, սնունդը կարգավորելով: Սննդակարգում պետք է գերակշռեն մրգերը, բանջարեղենը, պետք է սահմանափակել ճարպոտ, արագ սնունդը, քչացնել աղի օգտագործումը, հետևել լիարժեք հանգստին, քնին, մարզվել:
Եթե երկու ամսում ոչինչ չի փոխվում, արդեն ախտորոշվում է հիպերտոնիկ հիվանդություն:
Այդ դեպքում ընտրվում է բուժման պլան, նշանակվում են հիպոտենզիվ դեղամիջոցներ, հետազոտությունների հիման վրա նշանակվում են նաև հիպոլիպիդեմիկ դեղեր /խոլեսթերինն իջեցնող/, մետաբոլիկ բուժում սրտի մկանների և անոթների ամրացման համար:


