Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Գինին և առողջությունը
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն: Եվ հարցին, թե պե՞տք է օգտագործել գինի և այն կօգնի՞ պահպանել առողջությունը՝ միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Դա կախված է տվյալ օրգանիզմի վիճակից և տվյալ անհատի ինքնավերահսկման աստիճանից:
Բացի գինու օգտակար քանակը ճշտելուց, շատ կարևոր է նաև նրա որակի խնդիրը: էժանագին, կասկածելի արտադրության գինին կարող է անգամ վնասակար լինել: Տեղին է հիշել Գյոթեի խոսքը. «Կյանքը չափազանց կարճ է՝ վատ գինի խմելու համար»:
Հին հույները գիտեին, որ գինին հիանալի հականեխիչ է, որն օգտակար է վիրավորներին և՛ խմելու, և՛ արտաքին օգտագործման համար: Իսկ խմելու ջրին մի փոքր գինի ավելացնելը ջրի հակավարակիչ լավագույն միջոցն է:
Եվրոպայում գինու օգտակարության մասին հայտնի դարձավ ավելի ուշ՝ վաղ միջնադարում, երբ այն օգտագործվում էր նաև ժանտախտի բուժման ժամանակ: Այն դեռևս չէր դիտվում որպես «գինու թերապիա», այլ լավ արդյունքը բացատրվում էր գինու մոգական հատկություններով:
Գինով բժշկությունը և գինու օգտագործումը բժշկական նպատակով անվանեցին էնոթերապիա: Այն մեծ տարածվածություն ստացավ հատկապես այնպիսի գինու արտադրությամբ զբաղվող երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան:
Հայտնի ֆրանսիացի միկրոբիոլոգ և քիմիկոս Լուի Պաստերը գինու մասին արտահայտվել է որպես «ամենաառողջ և ամենահիգիենիկ ըմպելիքի»:
Կարծիք կա, որ օրական մեկ բաժակ գինին օրգանիզմը հագեցնում է բոլոր անհրաժեշտ էլեմենտներով: Ֆրանսիայում ակտիվորեն օգտագործվում է Էյլոյի աղյուսակը, որը տեղեկատու է տարբեր հիվանդությունների ժամանակ գինու օգտագործման վերաբերյալ:
Գինին պարունակում է մեծ թվով միկրոէլեմենտներ (կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, յոդ, կոբալտ), վիտամիններ (C, B խմբի, PP և այլն), թթուներ, ալդեհիդներ, ավտոցիաններ՝ հակաբակտերիալ հատկությամբ, և այլ օգտակար նյութեր: Գինին չի զիջում, անգամ գերազանցում է հանքային ջրերին, նույնիսկ իր բնական ռադիոակտիվությամբ:
Մաքուր բնական գինին արդյունավետ պայքարում է սալմոնելայի, կոլիբակտերիայի դեմ, գինու մեջ ոչնչանում են մալարիայի, խոլերայի, տիֆի, տուբերկուլոզի և դիզինտերիայի հարուցիչները:
Անցյալ դարի 20-ական թվականներին Ղրիմում տարածված էր դիզինտերիան, և դեղորայքի պակասի պայմաններում հարյուրավոր կյանքեր փրկվեցին գինու շնորհիվ, որը կանոնավոր օգտագործվում էր ջրի հետ խառնած, 2/3 հարաբերակցությամբ:
Վաղուց հայտնի փաստ է, որ գինեգործական շրջանների բնակիչները մի քանի անգամ ավելի քիչ են ենթակա համավարակների:
Գինին իր հակաբակտերիալ հատկությունը պահպանում է նաև ջրի հետ խառնած` 1/1 հարաբերակցությամբ (հենց այդպիսի ըմպելիք է առաջարկում ներկայիս բժշկությունը համավարակների ժամանակ): Գինու հակավարակիչ հատկությունը պայմանավորված է ո՛չ միայն նրա մեջ առկա սպիրտով (ջրով բացված վիճակում սպիրտի քանակը գինու մեջ չափազանց քիչ է): Գիտնականների կարծիքով գինու օգտակար հատկությունները պայմանավորված են նրա մեջ պարունակվող դաբաղող նյութերի և գունանյութերի քայքայման արդյունքում առաջացող նյութերով:
