«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

21-րդ դարի հիվանդությունները

21-րդ դարի հիվանդությունները

Դարի զարգացած տեխնոլոգիաները հեշտացրել են կյանքը, բայց և իրենց հետ բերել են նախկինում անհայտ նոր հիվանդություններ, ինչպես նաև երիտասարդացրել են ծերունական հիվանդությունները: Այդ ամենի նպաստող հիմնական գործոններ են նաև նստակյաց կյանքը, անառողջ  սնունդը և քրոնիկ սթրեսը:

 

Մետաբոլիկ համախտանիշ

 

Ներկայում խնդիր է մետաբոլիկ համախատնիշը, որը 20-րդ դարում չէր հանդիպում:

 

Հիպոդինամիան (սակավ շարժունակություն), սննդում ճարպի և շաքարի չարաշահումը (հատկապես քաղցր գազավորված ըմպելիքներ, կոնֆետներ, թխվածքներ, սպիտակ հաց) օրգանիզմում առաջացնում է շաքարի փոխանակության խանգարում, որի հետևանքով ճարպի կուտակում է դիտվում իրանի շրջանում, ներքին օրգաններում, և, ի վերջո, զարգանում են սիրտ-անոթային հիվանդություններ և շաքարային դիաբետ:

 

Երկրորդ տիպի դիաբետ

 

Դեռ 30 տարի առաջ երկրորդ տիպի դիաբետը հանդիպում էր 50-60 տարեկանների մոտ: Այժմ այն երիտասարդացել է. հիվանդանում են 40 տարեկան, երբեմն ավելի երիտասարդ տարիքի մարդիկ: Պատճառը դարձյալ ճարպակալումն է և ոչ ակտիվ կյանքը:

 

Ծերերի հիվանդություն

 

Մեր ժամանակների խնդիրներից է նաև պուրինային փոխանակության խանգարումը և դրա հետևանքով զարգացող պոդագրան:

 

Նախկինում այն ծերունական հիվանդություն էր, իսկ ներկայում հանդիպում է նաև միջին և երիտասարդ տարիքում: Մասնագետները դա բացատրում են ճարպակալմամբ և անառողջ սննդի ընդունման հետևանքով առաջացած նյութափոխանակության խանգարմամբ:

 

Կարպալ թունելի համախտանիշ

 

Այս հիվանդությունը, սովորաբար, համակարգչային մկնիկի երկարատև օգտագործման հետևանք է:

 

Կարպալ թունելի համախտանիշը ձեռքերի հիվանդություն է, երբ դաստակի մակարդակում սեղմվում է միջին նյարդը, տուժում է նաև արյան շրջանառությունը: Այս վիճակն արտահայտվում է դաստակի թմրածությամբ, թուլությամբ, ավելի ուշ շրջանում՝ գիշերային ժամերին ցավային սպազմ: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է երիտասարդների շրջանում:

 

Կարճատեսության պանդեմիա

 

Այս հիվանդության ոչ գենետիկ պատճառը սխալ դիրքով և շատ մոտ տարածությամբ գաջեթների հետ աշխատանքն է, երբ աչքի մկանը գրեթե չի թուլանում, մինչդեռ անհրաժեշտ է, որ մշտապես փոխվի ֆոկուսային հեռավորությունը:

 

Պատճառներից է նաև էկրանի վրա մշտապես ինչ-որ բան կարդալը: Այդ ժամանակ աչքերը թարթելու տևողությունը դանդաղում է, ինչի հետևանքով զարգանում է համակարգչային տեսողական համախտանիշ, որը բնութագրվում է աչքի մկանի երկարատև ծանրաբեռնվածությամբ:

 

Բացասաբար են ազդում տեսողության վրա նաև էկրանի թրթռոցը և բնական լուսավորության պայմաններում շատ քիչ գտնվելը: Այդ ամենը հանգեցնում է կարճատեսության` նույնիսկ գենետիկ նախատրամադրվածություն չունեցողների մոտ:

 

Նևրոզներ

 

Կյանքի տեմպի արագացումը և մշտական տեղեկատվական ծանրաբեռնվածությունը շատերի մոտ առաջացրել են բարձր տագնապայնություն, ինչը նևրոզների պատճառ է դառնում: Այդ վիճակում գտնվում են գրեթե բոլորը: Նյարդային համակարգը գտնվում է մշտական լարվածության մեջ, որի հետևանքով զարգանում են հոգեմարմնական խանգարումներ, և, որ ավելի վտանգավոր է, երիտասարդների մոտ ուռուցքային հիվանդություններ:

 

Նևրոզները ներկայում հետևանք են նաև անկանխատեսելի կովիդ-համավարակի, դրա պատճառով` կենդանի շփման սահմանափակման, մեկուսացման, հատկապես դեռահասների մոտ:

07.03.2022