«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Ապաթիա, ուժերի անկում

Ապաթիա, ուժերի անկում

Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է, որն անվանում են ապաթիա:
Ուժերի անկումը շրջապատի կողմից բնութագրվում է որպես ծուլություն: Մինչդեռ դա կարող է քրոնիկ հոգնածության համախտանիշի (ՔՀՀ) առաջին ազդանշանը լինել: Հաճախ ապաթիան կապված է սխալ ապրելակերպի կամ հոգեբանական խնդիրների հետ: Բայց երբեմն այն օրգանիզմի լուրջ ախտաբանության նշան է:

 

Ախտանշանները.

 

•    Քնկոտություն,
•    աղմուկ ականջներում,
•    գրգռված վիճակ,
•    աչքերի առաջ սև կետեր,
•    ախորժակի վատացում,
•    թուլություն, մարմնի ջարդվածություն,
•    գլխացավ,
•    մրսկանություն,
•    անքնություն,
•    վերջույթների սառնություն,
•    զարկերակային ճնշման տատանումներ,
•    մաշկի գունատություն,
•    գլխապտույտի նոպաներ:

 

Ապաթիայի նշանները միշտ անհատական են, և նշված ախտանշաններից մի մասը կարող են չլինել. դրանց փոխարեն կարող են դիտվել այլ նշաններ, օրինակ, ջերմության բարձրացում:
Միշտ առկա է վատ տրամադրություն, դեպրեսիա, նվազում են աշխատունակությունը, ինտելեկտուալ ունակությունները, երբեմն լինում են ինքնասպանության մտքեր:

 

Պատճառները
Հաճախ ապաթիայի պատճառ է խիստ ծանրաբեռնվածությունը: Երկար ժամանակ փորձելով լուծել բոլոր խնդիրները, ի վերջո, մարդն իրեն սպառված է զգում և ընկնում ապաթիկ վիճակի մեջ:

Պատճառներն են.

 

1.    Ծանրաբեռնվածություն
Աշխատանքը, տնային գործերը, հարազատների խնդիրները, ավելորդ և մեծ քանակի տեղեկատվությունը, ամեն բան հասցնելու ճիգերը թուլացնում և հոգնեցնում են մարդուն, հյուծում օրգանիզմի էներգիան: Սակայն հանգստանալու փոխարեն շարունակվում է կյանքի նույն ռիթմը:  
2.    Քրոնիկ անքնություն
Երկարատև անքնությունը երկար ժամանակ կարող է որևէ խնդիր չառաջացնել, սակայն, ի վերջո, այն նկատելի է դառնում, հանգեցնում արտահայտված հոգնածության, քնկոտության, ուժերի անկման:
3.    Սխալ սնունդ
Վիտամինների պակասը կարող է լրջորեն խախտել կյանքի նորմալ վիճակը: Հատկապես նկատելի է В խմբի վիտամինների պակասը, որոնք նպաստում են օրգանիզմում օգտակար նյութերի և թթվածնի տեղափոխմանը:
4.    Դեղորայքի ընդունում
Որոշ դեղեր կարող են ապաթիա առաջացնել: Դրանք որոշ հակահիստամինային միջոցներն են, գերճնշման դեմ պատրաստուկները  (բետա-պաշարիչներ), հակադեպրեսանտներ, հորմոնալ միջոցներ և օրալ հակաբեղմնավորիչներ:
5.    Հոգեբանական գործոններ

 

Եթե մտքերն անվերջ զբաղված են (կոնֆլիկտներ, խնդիրներ), նույնիսկ երկարատև հանգիստը չի կարող վերականգնել էներգիայի պաշարը:

 

Խնդիրները կարող են կապված լինել շրջապատող մարդկանց, աշխատակիցների հետ, երբ մարդն իրեն ընդունված չի զգում նրանց կողմից, կորցնում է ինքնավստահությունը, ժամանակի ընթացքում դադարում հետևել իրեն: Նա կարող է սկսել ալկոհոլ կամ նարկոտիկներ օգտագործել:

 

Կարևոր գործոն է չսիրած կամ միօրինակ աշխատանքը:  Որոշ ժամանակ անց համբերությունն, ասես, սպառվում է և դիտվում են ապաթիայի նշաններ:

 

Ձգձգվող սթրեսը նույնպես կարող է հանգեցնել ապաթիայի:  Երբեմն սթրեսը դրդում է օրգանիզմին, բարձրացնում աշխատունակությունը, վճռականությունը: Բայց ձգձգվող սթրեսը քայքայիչ և հյուծող ազդեցություն է ունենում, որն էլ դառնում է ապաթիայի պատճառ:

 

Ապաթիայի են հանգեցնում նաև տարբեր կոնֆլիկտներն ընկերների, հարազատների, զուգընկերոջ հետ:

 

Ապաթիան կարող է նաև լուրջ հիվանդության ախտանիշ լինել.

 

•    վահանագեղձի դիսֆունկցիա,
•    կանանց մոտ հորմոնալ ֆոնի խախտում,
•    շաքարային դիաբետ,
•    սիրտ-անոթային հիվանդություններ,
•    ասթենիա` ծանր հիվանդություններից հետո (թոքաբորբ, գրիպ և այլն),
•    գլխուղեղի օրգանական ախտահարում (նեյրոինֆեկցիաներ, դեմենցիա, Ալցհեյմերի հիվանդություն),
•    հուզական այրման համախտանիշ. դիտվում է բժիշկների, սոցաշխատակիցների, ուսուցիչների, թղթակիցների մոտ՝ մարդկանց, որոնք նվիրված են իրենց աշխատանքին, և մշտապես բախվում են բացասական իրավիճակների հետ:

 

Ապաթիայի նշանների առկայության դեպքում պետք է դիմել մասնագետի:
Հետազոտություններից հետո ավելի պարզ կլինի հետագա մոտեցումը. հնարավոր է հոգեբանի կամ հոգեթերապևտի խորհրդատվության կարիք լինի:

25.11.2021