«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Բուժական-ախտորոշիչ պաշարումներ

Բուժական-ախտորոշիչ պաշարումներ

Եթե գոտկային ցավերի դեպքում ոչ ստերոիդային հակաբորբոքիչները՝ իբուպրոֆեն և այլն, չեն օգնում, բժիշկը կարող է իրականացնել պաշարում (բլոկադա): Այդ միջամտության ժամանակ դեղորայքը ներմուծվում է անմիջապես ցավի շրջանում:  Դա տեղային փոքր անզգայացում է` անեսթեզիա:

 

Պաշարման համար օգտագործվում են, օրինակ, նովոկային, լիդոկային և այլ ցավազրկողներ, ինչպես նաև՝ գլյուկոկորտիկոիդներ (հորմոնալ դեղեր), որոնք ճնշում են բորբոքումը և ցավը: Անեսթետիկ և հորմոնալ պատրաստուկների զուգակցումն օգնում է առավել արտահայտված և երկարատև արդյունքի հասնել:

 

Պաշարումը ո՛չ միայն բուժական, այլ նաև ախտորոշիչ միջամտություն է: Նրա շնորհիվ հնարավոր է պարզել ցավի աղբյուրը: Երբեմն լինում են իրավիճակներ, երբ ցավի առկայության դեպքում հետազոտությունների արդյունքում ոչինչ չի բացահայտվում: Նման դեպքերում, եթե պաշարումից հետո ցավն անցնում է, ուրեմն պատճառը հենց այնտեղ է, որտեղ ներմուծվել է դեղը:

 

Պաշարում նշանակվում է ողնաշարի տարբեր ախտաբանությունների ժամանակ, երբ առկա է ուժեղ ցավ` շարժումների և զգացողության խանգարումով: Այդ ախտաբանություններից են՝ օստեոխոնդրոզը, միջողային ճողվածքները, սպոնդիլոարթրիտները, ռադիկուլիտները, պլեքսիտները, իշիասը և այլն:

 

Ինչպե՞ս է իրականացվում

 

Պաշարման ձևը, դեղորայքը, քանակը, ներարկման հաճախականությունը որոշելիս բժիշկը պետք է առաջնորդվի ցավի ինտենսիվության աստիճանով, բնույթով, առկա հիվանդության ընթացքով, նյարդաբանական ախտանշաններով, բուժառուի անհատական առանձնահատկություններով:

 

Եթե որոշվում է օգտագործել մեկ դեղ, պաշարումն անվանում են միակոմպոնենտ, մեկից ավելիի դեպքում՝ բազմակոմպոնենտ:

 

Երբեմն ցավազրկող դեղորայքին և հորմոնին զուգակցվում են վիտամիններ, ԱՏՖ, լիդազա և այլ պատրաստուկներ:

 

Դեղի ներմուծման տեղից ելնելով` տարբերում են հետևյալ պաշարումները:

 

  • Պարավերտեբրալ, որն ամենաշատ կիրառվողն է: Դեղորայքը ներմուծվում է ողնաշարին մոտ: Այն կարող է լինել ենթամաշկային, ներմաշկային, պերինևրալ, մկանային, արմատային, ողերի աղեղնաձև հոդերի մոտ:
  • Էպիդուրալ (պերիդուրալ), որի ժամանակ դեղը ներմուծվում է ողնաշարի խողովակից ներս՝ վերնոսկրի և ողնուղեղը պատող հաստ թաղանթի միջև: Այս դեպքում դեղը հասնում է նյարդարմատներին:
  • Միջկողային պաշարման ժամանակ դեղը ներարկվում է կրծոսկրի, ողնաշարի հարևան կողերի միջև կամ` կողքից:
  • Նստաներվի պաշարման ժամանակ դեղը ներմուծվում է սրբոսկրի շրջանում, որտեղով անցնում է նստաներվը, և որի ախտահարման ժամանակ առաջանում է իշիաս:
  • Որոշ իրավիճակներում կատարվում է գլխի ստորին թեք մկանի, թիակի մկանի պաշարումներ, ենթադելտայաձև պաշարում ՝ դեղը ներարկվում է դելտայաձև մկանի տակ՝ ուսահոդին մոտ:

 

Պաշարումն անվտանգ միջամտություն է, եթե այն իրականացնում է փորձառու բժիշկ և պահպանվում են բոլոր կանոնները:

 

Բարդություններ լինում են հազվադեպ` ոչ ճիշտ տեխնիկայի դեպքում.

 

  • եթե դեղը թափանցում է անոթից ներս, առաջանում է աղմուկ ականջներում, գլխապտույտ, սրտխառնոց, բուժառուն դառնում է գրգռված,
  • անոթը վնասելու դեպքում մաշկի վրա առաջանում է կապտուկ,
  • հականեխմանի կանոնների խախտման դեպքում կարող է վարակ անցնել և թարախակալել,
  • դեղորայքից կարող է լինել ալերգիկ ռեակցիա, ինչը երբեմն հնարավոր է կանխատեսել, երբեմն՝ ոչ,
  • ասեղը նյարդաթելին դիպչելու դեպքում կարող են առաջանալ շարժողական և զգացողական խանգարումներ,
  • դեղի չափից ավելի ներմուծումը կարող է սեղմել նյարդը:

 

Բլոկադան հակացուցված է դեղի նկատմամբ ալերգիայի դեպքում, այդ տեղում թարախային գործընթացի ժամանակ, սուր վարակային հիվանդությունների առկայության դեպքերում: Հարաբերական հակացուցումներն են՝ հոգեկան խնդիրները, նյարդային համակարգի պրոգրեսիվող հիվանդությունները, ներքին օրգանների ծանր ախտաբանությունները, հղիությունը, շաքարային դիաբետը:

 

Ողնաշարի պաշարման բուժական ազդեցությունը

 

Անզգայացնող դեղի ներմուծումից որոշ ժամանակ անց ցավը գրեթե անցնում է, կամ` թեթևանում, շարժումերը դառնում են ազատ:  Այդ արդյունքը պահպանվում է մի քանի ամիս:

01.06.2022