Գինու օգտագործումն օգնում է նաև մրսածական հիվանդությունների, գրիպի, բրոնխիտի ժամանակ: Նման դեպքերում ժողովրդական հայտնի միջոց է գլինտվեյնը, որը տաք ըմպելիք է` պատրաստված կարմիր գինուց, համեմունքներից և այլ հավելումներից:
Գինին նաև բարձրացնում է օրգանիմի դիմադրողականությունը վարակների՝ գրիպի, հեպատիտ A-ի և այլ վարակների նկատմամբ:
Գինու հատկություններն օգնում են ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ: Կարմիր գինին հատկապես արդյունավետ է խոցերի, սպիների դեպքում: Կարմիր գինիներ խորհուրդ են տրվում օգտագործել սակավարյունությունների ժամանակ, պորտվեյնը՝ հյուծվածության դեպքում, վերմուտները, շամպայնը՝ փսխումների և տենդի ժամանակ:
Գինին նաև հիանալի միջոց է հիվանդությունների կանխարգելման համար:
Գինին կարելի է համարել երիտասարդության էլիքսիր: Իմաստուն բուրգունդցիները գինին անվանել են «ծերունիների կամ ծերության կաթ»:
Մաքուր գինին բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, վերականգնում է կենսական ուժերը, լավացնում նյութափոխանակությունը, կանխում է աթերոսկլերոզի զարգացումը, դանդաղեցնում է բջիջների ծերացումը, կանխում քաղցկեղային բջիջների աճը, իջեցնում արյան մեջ խոլեսթերինի մակարդակը: Կարմիր գինին, ասես, լվանում է անոթները:
Սպիտակ, հատկապես կիսաչոր գինիները բարձրացնում են անոթների էլաստիկությունը, կարգավորում սրտի գործունեությունը, իջեցնում թրոմբների, ինֆարկտի առաջացման վտանգը, իսկ շամպայնը լավացնում է թոքերի օդափոխությունը: Եվ, վերջապես, ցանկացած բնական գինի օրգանիզմը մաքրում է տոքսիններից և շլակներից:
Գինեգործությամբ զբաղվող շրջաններում նաև հայտնի է «միջերկրածովյան ֆենոմենը», այդ տարածքներում քիչ են հիվանդանում սիրտ-անոթային հիվանդություններով, ճարպակալմամբ, մարսողության խանգարումներով, հիպերտոնիայով, միներալ նյութերի շնորհիվ գինին նաև կանխում է կոտրվածքները և ոսկրային համակարգի հիվանդությունները:
Տարածված կարծիք կա, որ գինին բարձրացնում է զարկերակային ճնշումը, բայց դա ճիշտ չէ, ճնշումը կարող է բարձրանալ միայն միանգամից մոտավորապես 3 գավաթ գինի խմելու դեպքում:
Գինին տոնուսավորող է, հակասթրեսային, հակաալերգիկ, մանրէասպան, դիուրետիկ:
Ավելի գերադասելի է կարմիր գինու օգտագործումը, որի պատրաստման ժամանակ օգտագործվում է նաև խաղողի կեղևը:
Գինու օրվա քանակը պետք է որոշվի անհատական` հաշվի առնելով օրգանիզմի վիճակը: Միջին քանակը կանանց համար օրական 1-2 գավաթ չոր գինին է, տղամարդկանց համար՝ 3 գավաթը:
Որոշ սննդաբաններ խորհուրդ են տալիս գինին նոսրացնել ջրով`1/2 հարաբերակցությամբ և խմել օրվա ընթացքում ջրի, թեյի, սուրճի փոխարեն:
Նախքան գինիով թերապիա սկսելը անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Պետք է խմել գիտակցված, ինչպես ֆրանսիացիներն են ասում. «Գինին բուժում է բոլոր հիվանդությունները՝ ալկոհոլիզմից բացի»:


